Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդին հրազենից ստացած վերքերից հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ հղում անելով dpa գործակալությանը: Ավելի վաղ նշվում էր, որ Համիս Քադդաֆին վիրավորվել է մարտի 19-ին, Տրիպոլիում գտնվող Լիբիայի առաջնորդի նստավայրերից մեկի՝ Բաբ էլ-Ազիզիայի թիրախային ռմբակոծության ենթարկելու ժամանակ, որտեղ գտնվում էին Մուամմար Քադդաֆին ու նրա որոշ հարազատներ։
Լիբիայի իշխանությունները մեղադրում են կոալիցիոն ուժերին՝ Լիբիայի առաջնորդին ոչնչացնելու փորձի մեջ: «Դրանք բարբարոսական ռմբակոծումներ են, որ հակասում է ամերիկացիների եւ Արեւմուտքի բոլոր հայտարարություններին, թե՝ իրենք խնդիր չեն դրել հարձակվել այդ պալատի վրա»,- ասել է Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը՝ լրագրողներին ցույց տալով Քադդաֆիի՝ Տրիպոլիում գտնվող պալատի ոչնչացված եռահարկ շենքը: Դա ընդամենը մի քանի քայլ է հեռու այն շենքից, որտեղ Քադդաֆին ընդունում է արտասահմանցի հյուրերին:
Լրագրողներին ցույց տալով հրթիռի բեկորները, Իբրահիմը նշել է, որ այդ գրոհի հետեւանքով ոչ մի մարդ չի տուժել: Նա հրաժարվել է հայտնել, թե որտեղ է գտնվում Քադդաֆին:
«Ֆրանս-բրիտանա-ամերիկյան ագրեսիայի» քննարկման նպատակով Լիբիան պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել։ Այս մասին ասվում է տեղական հեռուստաալիքով եթեր հեռարձակված Լիբիայի Ազգային կոմիտեի արտաքին կապերի հայտարարության մեջ։
Ջամահարիան «ինքնապաշտպանության համար» իրեն իրավունք է վերապահում օգտագործել նաեւ իր ռազմական ավիացիան, քանի որ, ինչպես ասված է հայտարարության մեջ, արեւմտյան դաշնակիցներն իրենք են խախտել Անվտանգության խորհրդի 1973 թվականի՝ Լիբիայի վրա թռիչքային գոտի հայտարարելու մասին բանաձեւը։
Ընդսմին, երկուշաբթի առավոտյան, Reuters-ի մատուցմամբ, արեւմտյան երկրների զինուժը Լիբիային ավիահարվածների երկրորդ ալիքն է հասցրել՝ կանգնեցնելով Մուամմար Քադդաֆիի զորքերի շարժը դեպի ընդդիմության պատվար համարվող քաղաքը: BBC-ն իր հերթին տեղեկացնում է, որ հրթիռային հարվածները լուրջ վնասներ են հասցրել լիբիական հակահրթիռային պաշտպանության համակարգերին եւ զգալիորեն թուլացրել ու կազմաքանդել են Քադդաֆիի ուժերը: