Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկներին գրավելու 1000 ու մի միջոց

Մարտ 22,2011 00:00

\"\"Որոշ կոլեկտիվներ «ներմուծել» են նաեւ այլալեզու ազդագրեր

Հայաստան այցելող հյուրերի համար զբոսաշրջության միջազգային նորմերը կիրառելու նպատակով ժամանակին «ՎիվաՍել ՄՏՍ»-ը ավելի քան 100 պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների եւ կառույցների մոտ տեղադրեց օտարալեզու ուղեցույցներ, որոնք ուղղորդում են զբոսաշրջիկներին, տեղեկություններ հաղորդում պատմական կոթողների, շրջակա միջավայրի, կենդանական աշխարհի եւ այլնի մասին: Այս ուշագրավ քայլը պիտի որ օրինակ ծառայեր գոնե երեւանյան մշակութային օջախների (թատրոններ, կինոհամերգային սրահներ եւ այլն) համար, որոնք, գաղտնիք չէ, ունեն հանդիսատեսի խնդիր: Եթե խորհրդային տարիներին հատկապես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազդագրերը երկլեզու էին՝ հայերեն եւ ռուսերեն, ապա վերջին տարիներին դա վերացավ: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ հիշյալ թատրոնի ազդագրերը հիմա երկլեզու են՝ հայերեն եւ անգլերեն, սակայն վերջինով միայն ներկայացման վերնագիրն է, ասենք՝ «Սայաթ-Նովա», որը ոչինչ չի ասում օտարազգի հյուրին: Միայն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ եւ Երիտասարդական նվագախմբերի հայտագրերն են, որ տարիներ շարունակ միջազգային լեզվով մանրամասն «տեղեկացնում» են կայանալիք համերգի մասին: Ըստ օրենքի, օտար լեզվով գրվածը պետք է ավելի փոքր լինի, քան պետականը, այսինքն՝ հայերենը:
Տեւական ժամանակահատված էլ «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլը այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալիք համերգի ազդագիրը ներկայացրել է նաեւ պարսկերեն, այսպես «խորամանկելով» եւ փորձելով դեպի իրեն ձգել Նովրուզ-բայրամի առիթով Հայաստան ժամանած հազարավոր իրանցիների, որոնց գուցե հետաքրքրի հայկական պարարվեստը: Սա նաեւ կոմերցիոն քայլ է, մինչդեռ երկար ժամանակ տրտնջում ենք, թե արվեստի մենեջմենթի շատ տարրեր մեզ մոտ չեն կիրառվում: Փաստորեն, հատուկենտ կիրառողներ կան:
Տեղին կլինի, եթե Ֆիլհարմոնիկի եւ «Բարեկամության» օրինակին հետեւեն մեր մշակութային օջախները եւ հատկապես Պարի պետական անսամբլն ու Օպերային թատրոնը՝ պարզ պատճառով. այս ժանրերում լեզվական արգելք գոյություն չունի:
Այս օրերին էլ մայրաքաղաքային թատերական կյանքը արձանագրում է ավանդական դարձած «Թատրոն X» փառատոնի եւ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը ներկայացված բեմադրությունների դիտումներ: Կարծում ենք, որ փառատոնային եւ ստուգատեսային ներկայացումների հայտագրերը եւս լավ կլիներ ներկայացված լինեին տարբեր լեզուներով, որպեսզի ձեւավորվող հետաքրքրությանը զուգահեռ, լուծվեին նաեւ ֆինանսական հարցեր, ինչն այսօր բոլոր թատրոնների գերխնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել