Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահների լրատվամիջոցների հետ

Մարտ 22,2011 00:00

Տեղեկատվության ազատության կենտրոնը Աղվերանում կազմակերպել էր երկօրյա սեմինար, որին մասնակցեցին դատախազության, ոստիկանության, արդարադատության համակարգի լրատվության պատասխանատուներն ու աշխատակիցները:
Քննարկման թեման էր՝ «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում»: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը եւ տողերիս հեղինակը: Ավելորդ չեմ համարում շեշտել, որ ներկայացնելով իրավական թեմաներով լրագրողների դժվարությունները՝ զեկուցման մեջ առաջ եմ քաշել տեղեկատվության մատչելիության խնդիրները, տեղեկատվության տրամադրման ժամանակ որոշ խտրականությունների, օպերատիվության եւ առկա խոչընդոտների մասին հարցերը:
Պետք է նշել, որ առաջին անգամ էր նման ձեւաչափով միջոցառում կազմակերպվում (պաշտպանության նախարարության լրատվական վարչության պատասխանատուն էլ վերջին պահին չներկայացավ), եւ վերոնշյալ լրատվության պատասխանատուները որոշ դեպքերում լրագրողների քննադատության հետ համաձայն չէին: Գործընկերներս դժգոհում էին, որ պատահարների, արտակարգ իրավիճակների, այդ դեպքերի քրեական գործերի հետ կապված, երբ դիմում ես իրավապահ մարմիններին՝ նրանք տեղեկատվություն չեն տրամադրում «նախաքննական գաղտնիք է» անվան տակ կամ եթե տրամադրում էլ են, որոշակի վերաբերմունք են դրսեւորում տրված ինֆորմացիայի մեջ: «Առավոտի» մի օրինակը վերաբերում էր կալանավայրերից մեկում ինքնասպան եղած երիտասարդի դեպքին, երբ «լրացուցիչ» նշվել էր կախվածի հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ պահին մենք գտնում էինք, որ կային լրացուցիչ այլ տեղեկությունների հնարավորություններ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ իրենք պաշտոնական ինֆորմացիայի տրամադրման ժամանակ փորձում են «ձեռնպահ մնալ կասկածյալների իրավունքների եւ արժանապատվության դեմ ուղղված որակումներից»:
Միջոցառումը, որը կյանքի կոչվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, շարունակական է լինելու, քանի որ եղավ նման առաջարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել