Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ՝ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻՑ

Մարտ 22,2011 00:00

\"\"Ո՞ւմ գրպանն են գնացել մահացածների «թոշակները»

2005 թվականի օգոստոսի 14-ին մահացած Ռոզա Մելքոնյանը, մահվանից 4 տարի անց, հետմահու դիմում է գրել սոցիալական ապահովության պետական ծառայությանն ու 2009-ի հուլիսին ստացել իր հաշվին փոխանցված կենսաթոշակի 1 միլիոն 24404 դրամ դեպոնենտային գումարը: Վերահսկիչ պալատի աշխատակիցների համար այդպես էլ մութ է մնացել, թե տիկին Ռոզան ինչպես է հանդերձյալ աշխարհից վերադարձել ու իր չապրած տարիների կենսաթոշակը պետությունից պահանջել ու հետն էլ ստացել: Այսպիսի հանելուկային, ոչ իրական պատմություններ ծառայության գործունեության 2008, 2009, 2010 թվականների ընթացքում՝ որքան ուզեք:
Երեկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանրությանը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացրած 3 տարիների կտրվածքով անցկացրած ստուգումների արդյունքները՝ նշելով, որ ստուգումները դեռեւս ընթացքի մեջ են, եւ իրենք մի քանի ամսից կհրապարակեն, թե այս ոլորտում տեղի ունեցած յուրացումների արդյունքում ընդհանուր առմամբ պետությանը որքան վնաս է հասցվել:
Պարզել, թե ում գրպանն են գնացել մահացածների գումարները՝ ՎՊ-ի լիազորություններից դուրս է, սակայն մի բան հաստատ է, որ մահացած կենսաթոշակառուի հարազատներին այդ «լեւի» թոշակներից մի լումա անգամ չի հասել: Օրինակ՝ տիկին Ռոզայի հարսը «ցուցմունք» է տվել, որ իր սկեսուրի մահվանից հետո նրա կենսաթոշակը դադարեցվել է: Իսկ վճարման ծառայության ցուցակներում ՎՊ-ի ստուգողները հայտնաբերել են, որ 2009-ին Ռ. Մելքոնյանը գրել ու ստորագրել է, որ ինքը ստացել է 1 միլիոն 2404 դրամ:
Նշենք, որ 3 տարիների կտրվածքով ՎՊ-ն ստուգել է սոցիալական ապահովության պետական ծառայության 51 տարածքային բաժիններից 14-ը, ինչի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:
Այսպես. 2008, 2009, 2010 թթ. կտրվածքով ՀՀ-ում մահացած կենսաթոշակառուների թիվը եղել է 58921 մարդ: ՎՊ-ն ստուգել է 843 գործ, որից 581-ը տարաբնույթ խախտումներով է եղել: Մահվանից հետո անձին ցուցակներից հանելու փոխարեն ծառայությունը նրան ամեն ամիս պարտաճանաչ թոշակ է տվել. 2005-ի սեպտեմբերի 2-ին այն աշխարհ գնացած Աբելյա Հակոբյանը իր կենսաթոշակը ստացել է մինչեւ 2010 թվականը, այսինքն՝ մինչեւ ՎՊ-ի ստուգման պահը նա ստացել է կենսաթոշակ: Մահվանից հետո վճարված գումարն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 100 հազար դրամ: Դեպոնենտ կարգով թոշակ ստացող կենսաթոշակառուների թիվը նշյալ 3 տարիների ընթացքում ՀՀ-ում կազմել է 14 287 մարդ: Մեկ այլ ստուգման արդյունքում պալատը հայտնաբերել է, որ դեպոնենտը վճարվել է արդեն վճարված ժամանակաշրջանի համար, այսինքն՝ կատարվել է կրկնակի վճարում: Կենսաթոշակառու Աշոտ Մխոյանին 2008 թ. հոկտեմբերին միանվագ վճարվել է 6 ամսվա կենսաթոշակ: Վճարումը կատարելուց 3 ամիս անց արդեն վճարված ժամանակաշրջանի համար կրկին կատարվել է վճարում: Նույն սցենարը կրկնվել է քաղաքացի Մարգարիտա Սելեյդարյանի մասով. 2009 թվականի օգոստոսին տիկնոջը վճարվել է 1 միլիոն 85 հազար դրամի չափով դեպոնենտային գումար, սակայն տարածքային տեղեկատվական բազայում ներկայացվել է որպես չվճարված:
Սոցիալական ծառայության մեքենայությունները չեն շրջանցել նաեւ ՎՊ-ի աշխատակիցներից մեկին: Պալատը հայտնաբերել է, որ իր աշխատակից Նարինե Պողոսյանի տատի ու պապի անուններով, որոնք շուրջ 15 տարի բնակվում են ԱՄՆ-ում, պետբյուջեից գումարներ են դուրս գրվել եւ յուրացվել: Մինչդեռ Ն. Պողոսյանը վստահեցրել է, որ իր տատն ու պապը 2009-ին Հայաստան չեն եկել, ուստի չէին կարող ստանալ իրենց բացակայած տարիների դեպոնենտային գումարը, որը կազմել է համապատասխանաբար՝ 842 430 եւ 978 261 հազար դրամ: Պարոն Զաքարյանի խոսքերով, եթե թոշակառուն երկրից բացակայում է, ապա պետությունը նրա վերադառնալուց հետո նրան վճարում է վերջին 3 տարիների գումարը, այն էլ պարտադիր պահանջվում է թոշակառուի գրած դիմումն ու նրա ներկայությունը: ՎՊ-ի արձանագրած խախտումներն առնչվել են նաեւ ստաժի վերաբերյալ քաղաքացիների ներկայացրած կեղծ տեղեկանքներին:
Լիաննա Դաբաղյանը ծառայություն է ներկայացրել «Լիաննա» ՍՊԸ-ի տրամադրած տեղեկանքը, ըստ որի՝ նա ընկերությունում աշխատել է 1973-ից 2008 թթ.-ն, սակայն պալատը պարզել է, որ ՍՊԸ-ն պետական գրանցում ստացել է 1995 թ.-ին: Այսինքն՝ 22 տարվա աշխատանքային ստաժի մասին տեղեկատվությունը կեղծ է եղել:
Վետերաններին հատկացվող պատվովճարների մասով նույնպես մի շարք խախտումներ են հայտնաբերվել: Հայրենական պատերազմի վետերանի պատվովճարի են արժանացրել Արթուր Գյուրջինյանին: Նա ծնվել է 1959 թվականին, այսինքն՝ պատերազմը ավարտվելուց էլ 14 տարի անց: Կամ մեկ այլ դեպքում պատվովճար է վճարվել արդեն մահացած վետերան Արկադի Սարգսյանին:
Ինչ վերաբերում է սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին պատասխանատվության ենթարկելու՝ լրագրողներից մեկի հարցին, Ի. Զաքարյանն ասաց. «Գլխավոր դատախազություն գնում են միայն այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի խորհրդում հաստատվում են։ Այսօր մենք այդ որոշումը չենք կայացրել շատ պարզ պատճառով։ Իհարկե, մենք տեսնում ենք նաեւ քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն մինչեւ հունիս ամիս մենք ժամանակ ունենք հստակ ճշտելու՝ վերջիվերջո ի՞նչ է կատարվել էս ամբողջ բնագավառում»։
Պարոն Զաքարյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի «Քրեական օրենսգրքում» նախատեսվող եւ ներկայումս քննարկման փուլում գտնվող այն փոփոխության մասին, ըստ որի՝ պետությանը գումարային վնասներ հասցրած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մեր դիտարկմանը, թե արդոք ՎՊ-ի ստուգումնե՞րը չեն պատճառը, որ նման փոփոխություն են ուզում անել, քանի որ, եթե պալատը այդպես շարունակի՝ համարյա բոլոր ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներին ազատազրկում է սպասվում, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ անհրաժեշտությունը հատկապես մեր ստուգումներից հետո է եղել, օրենսդրական դաշտը այնպիսին է, որ բազմաթիվ օրենքներ ենթարկվում են փոփոխությունների, օրենքներ կան, որոնք մի քանի անգամ են փոփոխվում, գուցե այդ է պատճառը, ամեն դեպքում ես չունեմ նման տեղեկատվություն, որ մեր ստուգումների պատճառով կարող է լինել: Օրենքի հետեւում կանգնած են մարդիկ, որոնք պատասխանատու են բնագավառի համար եւ պատասխանատու են օրենսդրական դաշտի կատարելագործման համար նաեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել