Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՇԻՐԱԿՑԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼԵԶՈՒ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

Մարտ 22,2011 00:00

\"\"Ախուրյանի շաքարի գործարանի շուրջ բանակցությունները սկսել է գլխավորել գյուղնախարարությունը

Ինչպես հայտնի է՝ շիրակցի գյուղացիները համառորեն հրաժարվում են գործ բռնել Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ՝ պատճառաբանելով, որ վերջինս անչափ ցածր է վճարում ճակնդեղագործությամբ զբաղվելու համար: Պատգամավորը անցած տարվա դրությամբ գյուղացիներին 1կգ ճակնդեղի համար նախատեսում էր վճարել 25 դրամ, որի պատճառով էլ գյուղացիները ընդհանրապես մոտ չեկան, շաքարի գործարանն էլ պաշտոնապես բացվելուց ու մեկ ամիս աշխատելուց հետո անհայտ ժամանակով փակվեց: Այս տարի պայմանները կարծես թե փոխվել են. մոտ 10 օր առաջ գյուղնախարարություն էին հրավիրվել ինչպես գործարանի ներկայացուցիչները, այնպես էլ Շիրակի ու Լոռու մարզպետարանների գյուղվարչության պետերն ու խոշոր ֆերմերները՝ քննարկելու փոխհամագործակցության շահավետ պայմանները:
Ինչպես «Առավոտին» փոխանցեցին Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունից, բանակցությունների արդյունքում որոշվել է 10 դրամով թանկացնել 1կգ ճակնդեղի համար վճարվող գինը՝ 25-ից դարձնել 35 դրամ: Բացի այդ, Շիրակի մարզպետարանը հանդես է եկել որոշակի առաջարկներով, գործարանի սեփականատիրոջը առաջարկվել է գյուղացիներին շահագրգռելու համար տրամադրել սերմ ու մասնագիտական տեխնիկա, իհարկե՝ վճարովի: «Ինչպես ասում են, այժմ գնդակը շաքարի գործարանի սեփականատիրոջ դաշտում է, սպասում ենք պատասխանի, մի քանի օրից ամենայն հավանականությամբ նրանք կասեն՝ ինչ են որոշել: Եթե գնային սանդղակը թանկացնեին, ասենք՝ 1կգ-ի համար 45 դրամ նախատեսեին, գյուղացին ինքն իրենով կցաներ, անհրաժեշտություն չէր լինի շաքարացան, հավաքող կոմբայն կամ էլ պարարտանյութ պահանջելու; Տեսնենք, ինչ կստացվի, ասենք, որ փոխհամաձայնության փուլում ենք, բանակցային գործընթաց է, ու այս հարցի կարգավորմամբ շահագրգռված է անձամբ երկրի ղեկավարը»,- հայտնեցին Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունից:
Արդյոք գյուղացին պատրա՞ստ է 1կգ-ի համար վճարվող 35 դրամի դիմաց զբաղվել ճակնդեղագործությամբ: Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը մեր այս հարցին ի պատասխան, միանգամից տեղեկացրեց, որ գյուղնախարարությունում տեղի ունեցած քննարկումից հետո գյուղացիներից ոչ մեկը դեռեւս այս հարցով չի դիմել գյուղապետարան: Ազատանցիներն էլ փոխանցեցին, որ թեեւ իրենց գյուղը ժամանակի ամենաշատ ճակնդեղ ցանող տեղանքն է եղել, սակայն գյուղացիները նոր գնի մասին լսել անգամ չեն ուզում: «Եթե ուզում են շաքարի գործարանն աշխատի, գյուղացուն պիտի վճարեն ոչ պակաս, քան 50 դրամ, գումարած ավելի: Ինչո՞ւ շաքարի գործարանի տնօրինությունը համայնք առ համայնք չի շրջում ու գյուղացիներին չի լսում, ո՞վ կարող է ավելի լավ հաշվարկներ ներկայացնել, քան գյուղացին: Շաքարի ճակնդեղը ռիսկային կուլտուրա է, ծախսերն անխոս ավելի շատ կլինեն, քան ստացած եկամուտն է, 700 000 դրամի կարգի ծախսեր դուրս կգան: Եթե 35 դրամի սահմաններում ճակնդեղ մթերենք, լավագույն դեպքում 40 տոննա ենք ստանում, իհարկ՝ եթե հողային պայմանները գերազանցեն: Շաքարի գործարանի ներկայացուցիչները Արեւիկի տարածաշրջանում 40 հեկտար հող վերցրեցին ու ճակնդեղ ցանեցին, գրեթե ոչինչ չմնաց իրենց: Եթե ուզում են որոշակի արդյունքների հասնել, մեր հողերի մեջ 3-4 տարի շարունակ պետք է ներդրումներ կատարեն, հողի կազմը բարելավեն: 15-20 տարի շարունակ հողում բացակայում են այնպիսի կոմպոնենտներ, ինչպիսիք կալցիումն ու ու ֆոսֆորն են»,- ասաց ազատանցիներից մեկը: Իսկ եթե շաքարի գործարանի տնօրինությունը համապատասխան տեխնիկա տրամադրի, այդ դեպքո՞ւմ էլ ազատանցիները կհրաժարվեն ճակնդեղագործությունից, մեր զրուցակիցն ասաց. «Նրանք անխոս չեն կարողանա այդքան բարձր որակի մասնագիտական տեխնիկա տրամադրել, այդպիսի տեխնիկա միայն գերհզոր երկրներում կա, իսկ եթե մեքենայացված տեխնիկա չկա, ուրեմն աբսուրդ է ճակնդեղ ցանելը: Իրենք Բելառուսի տեխնիկան պիտի տրամադրեն, սա էլ չի կարող նորմալ աշխատել մեր պայմաններում»:
 Գյուղացիներից մեկն էլ ավելի կոնկրետ հաշվարկներ ներկայացրեց: Ըստ նրա, սովետի տարիներին Ազատան գյուղում 1 հեկտար հողից լավագույն դեպքում 30 տոննա ճակնդեղ են ստացել, եթե իրենցից 1կգ-ը 30 դրամով գնեն, ապա իրենք 900000  դրամ գումար կստանան, որից սակայն 150000 դրամը ստիպված կլինեն պարարտանյութի վրա ծախսել, 5-6 անգամ պիտի ջրեն Ազատանի տարածաշրջանի հողերը, այնպես որ, ոռոգման ջրի համար 80000-90000 դրամ պիտի վճարեն, մնացած ընթացիկ ծախսերն էլ՝ տրակտորի վարելը, ցանքսը եւ այլն, կկազմեն 300000 դրամ: Ըստ մեր զրուցակցի, դիզելային վառելիքը եւս թանկացել է՝ անցած տարվա 5800 դրամից դառնալով 8000 դրամ: «Այնպես որ, թող անուն չհանեն, թե գին են բարձրացնում, ճակնդեղից բացարձակ եկամուտ չկա, չարչարանքն ահավոր է, ամենադժվար մշակվող կուլտուրան է, ուղղակի, չգիտես ինչու, գյուղացուն զոռով ուզում են պարտատեր դարձնել, ոնց որ ասեն՝ գնացեք, բանկերից վարկեր վերցրեք՝ ու սաղ կյանքներդ եկամուտ չտեսած տոկոս փակեք»,- նեղսրտեց ազատանցին: Մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ շաքարի գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանից. շաքարի գործարանը չի աշխատում, վերջինս էլ փոխել է իր բջջայինի հեռախոսահամարը, իսկ նոր հեռախոսահամարը, չգիտես ինչու, թաքցնում են լրագրողներից, սակայն նշենք, որ այս թեմայի շուրջ պատրաստ ենք լսել նաեւ երկրորդ կողմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել