Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձել է Հայաստանում գույքի մասնավորեցման եւ գնորդների ներդրումային պարտավորությունների կատարման տեմպերին:
Այս մասին տեղեկացնում է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Վարչության պետ Կարինե Կիրակոսյանի տեղեկացմամբ, 2000-2010 թթ. ժամանակահատվածում գնորդները պարտավորվել էին 21 միլիարդ դրամի ներդրում կատարել, բայց մինչեւ հիմա միայն 18 միլիարդ դրամն է կատարվել. «Անցած տարվա տվյալներով, 897 գնորդ ենք ունեցել, որից 773-ն է կատարել ներդրումներ: Պարտավորությունները գերակատարել է 304 գնորդ»: Ներդրումների հարցում թերացող գնորդներից տիկին Կիրակոսյանն առանձնացրեց «Դվին» հյուրանոցի սեփականատերերին՝ նշելով, որ 2004 թվականից այս կողմ ոչ մի ներդրում չեն արել. «Դվինն» ունի հիմնավորված պատճառներ, որովհետեւ մինչեւ 2009 թվականը դատական գործընթացներում է եղել, մոտ 200 դատական հայցի է պատասխանել: Դատական գործընթացները նոր-նոր են ավարտվել, ու գնորդը 10 միլիոն դրամի չափով ներդրումներ է անելու առաջիկայում»: Տիկին Կիրակոսյանի խոսքով, 2010-ին մասնավորեցվել ու օտարվել է 5 պետական գույք, վաճառքից էլ պետբյուջե է մտել 433 միլիոն 336.000 դրամ: Նրա խոսքով, ոլորտում սպասվող առաջիկա բարեփոխումների շրջանակում նախատեսել են հաշվառման բազան ընդլայնել: «Մեր գործող բազայում հիմնականում ընդգրկված է միայն անշարժ գույքը, եւ բաց են թողնված միջպետական, մարզային ու կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, դրանց վրա գտնվող կառույցները: Հաշվառման բազան ընդլայնելով՝ նպատակ ունենք լրացնել այդ բացը»,- նշեց վարչության պետը:
Նա նաեւ ասաց, որ հաշվառման բազայում ընդգրկված է 4220 անշարժ գույք, եւ արդեն 1000 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցում են իրականացրել: Սրանից բացի, հաշվառվել է նաեւ 408 պետական առեւտրային կազմակերպություն: Տիկին Կիրակոսյանի խոսքով, պետական սեփականություն հանդիսացող մոտ 700 անուն գույք է մտել իրենց հաշվեկշիռ, եւ 200 ՊՈԱԿ-ների հետ էլ կնքվել են անհատույց օգտագործման պայմանագրեր. «Սա հնարավորություն է տալիս կանոնակարգված մոտենալ գույքի հետ առնչվող խնդիրներին, ՊՈԱԿ-ներն էլ կիմանան՝ ինչպես վարվեն այդ գույքի հետ, եւ պետական գույքի տնօրինման գործում կարգ ու կանոն կհաստատվի»:
Վարչության պետը ոլորտի գերակա խնդիրներից առանձնացրեց համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական շենք-շինությունների սեփականության իրավունքի գրանցման հարցը. «Մեր հաշվարկներով, 4220 գույքից դեռ 2000 գույքի սեփականության իրավունքը հստակեցված չէ, իսկ 561 գույքի համար սեփականության իրավունք համայնքին է վերապահված»: