Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյա՞նը, թե՞ Կարլսենը

Մարտ 22,2011 00:00

Մոնակոյում ընթացող «Amber Chess Tournament» 20-րդ մրցաշարի հաղթողին որոշելու համար մնում է ընդամենը երեք օր:
Աշխարհի 12 լավագույն շախմատիստները երեկ հանգստանում էին երկրորդ եւ վերջին անգամ: Իսկ դրա նախորդ օրը նրանք հանդիպեցին ութերորդ տուրում, որտեղ կենտրոնականն աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդների մրցամարտի մասնակից Լեւոն Արոնյանի միջեւ ծավալված պայքարն էր: «Կույր» շախմատում հայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով  պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ կարճ ժամանակ անց արդեն «արագ» շախմատում պարտության մատնեց նրան: Նույնպիսի առավելությամբ բուլղարացի Վեսելին Տոպալովին հաղթեց «Amber»-ում Լեւոնի գլխավոր մրցակիցը՝ Մագնուս Կարլսենը: Հայ եւ նորվեգացի գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում միավորների բավականաչափ հավելյալ պաշար են կուտակել, եւ ամեն ինչ տանում է նրան, որ հենց նրանց միջեւ արդեն հեռակա մրցակցությունում կորոշվի այս գերմրցաշարի վերջին հաղթողի անունը:
Ութ տուրից հետո գումարային մրցաշարային աղյուսակում շախմատիստները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Լեւոն Արոնյան՝ 11,5 միավոր, Մագնուս Կարլսեն՝ 11,0, Վիշվանաթան Անանդ՝ 8,5, Վասիլի Իվանչուկ՝ 8,5, Ալեքսանդր Գրիշչուկ՝ 8,0, Վուղար Հաշիմով՝ 8,0, Հիկարու Նակամուրա՝ 7,5, Վեսելին Տոպալով՝ 7,5, Բորիս Գելֆանդ՝ 7,0, Սերգեյ Կարյակին՝ 7,0, Անիշ Գիրի՝ 6,0, Վլադիմիր Կրամնիկ՝ 5,5:
 Այսօր Արոնյանը խաղում է մրցաշարում չափազանց վատ հանդես եկող Կրամնիկի, իսկ Կարլսենը՝ Անանդի հետ: Թե ի՞նչ հաշիվներ կգրանցվեն, հնարավոր է «Amber Chess Tournament» գերմրցաշարի հաղթողի անունը հայտնի դառնա ժամանակից շուտ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել