Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոն-X» եւ հովանավորների պակաս

Մարտ 22,2011 00:00

Փառատոնի կազմակերպիչները առողջ բանավեճեր են ակնկալում

ՀՀ մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ մարտի 21-ից ապրիլի 28-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում կանցկացվի «Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը:
Ըստ փառատոնի նախագահ Արա Խզմալյանի, այս տարի փառատոնին մասնակցում են 31 թատրոններ եւ թատերախմբեր Հայաստանից եւ Ղարաբաղից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ «Թատրոն-X 2011»-ի «ներկապնակը» հարուստ է. «Այստեղ ներկայացված են ե՛ւ պրոֆեսիոնալ, ե՛ւ ոչ պրոֆեսիոնալ խմբեր, որոնք կիրառում են տարբեր ժանրեր, մինչեւ անգամ փորձարարական ժանրեր»:
Ա. Խզմալյանը ընդգծեց, որ ընդունված ձեւաչափի համաձայն, յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի են ունենալու հանրային քննարկումներ:
Ռ. Բաբայանի խոսքով, «Թատրոն-X»-ը միակն է, որի շրջանակներում տեղի են ունենում քննարկումներ. «Փառատոնի շրջանակներում մտածել ենք այդ քննարկումների արդյունքները հետո առանձին ժողովածուով հրատարակել»:
Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ փառատոնի կարեւորագույն խնդիրներից մեկը երկխոսությունն է. «Վերջին շրջանում մարդիկ ավելի խիզախ են դարձել խոսելու մեջ, ազատ են, որի շնորհիվ մենք կլուծենք երկխոսության խնդիրը: Ընդհանրապես մշակույթի մեջ արդյունքները այդքան էլ արագ չեն զգացվում, բայց դրանք կան: Հաճախակի հանդիպում ենք այնպիսի երեւույթի, երբ քննադատությունը առաջին հայացքից չի ընդունվում, եւ արվեստագետը ընդվզում է: Բայց որեւէ քննադատություն հենց այնպես չի անցնում: Եթե ես օրորոցում խեղդեմ քննադատությունը, դա չի ապահովի իմ հետագա զարգացումը»:
Փառատոնի նախագահի փոխանցմամբ, այս տարի փառատոնն ունի հատուկ ընտրված կարգախոս՝ «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն»:
Ռ. Բաբայանն անհանգստացած էր փառատոնի աջակիցների պակասով: Ըստ նրա, շատ կուզենար այս փառատոնի ծրագրի վերջում էլ լիներ աջակիցների մեծ ցանկ. «Երբ մեկնում ենք տարբեր միջազգային փառատոների, միշտ ցավով ու նախանձով եմ նայում այդ փառատոների հրատարակած բուկլետներում նշված հովանավորների հոծ ցանկին: Շատ լավ է, որ պետությունն աջակցում է մեզ, բայց որեւէ փառատոն չի կարող զարգանալ, եթե չունենա հովանավորներ: Հարցը միայն գումարը չէ, այլ հասկացողությունը եւ հասարակության համար մշակույթի անհրաժեշտությունը: Գուցե կոպիտ թվա զուգահեռս, բայց մշակույթը ատամի մածուկ է, իսկ հասարակությունը ատամներն են: Եվ եթե մենք չենք օգտագործում այդ մածուկը, ուրեմն չպետք է բողոքենք, որ մեր ատամները հիվանդ են կարիեսով»:
Նշենք, որ այս տարի փառատոնում լինելու են մրցանակներ:
Փառատոնը երեկ բացվեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ Գրիգոր Խաչատրյանի բեմադրած «Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի» ներկայացմամբ՝ ըստ Խուան Խոսե Ալոնսո Միլիանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել