Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆՈՒՄ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՑԱՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԸ

Մարտ 22,2011 00:00

Եմենի բանակի առանցքային հրամանատարներից մեկը՝ գեներալ Ալի Մոհսեն Ահմարը, որը համարվում է երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի մտերիմ զինակիցներից մեկը, հայտարարել է հակակառավարական ցույցերին իր աջակցության մասին: «Մենք հայտարարում ենք, որ աջակցում ենք եւ կպաշտպանենք Սանայի Համալսարանական հրապարակում ցուցարար երիտասարդներին»,- BBC-ի մատուցմամբ,  հայտարարել է մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ Ահմարը: Հենց այս դիվիզիայի ստորաբաժանումներն էին, որոնք  դիրքավորվել էին Եմենի մայրաքաղաքի հրապարակում, որտեղ հակակառավարական ցույցեր են ընթանում:
Աղբյուրի մատուցմամբ, Ահմարի ելույթից հետո նախագահի նստավայրի մոտ տանկեր են հայտնվել: Զրահատեխնիկա է տեղակայվել նաեւ Սանայի գլխավոր այլ օբյեկտների, ներառյալ՝ կենտրոնական բանկի եւ պաշտպանության նախարարության մոտ:
Հիշեցնենք, որ գեներալի հայտարարության նախօրեին Եմենի նախագահը լուծարել էր կառավարությունը, իսկ դրան նախորդել էին ուրբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ սպանված առնվազն 45 անձանց հուղարկավորությունները: Դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Ցուցարարները սպանվել էին քաղաքացիական հագուստով զինված մարդկանց կողմից իրենց ուղղությամբ բացած կրակի արդյունքում: Տեղի ունեցածից հետո եմենցի դիվանագետները, մեկ նախարար եւ կառավարության մի քանի ներկայացուցիչներ, որպես բողոքի նշան, հայտարարել էին իրենց հրաժարականների մասին: Մինչ գեներալ Ահմարը հայտարարում էր ցուցարարներին իր աջակցության մասին, երկրի հյուսիսում ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ բախման արդյունքում եւս 20 մարդ է զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել