ՀՀ վերահսկիչ պալատի երեկ տարածած հաղորդագրությունում նշված է, թե 2010-ին իրենց իրականացրած վերահսկողության ընթացքում, ի թիվս այլ ուսումնական հաստատությունների, կատարվել է նաեւ Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի փաստաթղթերի ուսումնասիրություն, եւ ընդհանուր խախտումների համեմատությամբ, այդ համալսարանում «արձանագրվել են ամենաքիչ խախտումները»: Հիշեցնենք, որ տվյալ համալսարանի սեփականատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը 2010թ. նոյեմբերին ԱԺ-ում հայտարարեց, թե ՎՊ-ն քննադատել է այդ համալսարանն այն պատճառով, որ ինքը «հրաժարվել է բավարարել ստուգող խմբի ղեկավարի պահանջը՝ տալ $4000 կաշառք»: Եվ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը հաջորդ օրն իսկ դիմեց դատարան՝ հեղինակության եւ համբավի պաշտպանության պահանջով: Ըստ երեկվա հաղորդագրության՝ մինչեւ դատական նիստը, պատգամավոր Ս. Մելիքյանի հետ քննարկվել է խնդիրը եւ ճշտվել է, որ այն առաջացել է թյուրիմացության արդյունքում: Վեճը լուծված է, եւ, դրսեւորելով բարի կամք, կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, որը հաստատվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 25-ի վճռով: