Լրահոս
Օրվա լրահոսը

Գնա՞լ, թե՞ չգնալ. այս է խնդիրը

Մարտ 22,2011 00:00

\"\"Պատգամավորները մտածում են՝ այցելե՞ն իրենց գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Ազատության հրապարակում, թե՞ ոչ:

Խորհրդարանը երեկ ծանր երկունքի մեջ էր: Քառօրյան դեռ նոր-նոր էր սկսվել, երբ Վիկտոր Դալլաքյանը դիմեց ԱԺ նախագահին, թե ի՞նչ եք մտածում՝ չգնա՞նք Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցության, չպարզե՞նք, թե ինչո՞վ է պայմանավորված մեր գործընկերոջ այդ ծայրահեղ քայլը, չդիմե՞նք հորդորով, թե՝ դադարեցրու ծոմը, ինչպես նաեւ՝ չփորձե՞նք պարզել, թե ինչու է «Ժառանգությունը» արդեն երկրորդ քառօրյան բոյկոտում խորհրդարանական աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն էլ, թե՝ կմտածենք, կքննարկենք, կորոշենք: Վիկտոր Դալլաքյանն էլ, թե՝ «Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քայլը գնահատելը չէ կարեւոր, այլ մարդկային եւ մարդասիրական վերաբերմունքը, որը խորհրդարանը պետք է ցուցաբերի իր անդամի նկատմամբ»։ Պետք է մտածեին եւ որոշում կայացնեին երեկվա նիստերի առաջին ընդմիջմանը, բայց «հանկարծ» պարզվել է, որ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարն այսօր օբյեկտիվ պատճառներով չի կարողացել մասնակցել քննարկումներին, եւ դրանք հետաձգվել են: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողներին հայտնեց, որ չի ուզում հարցը քաղաքականացնել, առավել եւս, որ ինքը Մեծ Բրիտանիայից վերադառնալուց հետո զրուցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ, «բայց որեւէ կոնկրետ պատճառ չհասկացա նրա մեջբերումներից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ կոնկրետ հարցադրում չի ներկայացրել»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ չի ուզում բարդացնել խնդիրը, պարզապես հարկ է հասկանալ, թե «Ժառանգության» նախագահը ի՞նչ խնդիրներ է առաջադրում, որ մինչեւ այսօր չի առաջադրել: Հովիկ Աբրահամյանն ասաց նաեւ, թե որեւէ խնդիր չի տեսնում անձամբ հացադուլավոր պատգամավորին այցելելու մեջ ու չի պատրաստվում բացառել այդ տարբերակը, բայց եւ տեղեկացրեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը օրեր առաջ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ փորձել հասկանալ, թե ինչո՞վ ԱԺ ղեկավարությունը կարող է աջակցել նրան. «Բայց վերջինս որեւէ խնդիր չի առաջադրել»: Ազգային ժողովի նախագահը նաեւ ասաց. «Նրանք («Ժառանգությունը»- Մ. Ե.) այսօր էլ չէին մասնակցում մեր աշխատանքներին, ինչը ցավով եմ նշում, որովհետեւ շատ կարեւոր խնդիրներ ունենք քննարկելու, եւ ես ուղղակի կուզենայի, որ նրանք ներկա լինեն»:
Լրագրողները տեղեկացրին, որ Ազատության հրապարակում միջադեպ է տեղի ունեցել «Ժառանգության» պատգամավորների եւ ոստիկանների միջեւ, վերջիններիս արգելել են հովանոցի տեղադրումը այն տեղում, որտեղ ակցիա է անցկացնում Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ միջամտության արդյունքում վնասվել է Լարիսա Ալավերդյանի ձեռքը: ԱԺ նախագահն ասաց՝ համոզված է, որ ոստիկանությունը շարժվում է օրենքով. «Ես համոզված եմ, որ ոստիկանները շարժվում են օրենքով ու օրենքի տառը պետք է պահեն, քանի որ դա նաեւ հանրապետության նախագահի հանձնարարականն է, եւ բոլորը պետք է գործեն օրենքի շրջանակում»: Հովիկ Աբրահամյանը ասաց, թե պատգամավորներն առաջինը պետք է հետեւեն օրենքին եւ հարգեն հասարակությանը՝ կլինի ոստիկան, պատգամավոր, թե նախարար: Անդրադառնալով Ներսիկ Նազարյանի խոսքերին, թե հովանոց տեղադրելն արգելված չէ, բայց ինքը թույլ չի տա հովանոց տեղադրել, ԱԺ նախագահն ասաց. «Ես չեմ ուզում դրա վրա սեւեռվել, քանզի բովանդակային առումով դա ոչինչ չի փոխելու: Պարզապես պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է հացադուլի դիմել, քանզի ոչ մի քաղաքական հիմնավորում չեմ տեսնում, ու նպատակ էլ չի առաջադրվել, թե ինչ նպատակով է դիմել այդ քայլին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել