Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գրիգորյան. «Ապագան պատանիներինն է»

Մարտ 22,2011 00:00

Մեկ տարի առաջ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Լեւոն Գրիգորյանը

– Որքան տեղյակ ենք, Դուք սեղանի թենիսիստ չեք եւ անգամ մարզական կոչում չունեք:
– Այո, սեղանի թենիսով զբաղվել եւ հիմա էլ զբաղվում եմ սիրողական մակարդակով: Իսկ ֆեդերացիայի ղեկն ստանձնել եմ, որովհետեւ սիրում եմ մարզաձեւը, միշտ էլ հետաքրքրվել եմ խնդիրներով եւ կարծում եմ, որ կարող եմ օգուտ տալ:
– Ի՞նչ վիճակում ընդունեցիք մարզաձեւի ֆեդերացիան:
– Հիմնականում հոգսեր են: Հայաստանում սեղանի թենիսի վիճակը, համեմատած այլ երկրների հետ, անմխիթար է: Ու, ցավոք, այն դեպքում, երբ դեռ խորհրդային տարիներին մարզաձեւն ամենատարածվածներից է եղել թե մասսայականության, թե վարպետության մակարդակի առումով: Հազվադեպ երեւույթ կարելի է համարել, երբ Խորհրդային Միության հավաքականի թե գլխավոր մարզիչն է հայ եղել, թե հավաքականի հիսուն տոկոսը: Իսկ այդպիսի ժամանակներ եղել են:
– Որո՞նք են եղել Ձեր՝ որպես ֆեդերացիայի նախագահի առաջին քայլերը:
– Ես ֆեդերացիա եկա որոշակի ծրագրերով: Հետո, երբ արդեն ներսից էլ ուսումնասիրեցի խնդիրները, մարզիչների ու մասնագետների մեծ մասի հետ քննարկումներ անցկացնելով եւ խորհրդակցելով՝ միասին եկանք այն հետեւության, որ անհրաժեշտ է զարկ տալ թենիսը պատանիների (կադետների) շրջանում զարգացնելուն, իհարկե, չանտեսելով մեծահասակներին ու երիտասարդներին: Գուցե շատերի սրտով չլինի, բայց հարկադրված ենք ընդունել, որ մեր մեծահասակների թիմերը շատ են ետ մնում այդ տարիքային խմբի Եվրոպայի, առավել եւս՝ աշխարհի երկրների ընտրանիներից: Հայտնի է, որ երկար տարիներ աշխարհում անվիճելի առաջատարը Չինաստանն է: Չինացիներն են տոն տալիս նաեւ Եվրոպայում, քանի որ եվրոպական շատ երկրներում հավաքականների մեծ մասը համալրված է չինացիներով: Օրինակ, անցած տարի Մոսկվայում կայացած աշխարհի թիմային առաջնությունում Հոլանդիայի, Լեհաստանի, անգամ՝ Թուրքիայի հավաքականներում գերիշխում էին չինացիները: Իսկ նրանց դեմ եվրոպացիներն անգամ չեն կարող պայքարել, առավել եւս՝ մենք: Հենց այս պատճառով ենք որոշել դեմքով շրջվել դեպի կրտսեր կադետները (մինչեւ 12 տարեկաններ), որպեսզի գոնե մի հինգ-վեց տարի հետո միջազգային մակարդակներին շատ թե քիչ մոտ գտնվող մարզիկներ ունենանք:
– Դրա համար տեղում համապատասխան որակի մարզումներ պետք է ապահովել եւ միջազգային մրցումների հնարավորին չափ շատ մասնակցել:
– Մարզումների որակը բարձրացնելու ուղղությամբ առաջին քայլն արել ենք: Մեր եւ ՀԱՕԿ-ի հրավերով Հայաստան է ժամանել եւ մարզիչների հետ սեմինար պարապմունքներ անցկացրել աշխարհի լավագույն մասնագետներից մեկը՝ սլովենացի Պոլանա Սյուզանը, որը միջազգային ֆեդերացիայում Եվրոպայի համակարգողն է: Արդյունքում քսանչորս մարզիչ համապատասխան հավաստագիր է ստացել: Ես հանդիպում եմ խնդրել միջազգային ֆեդերացիայի նախագահ Ադամ Շարարայի հետ, եւ նա խոստացել է, որ դա կլինի մայիսին՝ աշխարհի անհատական առաջնության օրերին: Ես նրան կոնկրետ շատ առաջարկներ ունեմ անելու Հայաստանում սեղանի թենիսի զարգացմանն աջակցելու համար:
Ինչ վերաբերում է միջազգային մրցումներին, մեր հավաքականները փոփոխական հաջողություններով մասնակցել են: Բայց եթե դրական տեղաշարժ եղել է, միայն միջին եւ ստորին հորիզոնականներում, ինչը, եկեք ընդունենք, թեեւ ուրախացնում է, բայց չի բավարարում: Երբ ընտրվեցի ֆեդերացիայի նախագահ, զարմանքով տեղեկացա, որ մեր կանանց հավաքականը շուրջ տասը տարի աշխարհի առաջնության չի մասնակցել: Անցած տարի նրանց էլ Մոսկվա տանելու հնարավորություն կարողացա ստեղծել, թեեւ ֆեդերացիայի տարվա միջոցառումների պլանով նախատեսված չէր: Եվ պատկերացրեք, որ երրորդ դիվիզիոնում երեք հոգիանոց մեր աղջիկների թիմը 24 հավաքականների մեջ գրավեց յոթերորդ տեղը, իսկ համաշխարհային դասակարգման ցուցակում 72-րդից բարձրացավ 55-րդ հորիզոնական: Ճիշտն ասած, նաեւ երկրորդ դիվիզիոն բարձրանալու լավ շանս էլ կար: Դրա համար պետք էր գրավել 1-ին կամ 2-րդ տեղը: Երբ մենք համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեցինք Չինաստանի Մակոյի ընտրանուն, բոլորը զարմացած էին, շատերն էլ չէին հավատում: Բայց դրանից հետո ցավալիորեն զիջեցինք Բոսնիա եւ Հերցեգովինային, որին պարտվելու իրավունք պարզապես չունեինք: Տղաները, որ չորրորդ դիվիզիոնում էին խաղում, 40 երկրների պայքարում 10-րդը դարձան եւ առաջին հարյուրյակը եզրափակող երկրների մեջ են: Տղաների այդ արդյունքից դժգոհ եմ, որովհետեւ նրանց առջեւ երրորդ դիվիզիոն վերադառնալու խնդիր էր դրված, որտեղից մեկ աստիճան նահանջել էին դեռ 2008-ին: Դրական տեղաշարժերը, հատկապես՝ աղջիկների, իհարկե, ուրախացնում են: Սակայն դրանք կատարվում են աղյուսակների միջին եւ ստորին հորիզոնականներում միայն: Հնարավոր է՝ մի փոքր էլ վեր բարձրանանք, սակայն ավելին անել առայժմ ի վիճակի չենք: Եվ հենց սա է ստիպում, որ շեշտը դնենք կադետների վրա:
– Իսկ պատանիներն ապագայի հույսեր ներշնչո՞ւմ են:
– Անցած տարվա օգոստոսին այդ տարիքային խմբի մեր չորս տղա եւ երկու աղջիկ Ստրասբուրգում մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը, որտեղ փայլուն հանդես եկավ Դիանա Խոջագորյանը: Նա 125 մասնակիցների մեջ ճանաչվեց 9-րդը եւ հոկտեմբերին Բրյուսելում Top 16-ին մասնակցելու իրավունք նվաճեց, որտեղ էլ գրավեց 5-րդ տեղը: Իսկ դա նշանակում է, որ հայաստանցի մարզուհին այդ տարիքային խմբում Եվրոպայի հինգերորդ ռակետն է: Ասեմ, որ Դիանան Բրյուսելում հաղթեց ոչ միայն Եվրոպայի չեմպիոն դարձած մարզուհուն՝ իրենից մեկ քայլ ետ թողնելով, այնպես էլ միակը եղավ, որ ենթախմբում պարտության մատնեց Top 16-ի հաղթողին (դա նրա կրած միակ պարտությունն էր): Տեղեկացնեմ, որ Top 16-ն ավելի հեղինակավոր մրցում է, իսկ նման ցուցանիշ Հայաստանը երբեք չի ունեցել, անգամ՝ ԽՍՀՄ տարիներին: Սեղանի թենիսի Եվրոպայի ֆեդերացիան Դիանային ներառել է իր նոր ծրագրերից մեկի ցուցակում, որի նպատակն է ամբողջ Եվրոպայից ընտրել ութ լավագույններին, նրանց համար ստեղծել մարզումային լավագույն պայմաններ, որպեսզի 2020 թվականին հնարավոր լինի չինացիների դեմն առնել: Ցավոք, ճգնաժամի պատճառով այդ ծրագիրն անցած տարի չիրականացավ: Բայց, որքան տեղյակ եմ, այս տարվանից կսկսի գործել:
Հիմա մենք Դիանայի համար անում ենք ամեն բան, որպեսզի 2011-ին նույն տարիքային խմբում (սա նրա վերջին տարին է) մասնակցի կրկին Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը եւ փորձի բարելավել արդյունքները:
– Իսկ այդ տարիքի հեռանկարային ուրիշ սեղանի թենիսիստներ կա՞ն:
– Դիանայի մակարդակի՝ ոչ: Բայց նրա հաջողությունները ոգեւորել են շատերի ծնողներին, որոնք իրենց երեխաներին բերում են սեղանի թենիս: Տա Աստված, ժամանակի ընթացքում գուցե նրանց մեջ էլ նոր անուններ ի հայտ գան:
– Վերադառնանք մեծահասակներին: Այս տարի արտագնա մրցումներ լինելո՞ւ են:
– Այո, որոնցից ամենապատասխանատուն աշխարհի անհատական առաջնությունն է՝ մայիսի 8-15-ը, Ռոտերդամում:
– Քանի՞ ներկայացուցիչ ենք ունենալու:
– Երեքական աղջիկ եւ տղա:
– Եթե նորից մասնակցելու են առանց շատ թե քիչ լուրջ հույսերի, այդքան գումար ծախսելու իմաստ կա՞:
– Մեր զրույցի սկզբում ասացի, որ մեծերին չենք անտեսելու: Նրանք ամբողջ տարի մարզվում են, նախապատրաստվում եւ պետք է կատարած աշխատանքի արդյունքը տեսնեն: Եվ մի բան էլ, որն ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի հատկապես պատանի սեղանի թենիսիստների ու նրանց ծնողների համար: Երբ նրանք տեսնում են, որ իրենց մեծերը, որոնք դառնում են հանրապետությունում լավագույնները, դրանից հետո մեկնում են միջազգային մրցաշարեր, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ, իրենք էլ են ոգեւորվում ու ավելի լավ մարզվում: Հակառակ դեպքում, հավատացնում եմ, շատերի ծնողներն իրենց երեխաներին կտանեն այլ՝ ավելի «նպատակահարմար» մարզաձեւեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել