Լրահոս
Օրվա լրահոսը

Փողով, կեղծիքով ու գազելներով

Մարտ 22,2011 00:00

ՀՀԿ-ն հերթական «հաղթանակը» տարավ

Մարտի 20-ին Արմավիրում համայնքի ղեկավար էին ընտրում: Հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ, Հանրապետական Ռուբեն Խլղաթյանի եւ Արմավիրի դատախազի տեղակալի որդու՝ անկուսակցական Սեւակ Մինասյանի միջեւ: Պաշտոնական տվյալներով՝ հաղթել է Ռուբեն Խլղաթյանը՝ 6849 «կողմ» ձայներով, 1038 ձայնի առավելությամբ: Ինչպես հայկական յուրաքանչյուր ընտրություն, սա էլ ընտրակեղծիքների առատությամբ ու բազմազանությամբ մյուսներից չտարբերվեց: Գործող քաղաքապետի թիմը նախորդ երեք տարիներին պարապ չէր նստել. ջանացել էր Արմավիրում նոր հասցեներ մոգոնել եւ բնակեցնել դրանք անհայտ մարդկանցով, որպեսզի ընտրության օրը աներեւույթ անձինք գային ու քվեարկեին հենց Խլղաթյանի օգտին: Մեզ հաջողվեց պարզել գոյություն չունեցող հասցեներից երկուսը՝ Մաշտոցի 4-րդ եւ Շիրազի 1-ին նրբանցքները: Իսկ Երեւանյան 16 հասցեում 17 հոգու անուն ավելի էր գրանցվել: «Առավոտն» իր հրապարակումներում քանիցս ահազանգել էր նման փաստեր, որոնք, սակայն, հայրենի իրավապահների ուշադրությանը չարժանացան: Մաշտոցի 3Բ շենքի բնակիչ Եդիգարյանին էլ զարմացրել էին իր տանն ապրող՝ իրեն անտես ու անծանոթ բնակիչները, որոնց հետ, փաստորեն, ինքը երկար տարիներ ապրում է եւ այդ մասին իմացել է միայն ընտրության օրը: Սեւակ Մինասյանի շտաբից «Առավոտին» տեղեկացրեցին, որ Խլղաթյանի մարդիկ, որոնք հիմնականում Երեւանից եւ Թալինի տարածաշրջանից են, բացահայտ փող են բաժանում ոչ միայն բազմաբնակարան տների բակերում, այլեւ ընտրական տեղամասերի տարածքներում: Մինչեւ կեսօր գումարի չափը 10.000 դրամ է եղել, կեսօրից հետո հասել է 25.000-ի: Գումար բաժանողներից մեկին՝ Տիգրան Ավետիսյանին, հենց փողը բաժանելիս Սեւակ Մինասյանի վստահված անձը բռնել եւ տարել է շտաբ, որտեղ զեղծարարը նույնիսկ գրավոր խոստովանել է այդ մասին: Դեպքի մանրամասները Մինասյանի շտաբում նաեւ տեսագրվել են: Տեղեկանալով դեպքի մասին՝ թե՛ ընտրակաշառք բաժանողը, թե՛ նրա ձեռքը բռնող Անուշավան անունով վստահված անձը բերման են ենթարկվել Արմավիրի ոստիկանական բաժանմունք: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունում փաստերով ապացուցվում է, որ, հիրավի՝ ընտրակաշառք բաժանվել է: «Բայց, չգիտես ինչու, զեղծարարին շատ արագ բաց են թողնում, իսկ դեպքը բացահայտողին ութ ժամ բաժանմունքում պահելուց հետո միայն ազատում: Մինչ Անուշավանին ազատելը, սակայն, խոսակցություններ էին տարածվել, թե ուզում են առեւանգման հոդվածով նրա վրա գործ սարքել: Հետո երեւի ավելի խելոքները խորհուրդ չեն տվել. թե չէ՝ սրանցից ամեն ինչ կարելի էր սպասել: Մի երկու օր հետո էլ կհայտարարվի, թե՝ Արմավիրի քաղաքապետի ընտրություններն անցան բաց եւ թափանցիկ, առանց լուրջ միջադեպերի»,- ասացին Մինասյանի շտաբում:
Հարցին, թե ոստիկանությունն է՞լ է Խլղաթյանի համար աշխատում, քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանն ասաց՝ Խլղաթյանն օգտագործում է իր բոլոր լծակները:
Ժամ առ ժամ թեժացող կրքերը զսպելու համար Արմավիրում «հերթապահում» էր Երեւանից եկած հատուկ նշանակության ջոկատը: Իսկ ասել, թե շարքային արմավիրցիներն ընտրության գնում էին ինքնակամ, արդարության դեմ մեղք գործած կլինենք: Նրանք կամ չէին գնում, կամ գնում էին հատուկ իրենց համար ուղարկված «Գազելներով»:
Արմավիրի 21/02, 21/04, 21/05, 21/06, 21/10, 21/14 տեղամասերում խախտվում էին թեկնածուների վստահված անձանց իրավունքները՝ չթույլատրելով նրանց ստուգել ընտրողների անձնագրերը, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին արգելել են նկարահանումներ կատարել: 21/08 տեղամասում նույնիսկ պահանջել են հանել արդեն անջատված տեսախցիկը: Ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների մեծամասնությունը, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանությունների, համայնքի ղեկավարի թեկնածու Սեւակ Մինասյանի վստահված անձանց չի թույլատրել տեսանկարահանել ընտրությունների ընթացքը, ավելին՝ խախտելով ընտրատեղամասում գտնվելու նրանց իրավունքը՝ դուրս էին հրավիրում ընտրատեղամասից: Վստահված անձինք որոշ ընտրական տեղամասերում (թիվ 21/01, թիվ 21/08, 21/13) պահանջել են, որպեսզի տեսանկարահանումը չթույլատրելու եւ տեղամասից դուրս հրավիրելու վերաբերյալ կազմվեն համապատասխան արձանագրություններ: Սեւակ Մինասյանը պատրաստվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունները բողոքարկել դատական կարգով: «Առավոտը» փորձեց ԸԸՀ նախագահ Գայանե Սուքիասյանից պարզել, թե ինչն է պատճառը, որ խնդիրներ են առաջանում լրագրողների աշխատանքի հետ կապված, երբ դրանք կարգավորվում են ՀՀ ընտրական օրենքով եւ շատ հստակ: Որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահները լրագրողներին արգելել էին 10 րոպեից ավելի ձայնագրել եւ նկարահանել: Տիկին Սուքիասյանը յուրօրինակ բացահայտում արեց: Պարզվում է, լրագրողներն իրենց տեսախցիկներով եւ ձայնագրիչներով հոգեբանական ճնշում էին գործադրում ընտրողների վրա: Ճնշման ուժն այնքան մեծ էր, որ ընտրությունների մեկնարկից մեկ ժամ 13 րոպե անց նման որոշում կայացնելու անհրաժեշտություն կայացավ: Երբ տիկին Սուքիասյանը հասկացավ, որ դժվարանում է «Առավոտի» թղթակցին համոզել իր տեսության ճշմարտացիության մեջ, ասաց, որ հրահանգը ԿԸՀ նախագահինն է: Երեկ պարոն Ազարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ զբաղված է, եւ բոլոր հարցերի պատասխանները ստանանք լրատվական բաժնից: Իսկ ԿԸՀ լրատվականին ուղղված մեր հարցերն այդպես էլ պատասխանի չարժանացան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել