Լրահոս
Օրվա լրահոսը

«Էներգետիկայի» ցուցահանդես՝ ՀՊՃՀ-ում

Մարտ 22,2011 00:00

Ճապոնիայում տեղի ունեցած ատոմային աղետի եւ ճգնաժամի հետեւանքով վերջին ժամանակներում բավականին շատ է խոսվում վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին: Այս առիթով երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկում) եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության համագործակցության շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց «Վերականգնվող եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրներ» (Renewables – Made in Germany) խորագրով ցուցահանդեսը, որի բացման արարողությանը ներկա էին Գերմանիայի դեսպանության տնտեսական հարցերի կցորդ Նինո Շրամը, համալսարանի ղեկավարությունը, էներգետիկայի ոլորտի դասախոսներ, մասնագետներ, գիտնականներ, ՀՊՃՀ ուսանողներ եւ բազմաթիվ հյուրեր: Գերմանիայի էներգետիկ գործակալության մշակած այս ցուցադրությունն իր 26 ցուցավահանակների միջոցով պատկերացում է տալիս վերականգնվող էներգիայի աղբյուրների եւ դրանց այլընտրանքային հնարավորությունների մասին: Ցուցադրանմուշներում ներկայացված են կենսաէներգիայի, քամու, արեւային ու գեոթերմալ էներգիայի ստացման եղանակները, դրանց արդյունավետությունը, կիրառելիությունը եւ եվրոպական երկրներում դրանց տարածվածության աստիճանը: 2004թ. սկսած, արդի տեխնոլոգիաներին նվիրված այս ցուցադրությունը ներկայացվել է աշխարհի ավելի քան 90 երկրների 300 միջոցառումներում:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել, թե ինչպես կարելի է մարդկության էներգետիկ պահանջները բավարարել վերականգնվող էներգակիրների միջոցով՝ զերծ մնալով ատոմային էներգիայից:
ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կարեւորեց նման ցուցահանդեսի մտահղացումը եւ անցկացումը հատկապես ՀՊՃՀ-ում, քանի որ այսօր բուհը, ի թիվս այլ ճարտարագիտական մասնագիտությունների, առաքելություն ունի իրականացնելու էներգետիկ ոլորտի համար շատ կարեւորագույն մասնագիտությունների մի ամբողջ շարքացանկով մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում: Ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետի երկու դասախոս «Վերականգնվող էներգետիկա» առարկայի դասախոսությունը անցկացրին ցուցահանդեսի վայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել