ԱԱԾ-ի վերահսկման ներքո՝ նաեւ ղարաբաղյան պաշտոնական կայքեր կլինեն
«Հայաստանի տարածքում 2010 թ. էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակը, որի արդյունքում այլեւս դադարել են ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերի վրա կատարվող հարձակումները, որոնք տարածված էին 2008-2009 թվականներին»,- տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում երեկ հավաստիացրեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա փոխանցմամբ, այս ոլորտում լիազոր մարմին ճանաչված Ազգային անվտանգության ծառայությունը կարողացել է չեզոքացնել պաշտոնական կայքերի վրա կատարված հարձակումները:
«2009-ի տարեվերջից, երբ ԱԱԾ-ն իր վերահսկման տակ վերցրեց պաշտոնական կայքերը, բոլոր կայքերը անվտանգության տեսանկյունից վերազինվեցին, որի հետեւանքով հաջողակ հարձակումներ չեն արձանագրվել: Մինչեւ 2009 թվականը կային կայքեր, որոնք խայտառակ ձեւով էին սարքած, սերվերները չէին վերահսկվում, ավելին՝ շատ ազդեցիկ պաշտոնական մամլո հաղորդագրություններ գալիս էին, օրինակ, mail.ru-ից»,- «Առավոտին» ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Երեկվա նիստում որոշվեց ընդլայնել ԱԱԾ վերահսկման ներքո գտնվող պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի ցանկը՝ ներառելով Հայաստանի եւ ԼՂՀ-ի մի քանի պաշտոնական կայքեր եւս: Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ էականորեն բարելավվել է ցանցային պատրաստվածության աստիճանը, նաեւ բազմաշերտ ինտերնետի տարածվածության մակարդակը ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության մարզերում. «Բազմաշերտ ինտերնետի գինը նվազել է շուրջ 6 անգամ՝ 900 դոլարից հասնելով 150 դոլարի եւ ներկայումս կան ռեսուրսներ՝ ավելի լուրջ քայլեր իրականացնելու թե՛ գների նվազեցման, թե՛ շուկայի ազատականացման հետագա քայլերի իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը հանրապետության ողջ տարածքում տրամադրել որակյալ ինտերնետ ծառայություններ»:
Ա. Բաղդասարյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն այս ոլորտում շարունակել եւ խորացրել է իր համագործակցությունը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ անդամ երկրների հետ, որոնց հետ իրականացնում են համատեղ օպերացիաներ՝ կանխելու տարատեսակ կիբեր հարձակումները: Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության բաժնի պետ Սմբատ Պետրոսյանը ներկայացրեց նաեւ տեղեկատվության անվտանգության ապահովման, բազմաշերտ ինտերնետի տարածվածության եւ ցանցային պատրաստվածության մոնիտորինգի արդյունքները: Ըստ մոնիտորինգի արդյունքների, Երեւանում, սկսած 2007 թվականից, ոլորտում տիրում է դինամիկ եւ առողջ զարգացումը: Բացի «ԱրմենՏելի» օպտիկական լայնաշերտ ցանցից, գործում են 6 այլ լայնաշերտ ցանցեր: 3G շարժական կապի ցանցն իրականացվում է «ԱրմենՏել», «ՎիվաՍել» եւ «Օրանժ» ընկերությունների կողմից: Ըստ նրա, ցանցային պատրաստվածության առումով մարզերի եւ Երեւանի միջեւ շեղվածք կա: Այս ոլորտում մայրաքաղաքում հաստատվել է ակտիվ մրցակցություն, ինչի արդյունքում նկատվել է գների նվազում, իսկ մարզերում բնակչությանը ինտերնետով սպասարկելու առումով դեռեւս անելիքներ կան: