Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները ծառ են ուզում, ծառ

Մարտ 22,2011 00:00

Բակի ծառերը հատվում են, իսկ տարածքի բնակիչները գերատեսչություն չեն թողել, որ ծառահատումների դեմ չբողոքեն

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի թիվ 72 շենքի բակի փոքրիկ կանաչ տարածքը պահպանելու համար այս շենքի բնակիչները ստիպված են օր ու գիշեր հերթապահել, որպեսզի տարածքի սեփականատիրոջ վարձած բանվորները ծառերը չհատեն: Չնայած դրան, արդեն 10-ից ավելի ծառեր հատվել են, մնացել է ընդամենը մի քանիսը:
Ամեն ինչ սկսվել է դեռեւս անցյալ տարվանից, երբ թիվ 72 շենքի բնակիչներին պատկանող բակը հատկացվել է Ռ. Հարությունյանին, վերջինս անցյալ տարվա հունվարից պարբերաբար փորձեր է անում այս տարածքը «մաքրել» ու փոխարենը խանութ կառուցել, սակայն շենքի բնակիչները թույլ չեն տալիս: Նրանց խոսքերով, առանց այդ էլ այս տարածքում բավականին շատ են խանութները. «Միայն այդ հատվածն էր, որ կանաչ տարածք էր: Մեր շենքի շուրջբոլորն ասֆալտ է: Մեր շենքը կանգառին մոտ է, իսկ կանգառում բավականին շատ խանութներ կան, սկսած մթերայինից, մինչեւ տնտեսական, դեղատուն էլ կա: Մեզ մեր ծառերն են պետք, կանաչ գոտի, որ մի քիչ թթվածին շնչենք, այլ ոչ թե խանութ: Բացի այդ, այստեղ նպատակահարմար չէ խանութ սարքելը՝ բոլոր առումներով, մենք դա թույլ չենք տա»:
Շենքի բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, հանրապետության նախագահին, վարչապետին, որպեսզի գոնե մի գերատեսչություն արձագանքի եւ բնակիչների շահերը պաշտպանի: Նրանց զորակցություն են հայտնել միայն «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները, որոնք պարբերաբար այցելել են նշյալ տարածք եւ բնակիչների հետ միասին պայքարել ծառահատումների դեմ: Ընդառաջելով վճռական տրամադրված բնակիչներին, վերջերս քաղաքաշինության նախարարության բնապահպանական տեսչությունը վերջապես կասեցրել է այստեղ իրականացվող ծառահատման աշխատանքները, որպեսզի ուսումնասիրություն անցկացնի, սակայն տարածքի սեփականատիրոջ փորձերը չեն դադարում, նա 2 օր առաջ էլ է բրիգադ ուղարկել թիվ 72 շենքի բակ՝ մնացած ծառերն էլ հատելու ու կառուցվելիք շենքի հիմքը փորելու համար: Բնակիչները պատմում են, որ Վահագն Հարությունյան ներկայացած անձն իրենց խոստացել է, որ ամեն գնով իր նպատակին հասնելու է, մանավանդ որ, իրեն դրա համար տրված է շինթույլտվություն: Հիմա այս տարածքը ցանկապատած է, ներսում կտրված ծառերի գերաններն են ու կոճղերը: Կանգուն է մնացել միայն 2-3 ծառ:
Այն, որ այստեղ ծառահատումները կասեցվել են, «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ բնապահպանության նախարարության հանրապետական բնապահպանական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը: Նա տեղեկացրեց, որ կասեցման համար հիմք է հանդիսացել այն, որ սեփականատերը իրենց տեսուչներին միայն բանավոր է հայտնել, որ ծառահատումներ իրականացնելու թույլտվություն ունի. «Նա իր մոտ առկա որեւէ փաստաթուղթ չուներ: Բացի այդ, ոստիկանության տարածքային բաժնում կար հարուցված գործ՝ թիվ 72 շենքի բնակիչների բողոքների հիման վրա: Սակայն մեր հարցումներից պարզվեց, որ այս տարածքն իսկապես սեփականաշնորհված է, եւ սեփականատերն իրավունք ունի իր սեփական տարածքում ծառեր հատելու, եթե, իհարկե, այդ տարածքում առկա չեն «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակներ»:
Կառուցապատողն ունի՞ արդյոք այդքան ծառ հատելու թույլտվություն, շինարարության ավարտից հետո պարտավորվե՞լ է բարեկարգման աշխատանքներ կատարել՝ կանաչապատել եւ այլ հարցեր ուղղեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությանը, ինչին ի պատասխան՝ խոստացան պարզաբանումներ տալ այսօր:
Մեր տեղեկություններով, այս տարածքի իրական սեփականատերը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի եղբայրն է՝ Մհեր Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել