Ռուսաստան այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ՌԴ-ին կոչ է արել քննարկել միջազգային ռազմական կոալիցիաներին մասնակցության հնարավորությունը: BBC-ի փոխանցմամբ, այդպիսի հայտարարությամբ Գեյթսը հանդես է եկել Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո՝ Սանկտ Պետերբուրգում Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ձեւ գտնի միջազգային կոալիցիաներում իր զինուժի մասնակցության համար. «Ես կոչ եմ անում ձեր ղեկավարությանը՝ մտածել, թե ինչ ձեւով կարող են ռուս զինվորականները գործել միջազգային կոալիցիաներում»:
Գեյթսը նաեւ հույս է հայտնել, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կկարողանան փոխըմբռնման հասնել նաեւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության շուրջ: «Ռուսաստանը մինչեւ հիմա կասկածներ ունի այդ համակարգի առնչությամբ: Այդուհանդերձ, երկու կողմերն էլ մտադիր են հաղթահարել այդ դժվարությունները»,- հավելել է Գեյթսը՝ միաժամանակ առաջարկելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ անցկացնեն տարերային աղետների հետեւանքները չեզոքացնելու շրջանակներում: Նրա ասելով, խոսքը մասնավորապես կարող է գնալ Հեռավոր Արեւելքի մասին:
Ռուսաստանի ճանապարհին, ինքնաթիռում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գեյթսը բարձր է գնահատել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ համագործակցությունը:
Գեյթսը Մոսկվա պետք է ժամաներ մեկ օր առաջ, բայց Պենտագոնի ղեկավարի այցը հետաձգվել էր Լիբիայի դեմ ռազմական գործողությունների ծավալման պատճառով:
Երեքշաբթի օրը նա հանդիպելու է իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հաղորդվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են անցած տարի սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ձեւավորված աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: