Առեւանգողները:
«Առավոտի» տեղեկություններով, մարտի 18-ին ոստիկանության Երեւանի վարչություն հայտարարություն է տվել Պերճ Տեր-Հարությունյանը՝ Կենտրոնի դատախազի նախկին տեղակալը, որ իր որդուն առեւանգել են եւ իրենից պահանջում են 5000 ԱՄՆ դոլար:
Ոստիկանության Երեւանի վարչության եւ Արաբկիրի բաժնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղում՝ Ալբերտ Չիլինգարյանի տներից մեկում հայտնաբերում են առեւանգված Հովհաննես Պերճի Տեր-Հարությունյանին:
Պատճառը ո՞րն էր:
Ըստ «Առավոտի», 1979թ. ծնված Հովհաննես Տեր-Հարությունյանը, ով նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում եւ դատապարտվել էր ազատազրկման կաշառքի համար, արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրել է ոստիկանության նախկին աշխատակից, Պտղնի գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ալբերտ Չիլինգարյանի հետ:
Հովհաննեսն ու Ալբերտը ազատվելուց հետո իրար հետ տաքսի սերվիս են բացում:
Ըստ մեր տեղեկության, Ալբերտը պահանջում է Հովհաննեսից 5000 դոլար՝ մարտի 16-ից առաջ: Երբ չի ստանում գումարը, Ալբերտը իր ընկերոջ, նախկինում մի քանի անգամ դատված, 1963թ. ծնված Ռաֆայել Աղամյանի հետ մարտի 16-ին առեւանգում են Հովհաննեսին: Ի դեպ, Աղամյանը Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական կուսակցության» անդամ է: Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ մասին:
Ոստիկանությունը մարտի 18-ին հայտնաբերում է Հովհաննեսին՝ խոշտանգված, դանակի մի քանի վնասվածքներով: Ի դեպ, ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունները:
Ոստիկանություն բերման է ենթարկվել նախկինում 4 անգամ դատապարտված Ռաֆայել Աղամյանը՝ առեւանգվածի անձնագրով:
Աղամյանին բերման ենթարկելուց րոպեներ անց բռնվել է Ալբերտ Չիլինգարյանը: Նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել է շերեփ, թափանցիկ լուծույթ պարունակող ներարկիչ: Չիլինգարյանը հայտնել է, որ շերեփը թմրանյութ պատրաստելու համար է, իսկ ներարկիչի պարունակությունը քացախաթթվի անհիդրիդ է:
Խուզարկություն է կատարվել նաեւ Չիլինգարյանի տանը: Ավտոտնակից հայտնաբերվել է քացախաթթվի անհիդրիդ պարունակող տարա, իսկ գետնահարկից` սղոցաձեւ դաստակալով դանակ, որով վնասվածքներ են հասցվել առեւանգվածին: Կատարվածի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:
Ձերբակալվածները գտնվում են ոստիկանության ՁՊՎ-ում:
Երեկ քննչական մարմինը դիմելու էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու ամսով կալանքի միջնորդությամբ: