Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՄԱ ՎԱՅԵԼԵՔ ՃՈՒՏԸ՝ ՖՐԻՈՎ»

Մարտ 22,2011 00:00

Հարսանիքներին այս ճաշատեսակը ներկայացնելիս թամադաներն իրենց անվտանգության համար նախ պետք է ճշտեն՝ «Ճուտ» մականունով հարսանքավոր կա՞:

«Այս փոքր բաժակով, բայց մեծ սրտով խմենք մեր զույգ ծաղիկների կենացը, մի բարձի ծերանաք, յոթ որդով սեղան նստեք, մեր սիրուն հարս, ջահել փեսա, հարսանիքներդ բարով տեսա, ձեր նոր կյանքի մուրա՛զն է սա…»: Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, թամադայի ծառայությունների շուկան Հայաստանում վերջին տարիներին բավականին զարգացել է, եւ քչերը կգտնվեն, որ իրենց հարսանիքներին թամադայի «պաշտոնը» կվստահեն իրենց ազգի ամենամեծին ու այսպիսի ոտանավոր-կենացներով կուզենան քնացնել հարսանքավորներին: Ընդհանուր առմամբ, մեր երկրում 40-45 թամադա կա:
Գրիգոր Գալստյանն արդեն 6 տարի է, ինչ հարսանիքներին պրոֆեսիոնալ թամադայի ծառայություններ է մատուցում: Ասում են՝ էլ ինչ թամադա, որ գոնե մեկ անգամ հարսանիքների ժամանակ ծեծ կերած չլինի: Գրիգորի խոսքերով՝ «ուրեմն ես թամադա չեմ, որովհետեւ այս տարիների ընթացքում ծեծ չեմ կերել: Ինքս դատական հոգեբան եմ, ու գիտեմ ոնց վարվել հարսանիքին իրեն վատ պահող, խմած մարդու հետ: Երբ ողջունում ես նրա քայլերը, հրավիրում բեմ, մի քիչ ծափահարում են, ուշադրություն են դարձնում, իրեն կարգի է հրավիրում, իսկ եթե գինովցած մարդուն նախատես, նա իրեն միանգամայն ագրեսիվ կպահի ու ամեն ինչ կխառնի իրար, ճիշտ մոտեցում է պետք»: Գրիգորը ծեծ չի կերել, բայց հարսանիքների ժամանակ տարբեր միջադեպերի ականատես է եղել: Նա մի զվարճալի դեպք պատմեց, կախված այն սովորույթի հետ, որ փեսայի ընկերները փեսային գրկում, դնում են ուսերին ու ման են տալիս, իսկ հարսին էլ՝ աթոռով են բարձրացնում ու պարացնում. «Հարսանիքներից մեկի ժամանակ փեսայի ընկերներն այնքան էին խմել, որ չէին հասկանում՝ ինչ են անում: Ես նկատեցի, որ փեսայի ընկերներից մեկը, ինչպես որ փեսային են գլուխը ոտքերի արանքից մտցրել ու նրան բարձրացրել, ուզում էր այդպես էլ հարսի ոտքերի արանքից իր գլուխը մտցներ ու նրան դներ ուսերին, մենք մի քիչ սթափ հարսանքավորների հետ հազիվ կարողացանք նրա ձեռքից բռնել ու համոզել, որ հրաժարվի այդ մտքից: Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե փեսան դա տեսներ, հաստատ իրար կսպանեին»:
Որքան էլ փորձառու լինի հանդիսավարը, հայերն այնքան տաք ու կռվարար ժողովուրդ են, որ թամադայի ամենաանմեղ խոսքից կարող են կռիվ սարքել. «Յուրաքանչյուր հարսանիք վտանգավոր է յուրովի: Շատ հաճախ հարսանիքների երկրորդ ճաշատեսակը լինում է ճուտ՝ ֆրիով: Մենք սովորաբար հայտարարում ենք, որ, օրինակ՝ գեղեցիկ երաժշտության ներքո վայելեք համեղ ճուտը, ու հանկարծ էնտեղ մի խմած «Ճուտ» մականունով երիտասարդ է լինում ու կռիվը պատրաստ է՝ թե ուրեմն ասում ես, որ ի՞նձ վայելեն, դե արի տեսնեմ: Կռիվ ամեն ինչից էլ կարող է լինել»:
Գրիգորի պատմելով՝ եղել է դեպք, երբ հարսն ու փեսան թամադայի առաջ տարօրինակ պայմաններ են դրել, խնդրել են հարսանքավորների աչքի առաջ իրենց «բլից հարցեր» տալ, ասենք՝ փեսային հարցնել, թե ինչ մուրաբա է սիրում հարսը, հարսին հարցնել, թե ինչ ծխախոտ է ծխում իր ապագա ամուսինը եւ այլն. «Դա հեռուստացույցով էին դիտել ու ուզում էին կիրառել. հարսանքավորները, բոլորը հարբած, սկսեցին նման հարցեր տալ նորապսակներից յուրաքանչյուրին եւ պատկերացրեք՝ բանը հասավ նրան, որ հարց-պատասխանի ժամանակ ներքնազգեստից սկսած մինչեւ խայտառակ բաներ հարցնում էին»:
Գյուղերում դեռ մնացել է այն սովորությունը, երբ նորապսակները տորթը «ծեփում» են իրար երեսի, դեռ շաբաշ են տալիս եւ այլն. «Կան բաներ, որոնց թամադան չի կարող խառնվել, իրենց հարսանիքն է, մարդիկ ոնց ուզում՝ անցկացնում են: Ինչքան էլ բացատրես, որ սալյուտը պետք չի խփել տորթի վրա, որովհետեւ տորթն էլ ուտել չի լինում էդ փայլերից, մեկ է՝ խփում են: Որովհետեւ միշտ գտնվում է մի մարդ, որ մի տեղից գտնում է մի հատ սալյուտ ու գալիս ուղիղ տորթի վրա խփում է ու վերջ: Կան բաներ, որ ծրագրով չես կարող անել»:
Հարսանեկան տորթը կտրելու հաճելի արարողության հետ կապված վերջերս մի նորամուծություն է հայտնվել. հարսանեկան տորթի այն կլոր ու ամենալավ հատվածը աճուրդով վաճառում են հրավիրվածներին, իսկ գումարը տալիս նորապսակներին: Գրիգորը հիշում է, որ մի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանեկան հանդիսությունը վարելու ժամանակ 1 կտոր հարսանեկան տորթը վաճառվել է 20 հազար եվրոյով:
Ըստ Գրիգոր Գալստյանի, մեր երկրում թամադաներին կարելի է բաժանել 2 խմբի. թամադաներ, որոնք բոլոր հարսանիքներին գնում են միեւնույն տեքստով, միայն հարսի-փեսայի անուններն են փոխում, եւ թամադաներ, որոնք յուրաքանչյուր հարսանիքի նոր մոտեցում են ցույց տալիս, դա արդեն խոսում է թամադայի որակի մասին. «Թամադան մեծ աշխատանք պետք է տանի, զրուցի հարսի, փեսայի, բոլոր մոտ հարազատների հետ, նրանց ճանաչի, տեղում շատ իմպրովիզներ անի՝ կախված, թե ինչ մասսա է հավաքվել: Պատկերացրեք, հանդիսություն ես վարում ու, լինում է, որ մասնակիցներից մեկը երկրորդ անգամ է օգտվում նույն թամադայի ծառայություններից ու լրիվ նույն անգիր արած բանը պիտի լսի, այդ թամադայի «կլասն» ինքնըստինքյան ընկնում է»: Գրիգորը «ծաղկացնում» է ոչ միայն հայկական հարսանիքները, այլեւ՝ վրացական ու ռուսական: Ասում է, որ այդ երեք երկրների հարսանիքներն ու կենացները շատ տարբեր են, տարբեր են նաեւ գները. «Ռուսաստանում սկսվում է 50 հազար դրամից: Եթե Հայաստանում 40 հազար դրամանոց ծրագիր անենք, այդ նույնը Ռուսաստանում 150 հազար դրամ է: Վրաստանում Հայաստանից մի քիչ թանկ ենք վերցնում: Էնտեղ այդքան էլ հակված չեն թամադա վարձելու, որովհետեւ հիմնականում իրենց ցեղի մեծերն են վարում հարսանիքները»: Մեր հարցին՝ իսկ գինը որոշելու մեջ կապ ունի՞, թե ովքեր են հարսանիք անողները, Գրիգորը պատասխանեց. «Դե, մի աչքով էլ ոնց որ ասած դա ենք նայում, բայց օդից գին չենք կրակում, մի 50 հազարի տարբերություն է լինում: Թամադաներ կան, որ սիրում են կլպել: Այսօր մի հատ սերիալում երկրորդական դեր կատարած մարդն ավելի շատ փող է ուզում թամադայության համար, իբր ինքն արդեն հայտնի է, քան երկար տարիներ շոուներ վարող մարդը»:
Պարզվում է, թամադայի գինը որոշում են հարսանքավորների քանակով: Մեր հարցին՝ հո ուտելի՞ք չի, ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ քանի հոգի կխմեն ձեր առաջարկած կենացը՝ Գրիգորը պատասխանեց.«Պատկերացրեք, ո՞րն է ավելի հեշտ՝ 70 հոգու զբաղեցնել ու կառավարե՞լ, թե՞ մի 300 հարբած հարսանքավորների: Միայն տեքստով ու կենացով հո չի: Մարդկանց չպետք է թողնել, որ կենտրոնանան բացասական բաների վրա: Երբ մարդիկ մի քանի բաժակ խմում են, արդեն ամեն ինչից կարող են կռիվ սարքել»: Գրիգորն այս տարիների ընթացքում արդեն անթիվ հարսանիքների է մասնակցել եւ գտնում է, որ, ի տարբերություն մեր հարեւան վրացիների, հայերը շա՜տ կռվարար են. «Վրաստանում երբ թամադան խոսում է, կոպիտ ասած՝ մեկը մեկի բերանն է փակում, որ սուս մնան ու լսեն թամադային, մեզ մոտ մի քանի բաժակ խմելուց հետո արդեն հարս ու փեսային են մոռանում, մնաց՝ թամադային: Ռուսաստանում ասում են՝ գիտե՞ք ինչի են հայերն էդքան ուշ հարբում, որովհետեւ էնքան եք խոսում, որ օղին ցնդում է, անընդհատ կենացներ եք ասում, իսկ իրենց մոտ հիմնականում ազատ, ժամանցային խաղեր ենք կազմակերպում, կենացներն ընդամենը ընդմիջում են խաղը, շուտ խմում են ու անցնում խաղին: Վրաստանում կարգուկանոնը ավելի մեծ է, էնտեղ սեղանապետին ուրիշ ձեւ են վերաբերվում: Մեզ մոտ ուտուշ-խմուշի վրա է շեշտը դրված»: Ինչ վերաբերում է այդ երեք երկրների կենացների տարբերությանը, հայկական հարսանիքներին մի քանի պարտադիր կենացներ կան՝ դա բարով տեսանքն է, քավորի կենացը, ծնողների, նորապսակների. «Եթե մենք ընդհանուր խմում ենք հորեղբայրների, քեռիների, մորաքույր-հորաքույրների կենացը, Վրաստանում ազգին մեծ ուշադրություն են դարձնում ու բոլորի կենացը խմում են հատ-հատ: Եթե հարսը 7 հորեղբայր ունենա՝ բոլորի համար էլ խմում են առանձին կենաց: Մի շատ գեղեցիկ սովորույթ էլ ունեն վրացիները: Պատվավոր հյուրի կենացը խմում են երկու բաժակով: Մի բաժակով խմում են, երկրորդով հաստատում են այդ կենացը: Քանի որ մենք թիթիզ ազգ ենք, մենք էլ հետ չմնալու համար այդ ժամանակ երեք բաժակով էինք խմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել