Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՄ ՈՒ ՉԱՐԱՑԱԾ

Մարտ 22,2011 00:00

\"\"Իսրայել Հակոբկոխյանի տպավորությունները մարտի 17-ի հանրահավաքից

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը չափազանց մտահոգված է մեկ այլ չեմպիոնի՝ Սամսոն Խաչատրյանի անազատության մեջ գտնվելու փաստով: Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ՀԱԿ ակտիվիստներից է: ՀՀ ոստիկանությունը մարտի 13-ին էր հայտարարել իշխանության ներկայացուցչի դեմ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելու հատկանիշներով քրգործ հարուցելու մասին, որի շրջանակներում ձերբակալվեց Սամսոն Խաչատրյանը: Երեկ այս առիթով իր մտահոգություններն «Առավոտի» հետ կիսելով՝ Իսրայել Հակոբկոխյանն ասաց, որ իր մտահոգությունը հիմնականում վերաբերում է Սամսոն Խաչատրյանի առողջական խնդիրներին: Վերջերս նա սրտի բավականին լուրջ վիրահատություն է տարել: Բացի այդ, Հակոբկոխյանը չէր ցանկանա, որ «Սամսոնի նման ազգ ներկայացրած տղան էլ ավելի քայքայեր իր առողջությունը՝ մինչ ոստիկանությունը կպարզի իրականությունը»: Ուստի Հակոբկոխյանն «Առավոտի» միջոցով հայտարարեց. «Եթե ոստիկանությունը հնարավորություն կստեղծի, ես պատրաստ եմ Սամսոն Խաչատրյանի փոխարեն կրել նախնական կալանքը»: Խոսելով Սամսոն Խաչատրյանի հետ կատարվածի մասին՝ մեր զրուցակիցը մի ուշագրավ դիտարկում էլ արեց. «Ոչ թե այդ միջադեպին պետք է նայել, այլ այն ծնող հանգամանքներին»: Ինքը՝ Հակոբկոխյանն այսպես է մտածում. «Եթե այդ սուտ հավաքը չլիներ (նկատի ունի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի անցկացրած հանրահավաքը- Ն. Գ.), այդ միջադեպն էլ չէր լինի, Սամսոնն էլ չէր միջամտի: Ես կարծում եմ, որ դա պատահական է ստացվել: Մասնագիտության բերումով իր մոտ հակադարձ ռեակցիան է աշխատել: Հրել են, ինքն էլ իր ձեւով է հրել»:
«Առավոտի» զրուցակիցն ասում է, որ մինչ օրս ինքն այդքան էլ չէր կարողանում հասկանալ այդ «սուտ հավաքների»՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքների իմաստը, բայց վերջին՝ մարտի 17-ի հանրահավաքից հետո իր համար ամեն ինչ շատ պարզ է, մանավանդ, որ իրադարձություններին հետեւել է իբրեւ մասնակից-ականատես. «Պատվերով համերգներ են կատարվում: Մի կողմից՝ անհասկանալի էր, մյուս կողմից էլ՝ շատ ուրախացա՝ մեր ոստիկաններն ու ղեկավարությունն այնքան խելացի գտնվեցին, որ հնարավորություն տվեցին ցուցարարներին Ազատության հրապարակ մտնելու: Իմ մեջ առաջին նախագահի նկատմամբ մեծ զզվանք առաջացավ: Տպավորություն ստացա, որ նրան ասվել էր՝ ամեն գնով, թեկուզ մարդկային կյանքերի, պետք է մտնել Ազատության հրապարակ, մեր պատվիրած պարը պարել ու դուրս գալ: Ինձ համար շատ անհասկանալի մնաց. մարդ, որը պատրաստ է եւ գալիս էր «ավգյան ախոռները» մաքրելու, երկիրն ազատագրելու՝ մտնելով Օպերայի հրապարակ, չմոտեցավ էնտեղ հացադուլ անող քաղաքացուն: Բայց Րաֆֆին, ի վերջո, ՀՀ երրորդ հանրապետության առաջին արտգործնախարարն էր եղել, ո՞նց կարելի էր չմոտենալ, ձեռքը չսեղմել: Դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ ոչ միայն դիմացի մարդկանց, այլեւ ինքն իրեն չի հարգում: Ինչքան մտածում եմ՝ չեմ կարողանում պատկերացնել. մարդն ինչքան պետք է այլ մարդկանց ատի, որ հացադուլավորին չմոտենա ու ձեռքը չսեղմի: Ես շատ կցանկանայի, որ Վանո Սիրադեղյանը վերադառնար Հայաստան ու շատերին իրենց տեղը դներ: Այս տարիների ընթացքում ինքն իր մաշկի վրա հավանաբար շատ լավ զգացել է՝ ո՞նց կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը մարդկանց քավության նոխազ դարձնել»: Իսրայել Հակոբկոխյանը նաեւ մեղադրանք է ներկայացնում «ավգյան ախոռները» մաքրել հավակնող ՀՀ առաջին նախագահին. «Նա ինքն իրեն այսօր չի մաքրում. այս իշխանությունից դժգոհ է, սրանց չի հարգում, բայց թող գոնե ինքն իրեն հարգի: Էս պետության թոշակով ապրում է, էս պետության նվիրած շքեղ առանձնատանն ապրում է, էս իշխանավորների տված բարիքներից օգտվում է, թիկնազորով է ման գալիս ու ուզում է ժողովրդի սերը վայելել: Իր խոսքին հավատացած մարդկանց էլ այնպիսի իրավիճակների մեջ է գցում, որ այսօր Սամսոնի նման տղան ազատազրկված է: Բայց Լեւոնը մի այնպիսի ժեստ էլ չի անում, որ եթե մարդիկ հավաքվում են ու պատրաստ են նման վիճակների մեջ հայտնվել իր համար՝ ինքն էլ այդ մարդկանց համար է պատրաստ քայլերի: Նման մարդիկ ինքնահավանությամբ են տառապում: Բոլորին է հայտնի, որ մի ժամանակ մի տեսակ մարդիկ էին նման բարդույթով տառապում: Հիմա այդպիսին են նաեւ այսօրվա քաղաքական գործիչները: Համ շատ մտահոգված եմ, համ էլ շատ չարացած»:
Հակոբկոխյանին դուր չի եկել նաեւ առաջին նախագահի ելույթի դարձվածքը, որ «բոքս չենք կպնելու»՝ շախմատ ենք խաղալու: «Պլոճիկով տղան կարա բոքս կպնի, ամեն մի հավի սիրտ ունեցողը չի կարա բոքս կպնի»,- ժողովրդական խոսքով հակադարձում է բռնցքամարտի նախկին չեմպիոնը: Չցանկանալով վիրավորել շախմատիստներին՝ նա այնուհանդերձ պնդում է, որ բռնցքամարտի բռնվելու համար անհատականություն է պետք ունենալ, ավելի հանճարեղ միտք, վայրկյանի տակ որոշումներ կայացնելու, արագ կողմնորոշվելու ունակություն եւ ճկունություն է պետք. ոչ մի մարտավկա էլ չի կարող օգնել, եթե այդ հատկանիշները մարդը չունի, մինչդեռ շախմատ կարելի է խաղալ նաեւ մի քանի լավագույն ասիստենտներ ունենալով: Նաեւ այս է պատճառը, որ ամսի 17-ի հանրահավաքից հետո Հակոբկոխյանը հիասթափված է. «Մարդիկ մտել են Օպերայի բակ ու սպասում են, թե հաջորդ քայլը որը պետք է լինի՝ երեւի դրսից զանգեցին, ասացին՝ վերջ, սրա պատվերն էր իջեցված՝ արեք-գնացեք: Բա մարդիկ որտեղից որտեղ, ինչ ձեւերով եկել-հասել էին, մարդ կա, որի համար ճանապարհածախսն էլ մեծ գումար է… Էս խառնաշփոթները ցավալի երեւույթներ են նորմալ հայի համար, որոնք ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Կոնգրեսը դարձել է մի սեկտա, ղեկավարներն էլ իրենց Կաշպիրովսկու տեղ են դրել՝ մարդկանց հիպնոսացնում են, գցում՝ հետեւներից տանում ու ճանապարհի կեսին թողնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել