Անձը հաստատող փաստաթուղթ չունենալը ընտանիքին զրկել է մշտական տանիքից, երեխաներին՝ կրթությունից
Հոգսերից կքած, տխրադեմ Էթերի Խաթոյանին Լոռու մարզում շատերն են ճանաչում: Նրա բազմանդամ ընտանիքը մշտական բնակության վայր չունի՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով: 2011 թվականը նրանք դիմավորել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ ամուսնու ծննդավայրում: Այնտեղ ծանոթ-բարեկամների միջոցով կարողացել են աշխատանք գտնել աղբահանման ձեռնարկությունում: Կարեւոր չէ, թե ընտանիքի որ անդամը կաշխատի ձեռնարկությունում՝ լինում են դեպքեր, երբ երեխաներն էլ են դուրս գալիս փողոց մաքրելու, որ ընտանիքի մայրը հասցնի տան հոգսերը հոգալ: Ձեռնարկության տնօրենն էլ ծայրամասում՝ քաղաքի 3-րդ միկրոշրջանում, նրանց ապահովել է հողատարածքով եւ ժամանակավոր կացարանով: Ընտանիքի մոր անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով տուժում են նաեւ ընտանիքի 6 երեխաները՝ մեկ տղա, հինգ աղջիկ՝ նրանք էլ ծննդյան վկայական չունեն:
20 տարի առաջ հարեւան Վրաստանի Հանրապետությունից առանց անձնագրի Հայաստան եկած Էթերի Խաթոյանը երբեւէ հնարավորություն չի ունեցել անձնագրի ետեւից գնալու, հիմա էլ անցագրային կետի պայմաններն են խիստ. «Էն ժամանակ էս ձեւի չէր, առանց փաստաթղթի ազատ կգնայիր, հիմա հնարավորություն չկա գնալու»,- ասում է նա:
Ընտանիքին առանց տանիքի չթողնելու համար տիկին Էթերին ընտանյոք հանդերձ ստիպված է եղել անցնել Ստեփանավան-Բովաձոր-Վանաձոր եւ հակառակ երթուղով՝ ամեն տեղ մի քանի տարի ապրելուց, ավելի ճիշտ՝ գոյատեւելուց հետո հիմա կրկին Ստեփանավանում են: Նրա վեց երեխաներից ոչ մեկը ծննդյան վկայական չունենալու պատճառով նախակրթարան ու դպրոց չի գնացել: «Գյուղում ապրելու տարիներին գյուղապետին խնդրելով երեխաները դպրոց գնացին, միայն տառաճանաչ դառնալու համար, որ անգրագետ չմեծանան»,- ասում է տիկին Էթերին: Երեխաներից երկուսն արդեն չափահաս են, մյուսների համար դպրոցի դռները փակ են, ոչ միայն փաստաթուղթ չունենալու, այլեւ սոցիալական ծանր պայմանների պատճառով:
Էթերի Խաթոյանը ընտանիքի միակ աշխատողն է: Աղբահանության ձեռնարկությունում 30 հազար դրամ է ստանում, որով հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել, նա չգիտի՝ այդ գումարով ալյուր գնի, որ երեխաները հաց ունենան ուտելու, թե կոմունալ ծախսերը հոգա: Տիկին Էթերիի խոսքով, այսքանից հետո էլ լինում են օրեր, երբ երեխաները հացի երես չեն տեսնում: Էթերիի ամուսինը մշտական աշխատանք չունի՝ ժամանակավոր տարբեր գործեր է անում, հող փորում, անասուն պահում, որի դիմաց ավելի շատ եւ հիմնականում պարենով է վարձատրվում, հազվադեպ՝ գումարով:
Փաստաթղթեր չունենալը ընտանիքին զրկում է պետական որեւէ օգնություն ստանալու հնարավորությունից: «Մենք պետությունից 10 դրամ օգուտ էլ չենք ստացել, առանց փաստաթղթի նույնիսկ նպաստ չեն տալիս, ինչ մնաց՝ յուրաքանչյուր երեխայի համար գումար տան: Շատերը մտածում են, թե ես երեխաներ եմ ունենում, որ օգտվեմ պետության կողմից տրամադրվող յուրաքանչյուր երեխայի համար տրվող աջակցությունից»,- ասում է տիկին Էթերին:
Փաստաթղթեր ձեռք բերելու համար ընտանիքը դիմել է տարբեր գերատեսչությունների եւ ընդամենը բացատրություն ստացել, թե հարցը իրենց իրավասության սահմաններում չէ. «Ես բողոքելու տեղ չունեմ, երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր մի ասեղի օգուտ են տվել, միայն մի երազանք ունեմ, որ ՀՀ օրենսդիրը մի օր մտածի իմ նման անփաստաթուղթ մարդկանց մասին ու արտոնություն տա նոր անձնագիր ունենալու»: Տիկին Էթերին կարծում է, որ եթե անձը հաստատող փաստաթղթեր ունենան, չափահաս երեխաներն էլ աշխատանք կգտնեն, քայլ-քայլ ոտքի կկանգնեն, մյուս երեխաները գոնե դպրոց գնալու հնարավորություն կունենան: «Ամբողջ կյանքս թափառականի պես եմ ապրել՝ ընտանիքս անտանիք ու սոված չթողնելու համար: Իմ կյանքից ոչինչ չեմ հասկացել, կանացի երջանկություն երբեք չեմ զգացել»,- ամփոփում է Էթերի Խաթոյանը:
Հ. Գ. Դեռեւս 2009 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Որ մուրացիկ եւ անվկայական երեխաներ չլինեն» եւ դեկտեմբերի 5-ին՝ «Անփաստաթուղթ երեխաներ» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Հայաստանի մարզերում երեխաները կարող են դուրս մնալ պարտուսումից միայն ծննդյան վկայական չունենալու պատճառով: Լոռու մարզում խնդիրը հատկապես խորն է 18 գյուղերում՝ Ստեփանավանի տարածաշրջանի հունական Յաղդան, Կողես, Տաշիրի՝ ռուսական Պրիվոլնոյե, Մեսդովկա, Միխայելովկա, Պետրովկա, Սարատովկա, Գուգարքի՝ Լերմոնտովո, Ֆիոլետովո ռուսական համայնքներում եւ Թումանյանի տարածաշրջանի հեռուլեռնային գյուղերում: