Ոչ մեկը՝ լինի բժիշկ, թե հարազատ, ավելի գթասիրտ չէ, քան Աստված
Վերջերս «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր «Հայաստանում էֆթանազիան անհրաժեշտ է օրինականացնել» հոդվածը, որի հեղինակը ակտիվ էֆթանազիայի ջերմ պաշտպաններից է:
Հոդվածի հեղինակը, ակնկալելով բանավեճ, հենց սկզբից սահմանափակում է բանավեճի շրջագիծը՝ դրանից դուրս թողնելով «Կյանքն Աստծո շնորհն է» բովանդակությամբ առարկությունները: Մինչդեռ անհասկանալի է, թե ինչպես կարող ենք խոսել կյանքի ու մահվան խնդիրներից՝ չանդրադառնալով կյանքի իրական ու խորքային իմաստին ու նպատակին, որոնց ընկալումից էլ կախված է նման կարեւոր հարցերի վճռումը: Մի՞թե մենք բարոյապես պատասխանատու չենք Աստծո առջեւ, ով մեզ կյանք է տվել, կամ ինչպե՞ս կարելի է օգտագործել մեր ազատությունը կյանքի ու մահվան խնդիրներում, մի բան, որ մարդուն երբեք վերապահված չի եղել իմանալու եւ տնօրինելու:
Մարդու երկրային կյանքն ունի երկու սահման՝ սկիզբ եւ վերջ: Բեղմնավորումը եւ մահն Աստծո ներկայության երկու ձեւերն են. առաջինը երկրային կյանքի սկիզբն է, երկրորդը՝ ճանապարհ դեպի հավիտենականություն: Մարդը չի կարող խուսափել ինչպես առաջին հանդիպումից, այնպես էլ երկրորդից: Մարդկային կյանքի երկու սահմանների՝ կյանքի ու մահվան միջեւ տարածքը պատկանում է մարդու ազատությանը, բանականությանը, իր կամքին եւ իր կյանքին: Այդ ազատությունը չի խաթարվում նույնիսկ Աստծո կողմից: Բայց այդ սահմաններից այն կողմ գործում է Աստծո ազատությունը, եւ մարդը կոչված է հարգելու այն: Բնականաբար, ժամանակակից մոտեցումը նման խնդիրներին մի բառով կարելի է բնորոշել՝ հպարտություն: Այսօր մարդկությունն այնքան է հպարտացել, որ իրեն Աստված է զգում եւ նրան թվում է, թե ինքը կարող է գերազանցել Աստծո արարչագործությունը: Մարդն այնքան է օտարացել իրականությունից, որ փորձում է նոր կյանք արարել (կլոնավորում)՝ առանց մտածելու հետեւանքների մասին, կամ որոշել, թե երբ պետք է իր հոգին լքի մարմինը՝ երբեք չխորհելով, որ ինքը չէ այդ հոգու արարիչը: Հեդոնիստական գաղափարներին հարող մարդկանց թերեւս այժմ տեղին չէ ներկայացնել կյանքի իմաստը եւ նպատակը, որոնց համար կյանքը երջանիկ է, քանի դեռ հաճույքները գերազանցում են տառապանքներին: Միանգամայն հասկանալի է, որ մտածելակերպի եւ կյանքի աշխարհիկացումն անընդունակ է ընկալելու տառապանքի ու երջանկության խորքային իմաստը:
էֆթանազիայի կողմնակիցները տառապանքը միանշանակ իբրեւ չարիք են նկատում, իսկ այն կրելը՝ անբարոյականություն: Մինչդեռ կարելի է մտածել, որ կյանքում հաճախ իրականանում է այն օրենքը, որ մեղքի դիմաց տառապանք է տրվում եւ այդ տառապանքը մեղքը մաքրելու հնարավորություն է: Իհարկե, սա անիմաստ տառապանքի ջատագովություն չէ. պետք է խուսափել տառապանքից, սակայն այդ խուսափումը երբեք չպետք է լինի այնպիսի միջոցներով, ինչպիսին էֆթանազիան է:
Արժե խորհել նաեւ էֆթանազիայից բխող վտանգների մասին։ Այն ընդունակ է ոչ միայն բարոյապես խեղաթյուրել մարդուն, այլեւ անբուժելի վնաս հասցնել բժշկությանը: Էֆթանազիայի օրինականացումը կարող է արժեզրկել հիվանդի եւ բժշկի միջեւ անհրաժեշտ վստահությունը: Ավելին, եթե էֆթանազիան եւ աջակցված ինքնասպանությունը հասանելի լինեն որպես հեշտ եւ էժան ընտրություն, ապա այն կարող է խոչընդոտել առողջապահական ծառայություններին՝ պատշաճ պալիատիվ խնամք կատարելու համար: Բացի այդ, էֆթանազիան՝ որպես հեշտ ու էժան ընտրություն, կհանգեցնի հատկապես անհուսալի հիվանդի կողմից ցավին դիմագրավելու կամքի անկմանը՝ «պայքար հանուն կյանքի» կարգախոսը փոխարինելով «հանձնվել հանգիստ մահվան» կարգախոսով: Էֆթանազիայի օրինականացումը բժշկական պրակտիկայում կհանգեցնի անդառնալի կորուստների, անսքող հանցանքների, չարաշահումների թե՛ հիվանդի հարազատների, թե՛ բժիշկների կողմից: Բժշկությունը փակուղի կմտնի, փնտրտուք չի լինի՝ նոր, ավելի արդյունավետ միջոցներ գտնելու համար: Մահ պարգեւելու իրավունքը հեշտությամբ կարող է սպառնալիքի վերածվել այն հիվանդների համար, ովքեր զուրկ են բուժման համար բավարար դրամական միջոցներից: Օրինական արգելքի վերացումը եւ էֆթանազիայի ընդունումը կբերի այն բանին, որ հասարակության մեջ կձեւավորվի մի մտածելակերպ, որի հետեւանքով շատերը ստիպված կլինեն ամբողջությամբ պարզել նոր հնարավորությունների սահմանները եւ հասանելիությունը: Մահվան ժամն ընտրելն այս դեպքում կդառնա մի հարց, որին բոլորը ուշադրություն կդարձնեն: Ահա թե այսօր հասարակության համար ինչպիսի սպառնալիք է ներկայացնում ծախս ու շահույթ չափանիշներով առաջնորդվող տնտեսությունը:
Անշուշտ մտահոգիչ է, որ էֆթանազիայի օրինականացման փորձերն այսօր ամբողջ աշխարհում մեծ թափ են առել, որը կարելի է բացատրել դրա արտաքուստ համոզիչ փաստարկներով: Էֆթանազիայի կողմնակիցներն իրենց փաստարկները հիմնավորում են խղճահարություն եւ գթասրտություն առաջացնող երեւույթների միջոցով եւ ստեղծում են այնպիսի մի «բարոյական» արժեհամակարգ, որը գուցե եւ ձեռնտու է մարդկանց որոշակի խմբերի: Ամեն դեպքում, գլխավոր խնդիրը հիվանդին տառապանքի մեջ միայնակ չթողնելն է, որովհետեւ հիմնականում լքվածության ու ավելորդության զգացումն է, որ ստիպում է նրան դիմել էֆթանազիայի: Եթե լքվածության ինչ-որ մի պահի տառապանքն ու կյանքն անտանելի եւ անիմաստ են թվում, ապա մեր ներկայությունն ու սերն անբացատրելի իմաստ է հաղորդում նրանց կյանքին: Իսկ եթե մեր հարազատի, տարեցի, հիվանդի կամ կիսահիվանդի ներկայությունը, ինչպես շեշտում է հոդվածի հեղինակը, համարում ենք մեր կյանքի ծանրաբեռնում ու թունավորում, ապա այստեղ բարոյականից խոսելն ավելորդ է: Հիվանդը, առավել եւս տարեց մարդը, երբեք չի ցանկանա մահանալ, եթե ուշադրության եւ սիրո արժանանա: Այս դեպքում իրական սերը տառապողի նկատմամբ ոչ թե մահվան օգնության մեջ է, այլ նրա հետ տառապանքը կիսելու մեջ: Իսկ երբ գթասրտության քողի տակ արդարացնում ենք էֆթանազիան՝ բարիք համարելով մերձավորի մահը, ապա հարց է առաջանում՝ գուցե մե՞զ է անտանելի՝ տեսնել հարազատ մարդու տանջանքը, եւ մենք պարզապես նենգափոխում ենք վիճակը: Իսկ եթե նույնիսկ մեզ այդ քայլին դրդում է հիվանդին տառապանքներից ազատելու մարդկային խիղճն ու գթասրտությունը, ապա մի բան պետք է հիշել. ոչ մեկը՝ լինի բժիշկ, թե հարազատ, ավելի գթասիրտ չէ, քան Աստված: Եթե անբուժելի հիվանդը շարունակում է ապրել, ուրեմն դա Աստծո ցանկությունն է եւ պետք է ընդառաջ գնալ Նրա ցանկությանը:
Իսկ ինչ վերաբերում է հեղինակի՝ էֆթանազիան հղիության ընդհատման՝ աբորտի հետ համեմատելու փորձին, ապա, անշուշտ, այս երկու երեւույթները ընդհանրություն ունեն, եւ այդ ընդհանրությունը սպանությունն է: Սակայն մեկը մյուսով օրինականացնելու տրամաբանությունը կոռեկտ չէ: Այսօր հասարակության մեջ բազմաթիվ արատավոր երեւույթներ կան, բայց մի՞թե կարելի է նույն օրինակով համանման արատավոր երեւույթներ որդեգրել՝ պատճառաբանելով, որ եթե այս մեկը օրինական է, օրինականացնենք նաեւ մյուսը: Որպես հոգեւորական՝ ինձ համար անընդունելի է եւ՛ հղիության արհեստական ընդհատումը, եւ՛ էֆթանազիան։ Որովհետեւ մարդը ոչ միայն ծնունդից հետո, այլեւ մինչեւ ծնվելը կրողն է բարոյական արժեքների ու սրբությունների, արժեքներ, որոնք եզակի ու անփոխարինելի են:
Ուրեմն ամբողջացնելով եւ ընդհանուր եզրակացության գալով՝ նշենք, որ էֆթանազիան ճակատագիրը տնօրինելու մարդկային կամքի դրսեւորման փորձ է, սեփական կյանքն ու սեփական մահն անհեռատեսորեն տնօրինելու անհաջող ու մեղսունակ փորձ: Վերջում տեղին է հիշատակել Ռուս եկեղեցու նշանավոր հոգեւորական Անտոն Սուրոժսկու հայտնի միտքը՝ «Հարկավոր է ամբողջ ուժով ձգտել ապրել, եթե նույնիսկ այն շատ քիչ բան է հիշեցնում իրական կյանքի մասին»: