Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՕ-Ն ՓՈՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ, ԿՐԿԻՆ, ԴԱՐՁՅԱԼ, ՎԵՐՍՏԻՆ

Մարտ 22,2011 00:00

\"\"Ընտրական պրոցեսը կնկարահանվի, քննարկումների ժամանակ «Ժառանգության» տեղը երեւում է, թեպետ Դաշնակցությունը բավականին ակտիվ էր:

Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ընդ որում, Ազգային ժողովի օրակարգում է նման երկու փոփոխություն՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացրածը եւ Դաշնակցություն խմբակցության ներկայացրածը՝ որպես այլընտրանք: Ի սկզբանե ասենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ուղղակիորեն հայտարարեց, թե այս նախագիծը պետք է արժանանա բացասական վերաբերմունքի. «Այն նախագիծը, որը իշխանությունը ներկայացնում է որպես բարեփոխում, ոչ միայն բարեփոխում չէ, այլեւ ընտրական խախտումների նոր հնարավորությունների ապահովմանն ուղղված գործողություն»: Ըստ Արծվիկ Մինասյանի. «Դուք վերցրել եւ նորմեր եք ամրագրել, որի պայմաններում քաղաքացին ընտրախախտումների մասին բողոք ներկայացնելիս պետք է ունենա ապացույցների ամբողջական փաթեթը: Եթե այդքան ապացուցողական բազա ունենա, հավատացեք՝ ոչ թե կներկայացնի հանձնաժողովին, այլ դուրս կգա փողոց եւ կիրականացնի այն իշխանափոխությունը, որը չհաջողվեց 2008-ի մարտի 1-ին, այդ թվում նաեւ՝ արյունահեղությամբ: Եվ պատահական չէ՝ այն փոփոխությունները, որոնք դուք համարում եք, թե ուղղված են ընտրական բարեփոխումներին, որեւէ ձեւով չեն բացառել նոր մարտիմեկերի ի հայտ գալու հնարավորությունը»:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացնելով կոալիցիայի նախագիծը՝ նշեց, որ շատ հաճախ հնչում են կարծիքներ, թե ընտրական ցուցակների թվերը փոփոխվում են ընտրության նախաշեմին, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվում են անհասկանալի թվով մարդիկ, եւ այդ գործընթացը թափանցիկ չէ: Ըստ Դավիթ Հարությունյանի, իրենց կողմից ներկայացված նախագիծն «առաջարկում է, որպեսզի քվեարկության օրվանից 30, 20, 10 օր առաջ եւ քվեարկության նախորդ օրը հրապարակվի ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը»։ Հրապարակայնության հետ կապված երկրորդ կարեւոր հարցը, ըստ օրինագծի հեղինակների՝ ընտրությունների արդյունքների ամփոփման փուլն է. «Նախատեսված էր, որ քվեարկության արդյունքները պետք է աղյուսակավորվեն, սակայն ե՞րբ, ո՞ր պահին: Գաղտնիք չէ, որ քվեարկության ավարտից անմիջապես հետո կրքերը չափազանց լարվում են, եւ ծագում են բազմաթիվ հարցականներ: Մենք անդրադարձել ենք այս հարցին եւ պահանջել, որ աղյուսակավորումը սկսվի քվեարկության օրը, ժամը 24.00-ից ոչ ուշ: Այսինքն՝ քվեարկության ավարտից հետո մի քանի ժամ անց արդեն պետք է տեղի ունենա արդյունքների աղյուսակավորում»: Ընտրությունների նպատակով ընտրական հիմնադրամի ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են քարոզչությունը սկսվելուց՝ 10 եւ ընտրությունների ավարտից 6 օր հետո: Ըստ Դավիթ Հարությունյանի, հարկ կա ապահովել այս ֆինանսական ծախսերի թափանցիկությունը: Առաջարկը սա է՝ հայտարարագիրը ներկայացվի քարոզչությունը սկսվելուց 10-20 օր հետո եւ արդյունքներն ամփոփելուց 2 օր առաջ:
Այսօր գործող օրենսգրքում նախատեսված չէ այն տեղեկությունների ցանկը, որը հարկ է ներկայացնել հանրությանը: Ըստ Դավիթ Հարությունյանի, ԿԸՀ տնօրինության տակ գտնվող ամբողջ տեղեկատվությունը պետք է տեղադրված լինի ԿԸՀ կայքում, եւ նախատեսված են նաեւ կոնկրետ տեղեկությունների տեղադրման ժամկետները: Նախընտրական քարոզչության մասին գործող օրենսգիրքը նախատեսում է, որ քարոզչության համար անվճար նախատեսվում են միայն պետական դահլիճները. «Սակայն հաշվի առնելով այն փոփոխությունները, ըստ որոնց՝ մենք գույքի հիմնական մասը փոխանցել ենք ՏԻՄ տնօրինությանը, մենք, փաստորեն, բաց ենք թողել մի կարեւոր հատված՝ այն դահլիճները, որոնք գտնվում են ՏԻՄ տնօրինության տակ: Նոր առաջարկությունը ենթադրում է, որ նախընտրական քարոզչության համար անվճար պետք է տրամադրվեն ոչ միայն պետական, այլեւ համայնքային դահլիճները, ավելին, նրանց ցանկը պետք է նախապես պատրաստ լինի եւ տեղադրված ԿԸՀ կայքում, որպեսզի ընտրության մասնակիցները նախապես տեղեկացված լինեն, թե ինչ ռեսուրսների են տիրապետում համայնքում»։ ԸՕ փոփոխությունների շարքում որոշակի վերանայման է ենթարկվել նաեւ բարեգործության հարցը: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անունները կարող են նմանեցվել, կամ որոնք կարող են ասոցացվել որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների հետ, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավունք չպիտի ունենան բարեգործություն իրականացնել: Դավիթ Հարությունյանը հարկ համարեց հիշեցնել, թե իրենց ներկայացրած փոփոխություններից այս մեկը, որը վերաբերում է առեւտրային գովազդին, իրենք վերցրել են ՀՅԴ առաջարկներից. «Խոսքը առեւտրային գովազդի գների մասին է: Բազմաթիվ մեղադրանքներ նախկինում հնչում էին, որ հեռուստաընկերությունները օգտվում են առիթից եւ նախընտրական քարոզչության ժամանակ կտրուկ բարձրացնում են առեւտրային գովազդի համար գները: Ուստի օրենքը կսահմանի հստակ չափորոշիչ, ըստ որի՝ քաղաքական գովազդի մեկ րոպեն չի կարող գերազանցել վերջին վեց ամսվա առեւտրային գովազդի միջին գինը: Այս դրույթը տարածվում է բոլոր հեռուստառադիոընկերությունների վրա՝ անկախ սեփականության ձեւից»: Առաջարկվող փոփոխություններով մեծացվել է նախընտրական հիմնադրամների չափը՝ դարձնելով «ավելի ողջամիտ»:
Հարակից զեկուցող Արա Սիմոնյանը պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի հարցին՝ հարկ չկա՞, որ կանանց դերը եւ թիվը ավելի մեծ լինի խորհրդարանում, մանավանդ՝ եվրոպական պահանջն է դա, եւ եվրոպական երկրներում այդ դերը բարձր է, ասաց. «Ես համաձայն չեմ, որ պետք է քվոտավորվի, եվրոպացիները գուցե ինչ-որ խնդիրներ ունեն, որ կանանց թիվը ամրագրվի, ես ավելի լավ կարծիք ունեմ մեր ազգի մասին, մենք ավելի կնամեծար ենք, եւ եթե կինը ժամանակ, հնարավորություն եւ ցանկություն ունի մասնակցելու ընտրական գործընթացներին եւ քաղաքականությանը, չեմ կարծում, որ կնոջ առջեւ կարող են լինել ինչ-որ արգելքներ: Եթե դուք ակնկալում եք, թե թիվը, համամասնությունը պետք է տարբեր լինի, կարծում եմ՝ հաճելի է աշխատել մի միջավայրում, որտեղ կան խելացի, բանիմաց, գեղեցիկ կանայք»: Լիլիթ Գալստյանը հակադարձեց՝ որտեղ պետք է, ընդունվում են եվրոպական փորձը եւ արժեքները, որտեղ պետք չի՝ մերժում եք, իսկ «կնամեծարությունը քաղաքական կատեգորիա չէ, կնամեծարության մասին մենք այլ ոլորտներում կարող ենք խոսել եւ այլ ֆորմատներով»:

Հ. Գ. Վենետիկի հանձնաժողովը քննարկվող օրինագծի մասին իր կարծիքը կներկայացնի ապրիլի կեսերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել