Շաբաթ՝ մարտի 19-ին Արագածոտնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նախարարությունից ստացված տեղեկության, մարզի Օհանավան, Թաթուլ եւ Արագածավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերգո Կարապետյանը նշել է, որ նախարարությունն ընթացիկ տարում քայլեր է ձեռնարկելու գյուղացու շահույթը բարձրացնելու եւ ծախսերը կրճատելու ուղղությամբ:
Մասնավորաբար՝ գյուղացիներին կտրամադրվեն ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ վարկեր, կվերահսկվեն պարարտանյութերի եւ թունաքիմիկատների գները, որ դրանք չբարձրանան: «Ջրի բաշխումը կլինի ժամանակին, հնարավոր է նաեւ, որ կառավարությունն այս հարցում գնա որոշակի զիջումների` հօգուտ հողօգտագործողների»,- նշել է Սերգո Կարապետյանը: Գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակվել, եւ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի առկա իրավիճակը բարելավվի, նկատել է նախարարը:
Արագածոտնի մարզն էլ չի խուսափել մկնանման կրծողների «հարձակումներից»: Այս բողոքներին ի պատասխան, նախարարը նշել է, որ իրավիճակն օպերատիվ վերահսկվում է, ոլորտի մասնագետները տեղերում խորհրդատվություն են տալիս եւ աշխատում գյուղացիների հետ: