Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ «ԽՈՒՃՈՒՃ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մարտ 22,2011 00:00

\"\"Երգահան Զառա Դանիելը մի բան է պնդում, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանը՝ մեկ այլ

«Առավոտը» մարտի 18-ին տպագրած «Երգահանի իրավունքը ոտնահարվել է» լուրում տեղեկացրել էր, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին նամակով դիմել է երգահան Զառա Դանիելը: Տիկնոջ նպատակը, իր ձեւակերպմամբ, մշակույթի նախարարության համակարգի մաս կազմող «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի ղեկավար Սեդրակ Երկանյանի կողմից իր ստեղծագործական գործունեությանն առնչվող հեղինակային իրավունքի խախտման մասին տեղեկացնելն էր եւ վերադասի միջամտությամբ՝ հետագա անցանկալի զարգացումները կանխելը: Բանն այն է, որ մարտի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Տաղարան» համույթի համերգը՝ «Այ, գնա, չի պիտիս դուն ինձ» խորագրով, որի ազդագրերի վրա գրված է եղել՝ «վոկալ-խորեոգրաֆիա, հեղինակ՝ Ս. Երկանյան, ըստ Զ. Դանիելի, Ն. Քուչակի հայրենների հիման վրա հորինած երաժշտական մոտիվների համերգային կատարում»: «Սեդրակ Երկանյանի իրավական տգիտությամբ եւ ուրիշի (տվյալ դեպքում՝ իմ) երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքը բռնազավթելու անազնիվ մարմաջով թելադրված՝ առայժմ ոչ ճշմարիտ ազդագրերը եւ համերգը անառողջ թյուրիմացությունների կհանգեցնեն նախ՝ երաժշտասեր հասարակայնությանը, ապա եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, զանգվածային լրատվամիջոցներին, Ինտերնետ համացանցին եւ այլն…»,- նամակում գրել էր Զ. Դանիելը: Ըստ նրա, խնդիրն այն է, որ «համերգի ազդագրում Սեդրակ Երկանյանն իրեն ներկայացրել է որպես հեղինակ (իսկ որեւէ երգի կամ համանման ժանրի ստեղծագործության հեղինակ կարող է համարվել մեկ անձ կամ երկուսը, եթե երաժշտության եւ խոսքերի հեղինակները տարբեր են, եւ այդ իրավունքն անօտարելի է)»:
Սեդրակ Երկանյանը «Առավոտին» ասաց, որ Զառա Դանիելի հետ տարիներ առաջ ծանոթացել է նրա ամուսնու՝ Սուրեն Վարդումյանի միջոցով, ում հետ միասին աշխատել են Կապելլայում: Նրա խոսքով, Վարդումյանը իրեն խնդրել է նայել կնոջ գրած երգերը, այնուհետեւ կայացել է հանդիպումը Զ. Դանիելի հետ: «Զառան եկավ «Տաղարան», ցույց տվեց իր գրածները, որոնք գրանցված էին ոչ պրոֆեսիոնալ ձեւով: Ես միանգամից ասացի, որ «Տաղարանը» դա այդ վիճակով չի կարող բեմ բարձրացնել, պետք է լուրջ կոմպոզիտորական մշակման ենթարկվի»,- պատմում է «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարը: Նա ասում է, որ Զ. Դանիելն իրեն խնդրել է այդ գործերը մշակել, ինչն էլ տեւել է 3-4 ամիս. «Այդ ընթացքում տիկին Զառան ներկա է եղել ցանկացած հատվածի մշակմանն ու վերամշակմանը, նա թե՛ մեր տանը, թե՛ աշխատասենյակում հետեւել է պրոցեսին, ու ընկել է մեծ էյֆորիայի մեջ՝ տեսնելով, թե իր գրածը ինչից ինչի է վերածվում… Ես իմ մարդկային, մասնագիտական ներուժը ներդրել եմ, որովհետեւ այդ երգերի մեջ հետաքրքիր բան եմ տեսել, ուզել եմ, որ մի օր հնչեն: Վարձատրության հարցն էլ թողել եմ ամուսինների խղճին: 3-4 ամիս հետո այն պարզագույն երգիկները, որոնց հեղինակը Զառան է, վերածվեցին պրոֆեսիոնալ կոմպոզիցիաների…»: Ս. Երկանյանն ասում է, որ աշխատելիս գաղափարներ է ունեցել այլ ժանրեր ընդգրկելու, պարողներ են հրավիրվել, այդ թվում՝ Զառա Դանիելի որդին ու ընկերուհին, ռեժիսոր …: Որոշ ժամանակ անց համագործակցությունն ընդհատվել է, որովհետեւ տարաձայնություններ են ծագել: Ըստ Ս. Երկանյանի, Զ. Դանիելի ամուսինը, որը նաեւ նրա պրոդյուսերն է, չի հոգացել կատարման ծախսերը, Զ. Դանիելն էլ չի ցանկացել նախագծում տեսնել Լուսինե Մարկոսյանին, մինչդեռ ինքը աշխատելիս հենց Լուսինեի ձայնն է նկատի ունեցել: Ս. Երկանյանը պարզաբանեց, որ վերադարձրել է նոտաները այն տեսքով, ինչ տեսքով իրեն են հանձնված եղել: Հիմա, 12 տարի անց որոշել է հնչեցնել իր վերամշակածը, մանավանդ «Ազգային երաժշտական կենտրոնը», որի կազմում նաեւ «Տաղարան» համույթն է, պայմանագիր ունի «Հայհեղինակի» հետ, որի կետերից մեկն էլ այն է, որ կենտրոնն իրավունք ունի օգտագործել «Հայհեղինակի» ամբարած ստեղծագործությունները: Ս. Երկանյանն ասում է, որ «Հայհեղինակ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Ներսիսյանի պահանջով ազդագրի անճշտությունները շտկվել են, իր հաշվին էլ նոր ազդագրեր է տպագրել ու տարածել, համերգին էլ քանիցս հնչեցրել է Զառա Դանիելի անունը, տիկնոջ հետ հանդիպելու ու խոսելու բոլոր փորձերն էլ ապարդյուն են անցել: «Որպես վոկալ խորեոգրաֆիայի հեղինակ՝ գրել էի Սեդրակ Երկանյան, որովհետեւ գաղափարն իմն է, իսկ ես իրավունք ունեմ հեղինակ լինել այն կոմպոզիցիայի, որի համար մտորել, աշխատել եւ այս հաստափոր պարտիտուրն եմ ստեղծել: Հիմա իրենք չեն ուզում հանդիպել, խոսել, տարբեր ատյաններով ու նամակներով են վախեցնում: Նույնիսկ ցանկանում էին համերգը կասեցնել, ինչը զուտ ամբիցիա է: Ես կպահանջեմ երաժշտական հանձնաժողով, թող Զառան իր գործերը ծլնգացնի իր միալար կիթառով, ես էլ ներկայացնեմ կայացած համերգի տեսագրությունը որպես փաստ, մասնագետները դատեն՝ ով ով է: Ի վերջո, ես ոչինչ չեմ բռնազավթել, իր ձեռքից եմ ստացել»,- նեղսրտում է Ս. Երկանյանը:
Ս. Վարդումյանի համար կարեւորը ազդագրի փոխվելը չէ. «Ինքը (Սեդրակ Երկանյանը- Գ. Հ.) պետք է ընդունի, որ դեռ 12 տարի առաջ Զառան չի համաձայնել գործի իր մեկնաբանության հետ, իսկ դա հեղինակի անձնային իրավունքն է: Դրանք շատ լուրջ ստեղծագործություններ են, այնպես չի, որ ով ինչ ուզի, անի»:
Զ. Դանիելն էլ հավելում է. «Դեռեւս 2006թ. հոկտեմբերին ես պայմանագիր եմ կնքել ամերիկյան Armenian Music Center Entertainment կազմակերպության հետ, համաձայն որի՝ իմ 12 ստեղծագործություններից բաղկացած եւ Կոմիտասի հիշատակին նվիրված՝ «Լուսեղեն ճամփա» անունով CD է թողարկվել, որում ներառված են նաեւ Քուչակի խոսքերով իմ հեղինակած հենց այն հինգ գործերը, որոնք Ս. Երկանյանը կամայականորեն օգտագործել է: Սա այն դեպքում, երբ դրանց օգտագործման բացառիկ իրավունքը իմ կողմից դեռ հինգ տարի առաջ փոխանցված է նշված ամերիկյան կազմակերպությանը, իսկ թողարկված խտասալիկները ցուցադրվել եւ վաճառվում են աշխարհով մեկ ու նաեւ Ինտերնետի միջոցով: Հետեւաբար անխուսափելի է նաեւ Armenian Music Center Entertainment-ի արդարացի պահանջատիրության դրսեւորումը, ինչը եւս մեկ ծանրակշիռ փաստարկ էր խնդրո առարկա համերգի տեղի չունենալու օգտին մարտի 17-ին եւ ընդհանրապես»: Ս. Երկանյանը նշում է, որ Զ. Դանիելի հետ համագործակցությունն ընդհատվել է նաեւ նրա ամուսնու՝ անհասկանալի պատճառներով իրեն «խեթ նայելու» պատճառով, Ս. Վարդումյանը սկսել էր իրեն չբարեւել: Զ. Դանիելը, ընդհակառակը, ասում է, որ Ս. Երկանյանն է դադարել իրեն չբարեւել եւ համերգի մասին էլ պատահաբար է իմացել:
Հեղինակային իրավունքների պաշտպանության «Հայհեղինակ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Ներսիսյանից եւս փորձեցինք պարզել՝ ի վերջո ո՞վ է իրավացի այս պատմության մեջ: Նա հեռախոսով «Առավոտին» հայտնեց. «Տեղի էր ունեցել խախտում, բայց ոչ միտումնավոր: Սեդրակ Երկանյանը եկավ այստեղ եւ ըստ օրենքի ուղղում տվեց: Ազդագրի վրա գրվեց՝ երգերի երաժշտության հեղինակ համարվում է Զառա Դանիելը, համերգի ժամանակ էլ դա քանիցս հայտարարվեց: Ես ներկա էի: Մենք գտնում ենք, որ, ըստ օրենքի, խախտումը վերացվել է, թե ի՞նչ է հետագայում Զառա Դանիելը պահանջել, չեմ կարող ասել: «Հայհեղինակն» ունի լիցենզիոն պայմանագիր տվյալ կառույցի (Ազգային երաժշտական կենտրոնի- Գ. Հ.) հետ, բոլոր համերգներից հեղինակներին տրվում է հասանելիք վարձատրությունը: Այս համերգի վաճառված տոմսերի 5 տոկոսը եւս կգնա հեղինակներին: Ընդ որում, տվյալ դեպքում մեկ հեղինակ է՝ Զառա Դանիելը, որովհետեւ մյուսը՝ Նահապետ Քուչակը ողջ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել