Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից գործողները

Մարտ 22,2011 00:00

Մարտի 18-ին «Ծեծկռտուք, ընտրակաշառք, սպառնալիք» հրապարակմամբ անդրադարձել ենք Սյունիքի մարզի Կաղնուտ համայնքում մարտի 20-ին նշանակված գյուղապետի ընտրությանը եւ տեղեկացրել, որ հազիվ 100 բնակչով եւ 83 ընտրողով գյուղում համայնքապետի աթոռի համար ՀՀԿ-ԲՀԿ պայքարը լարված է, գյուղում կռիվներ են լինում, ծեծուջարդ, նույնիսկ գիշերով: Այս թոհուբոհի մեջ ԲՀԿ թեկնածուն սպառնացել էր նաեւ Սյունիքում մեր թղթակցին՝ ապա ներողություն խնդրել: Մեր հրապարակումից հետո այլ թերթերում էլ հրապարակումներ եղան արտառոց դեպքերի մասին: Օրինակ, որ գյուղից առեւանգել են ընտրող Գրիշա Բեգլարյանին։ Ուշագրավ է, որ առեւանգողը առեւանգվողի եղբոր տղան է։  Աղմուկից հետո Գրիշային վերադարձրել էին գյուղ, սակայն անձնագիրը չէին վերադարձրել: Արդեն հայտնի են ընտրության արդյունքները:
Քվեարկությանը մասնակցել է 76 ընտրող: Հանրապետական, գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը ստացել է 44, իսկ ԲՀԿ-ական Կարեն Փարամազյանը՝ 33 ձայն:
Սյունիքի մարզի այլ համայնքներում էլ մարտի 20-ին ընտրություն կար: Բացի Կաղնուտից, երեք գյուղում էլ էին գյուղապետ ընտրում: Երեքում էլ գործող գյուղապետերը վերընտրվել են: Երեքն էլ հանրապետական են. Շուռնուխ՝ Հակոբ Արշակյան, Լոր՝ Դավիթ Առուստամյան, Որոտան՝ Սուրեն Օհանջանյան:
100 բնակչով գյուղում մարդ ծեծելով եւ առեւանգելով պայքարող ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չէին մասնակցում նույն օրը Արարատի մարզի 550-600 բնակչով Վարդաշեն գյուղում գյուղապետի ընտրությանը: Այստեղ գյուղապետ է ընտրվել գործող գյուղապետ, ՀՅԴ-ական Գեւորգ Բարխոյանը: Արարատի Նոյակերտ գյուղում էլ գյուղապետ է ընտրվել գործողը՝ հանրապետական Կնյազ Սահակյանը, ով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում անկուսակցական է ներկայացված: ԲՀԿ-ն այս գյուղում թեկնածու չուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել