Պատճառ, որն ընտանիք է քայքայում
Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում: Հատկապես ընտանեկան կյանքում կոնֆլիկտներ են լինում ամենատարբեր պատճառներով: Իսկ դրանց առաջացման ամենահզոր պատճառներից մեկը խանդն է:
Երբ մարդը ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, սկսում է զգուշանալ եւ վախենալ, որ կարող է զրկվել նրանից, ինչն իրեն բաժին է հասել, կապ չունի՝ դժվարությամբ, թե հեշտորեն: Չնայած դժվարությամբ բաժին հասածի դեպքում ավելի բարդ է լինում: Հոգեբաններն ասում են, որ գոյություն ունի կապվածության տեսություն, որն էլ նկարագրում է մեկ ուրիշ մարդու հետ ուժեղ կապվածության երեք տեսակ: Դրանցից է հանգիստ կապվածությունը, որը ենթադրում է ինքնավստահության, սեփական արժանապատվության եւ զուգընկերոջ հետ սիրային հարաբերություններից ստացած բավականության ու բավարարվածության աճ: Մտահոգված կապվածություն, որը ենթադրում է իր եւ զուգընկերոջ նկատմամբ անհանգիստ եւ անհամարժեք վերաբերմունք: Երրորդն էլ այն է, որ այն զուգընկերները, որոնց համար բնութագրական է խուսափման նրբերանգը, ջանում են ձեռնպահ մնալ չափազանց ուժեղ հուզական կապվածությունից, ինչը մարդուն դարձնում է խոցելի:
Վախը եւ սեփականատիրական զգացմունքները կարող են լինել սիրային հարաբերությունների բաղկացուցիչ մաս: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է, որ սիրելին իրեն պատասխանի փոխադարձությամբ եւ սիրի միայն իրեն: Հաճախ նույնիսկ վախենում ենք մերժում ստանալ սիրելի մարդուց, իսկ առավել շատ վախենում ենք կորցնել նրա սերը՝ ինչ-որ մեկի պատճառով:
Անգամ այն դեպքում, եթե զուգընկերն ինքն է հորինում կամ ստեղծում հանգամանքները, որոնք արտահայտում են մյուս զուգընկերոջ` մի երրորդ անձի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին, ի հայտ է գալիս խանդը:
Խանդ գոյություն ունի ցանկացած տեսակի մարդկային հարաբերություններում եւ պատկանում է այն խնդիրների թվին, որոնք զուգընկերները պետք է քննարկեն բացահայտ: Խանդը երբեմն դուրս է գալիս վերահսկողությունից, եւ ի հայտ է գալիս սեփականատիրության զգացումը, ինչն էլ շատ վտանգավոր է: Դա տեղի է ունենում հատկապես մտահոգված կապվածության դեպքում: Հաճախ խանդոտ մարդիկ ի վիճակի չեն լինում փոխել իրենց վարքը ու զուգընկերոջ հանդեպ տածած զգացմունքներով տարվածությունը, ըստ նրանց, արդարացված է:
Ամուսինները իրենց գրեթե ամբողջ ազատ ժամանակը միասին են անցկացնում, ինչը մի կողմից փոքրացնում է խանդելու հնարավորությունը, մյուս կողմից ավելի բարդացնում խնդիրը, եթե խանդ, այնուամենայնիվ, առկա է, քանի որ ամուսիններից նա, ում խանդում են, պարզապես ստիպված է անընդհատ լսել կասկածանք եւ մեղադրանք արտահայտող խոսքեր. ընդ որում՝ նա չի կարող հենց այնպես թողնել եւ հեռանալ: Այդ է պատճառը, որ ամուսնական զույգի խանդը առաջնային պատճառներից է, որը քայքայում է ընտանիքը: Բայց երբ զուգընկերը անհիմն խանդ է դրսեւորում, երբեք մի փորձեք արդարանալ ի պատասխան անհիմն կասկածների: Խանդի հետ կապված խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունեք: Մի բավարարվեք ժամանակավոր զինադադարով: Խանդը երբեմն այն մասին է վկայում, որ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնց չպետք է նայել մատների արանքով: Զուգընկերոջ հանդեպ վերաբերմունքում մի առաջնորդվեք խղճահարությամբ: Եթե ձեր զուգընկերոջ խանդը եւ սեփականատիրության զգացումը անհաղթահարելի են, դա նշանակում է, որ տվյալ փոխհարաբերությունները այլեւս ձեզ թույլ չեն տա լիակատար խաղաղություն զգալ: Զուգընկերոջը շատ սիրելու դեպքում էլ, այնուամենայնիվ, մտածեք՝ կա՞ հարաբերությունների հետագա պահպանման հնարավորություն. խորհուրդ են տալիս մասնագետները: