Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԵ՛Ք ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Մարտ 22,2011 00:00

Անտառների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Թեղուտի պաշտպանության խումբը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանի անտառածածկ տարածքները օր օրի նվազում են՝ անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետեւանքով. «Վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Հազարավոր հեկտարների հասնող անտառներ հողօգտագործման փաստաթղթերում ներկայացվում են այլ կարգավիճակներով եւ օգտագործվում այլ նպատակներով: Հանքարդյունաբերության ծավալումը մեր երկրում ընթանում է անտառների հաշվին: Այս գործելաոճը սկսվել է Թեղուտի անտառի անխնա ոչնչացումից եւ ներկայումս շարունակվում է՝ ներառելով Կապանի ու Հրազդանի տարածքները: Միայն 2007-2010թթ. Հայաստանի ավելի քան 1600 հա անտառային հողերի նպատակային նշանակությունը փոփոխվել է եւ տարածքը հատկացվել է այլ նպատակների համար»: Հայտարարության մեջ նշված է, որ 2007-2010թթ. մեր երկրում անտառային ֆոնդին ավելացվել է ընդամենը մոտ 40 հա, իսկ ընդերքօգտագործման նպատակով կառավարության կողմից կատարվել է ավելի քան 3100 հա հողահատկացում.
«Անտառների ոչնչացման արդյունքում մեր երկիրը կարող է վերածվել միլիոնավոր տոննա թունավոր թափոններ պարունակող պոչամբարներով ու գյուղատնտեսության համար անպիտան դարձած հողերով լի, չորացած ջրային աղբյուրներով ու կենդանական ու բուսական աշխարհից զուրկ մի անապատի: Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից՝ դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, եւ ձեռնարկել արմատական քայլեր՝ արգելելու անտառների ոչնչացումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել