Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ ՔԱՐՈԶԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՔԱՅԼԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 22,2011 00:00

\"\"Մարտի 20-ին Ազատության հրապարակում հերթական միջադեպից հետո այն արձանագրել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Մարտի 20-ին Ազատության հրապարակում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար նրա աջակիցները փորձել էին տեղադրել մեծ հովանոց: Սակայն ոստիկանները ջարդել եւ պատառոտել էին այն՝ հովանոցի բացովի մասերի, երկաթյա ձողերի արանքում թողնելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի ձեռքը: Խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն «Առավոտին» պատմեց. «Իմ ոտքն է վնասվել, Զարուհի Փոստանջյանի՝ ձեռքը: Ու պետք էր տեսնել այդ տեսարանը՝ ոստիկանները քաշում են այդ կոտրած հովանոցը, տիկին Լարիսայի ձեռքը մեջը, եւ ինքը ստիպված վազում է»: Սակայն մեր հարցին՝ ոստիկանները միտումնավո՞ր վնասեցին իրենց՝ տիկին Բախշյանը պատասխանեց բացասաբար. «Ո՛չ, միտումնավոր չէր: Ուղղակի իրենք չձեռնարկեցին անվտանգության որեւէ քայլ: Իրենց նպատակն ուղղակի դա կոտրելն էր, եւ այդ ընթացքում ում ինչ կպատահեր՝ իրենց չէր մտահոգում: Դե, երկաթներ են՝ կոտրվում էին, ծայրերը քսվում էին: Բայց այնտեղ անգամ երեխաներ կային»:
Հարցին, թե ոստիկանները նախօրոք փորձե՞լ էին հիմնավորել իրենց գործողությունները, թե ինչու է կարելի միջին չափերի հովանոց տեղադրել, իսկ ավելի մեծ չափերի՝ ոչ, տիկին Բախշյանը պատասխանեց. «Ոչ մի կերպ չեն հիմնավորել: 17.30-ի սահմաններում մենք փորձեցինք հովանոց տեղադրել՝ նույն տրամաբանությամբ, թե էլի հովանոց է՝ մի քիչ ավելի մեծ մակերեսով: Անմիջապես հայտնվեց ոստիկանության մի փոխգնդապետ եւ ասաց, թե լավ չի, որ առանց հարցնելու եք անում: Ասացինք՝ կներեք, ու կարծես համաձայնեց մի պահ: Բայց 2 վայրկյան հետո եկավ, ասաց՝ հանեք, հիմա կզանգեմ, կապահովեմ թույլտվությունը, հետո կդնեք: Հանեցինք: Արմեն Մարտիրոսյանը հարցրեց՝ կես ժամը բավարա՞ր է: Պատասխանեց՝ այո, կես ժամվա ընթացքում կպատասխանենք: Ասացինք՝ տեսեք, կես ժամ հետո տեղադրելու ենք նորից: Կես ժամ անց բացեցինք հովանոցը, փոխգնդապետը մոտեցավ եւ ասաց՝ ոչ, չեք տեղադրելու, արգելում ենք: Հարցնում ենք՝ ինչո՞ւ: Պատասխան չկա: Ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածով, ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ բացատրությամբ: Ասում են՝ արգելում ենք, եւ վերջ, թույլ չենք տալիս: Մենք ասացինք, որ օրենքի խախտում չկա, եւ ուզում ենք տեղադրել, քանի որ անկանխատեսելի եղանակ է: Եվ եղավ այդ քաշքշոցը, ու իրենք ուղղակի կոտրեցին այդ հովանոցը»:
Լարիսա Ալավերդյանը երկաթյա մետաղաձողերի մեջ աքցանված ձեռքով նստել էր ջարդված հովանոցի կողքը եւ հրաժարվել հեռանալ այնտեղից, քանի դեռ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բացատրություն եւ պարզաբանում չեն տվել, թե ում եւ ինչ հրամանի հիման վրա է իրականացվել այդ ամենը: Դեպքից շուրջ 2 ժամ անց նրան այցելել էր Կենտրոնի ոստիկանապետը՝ քննիչի հետ: «Արձանագրություն կազմեցին: Տիկին Լարիսան եւ Արմենը շատ մանրամասն բացատրություն գրեցին»,- պատմեց տիկին Բախշյանը: «Ժառանգությունը» տարածել էր հաղորդագրություն կատարվածի մասին՝ Հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ դատախազությունից եւ Ոստիկանությունից պահանջելով այն դիտարկել իբրեւ հաղորդում հանցագործության մասին, ու հարուցել քրեական գործ: Հարցին՝ արդյոք հույսեր ունե՞ն, որ կկատարվի անաչառ քննություն՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ոչ մի հույս չունենք: Կարծում եմ, թե սա ուղիղ նախագահականի հրահանգ է, եւ թույլտվությունը պիտի այնտեղից լինի»:
Այս համատեքստում հիշեցրեց մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասնավորապես այն տողերը, թե «Ոստիկանության որեւէ գործողություն, հասարակության հիմնարար ու համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, տարմեկնաբանության տեղիք չպետք է տա»: Անահիտ Բախշյանն ասաց. «Ուզում եմ ընդգծել ոստիկանների գլխին այդ քարոզի եւ նրանց այս գործողությունների տարբերությունը: Ոստիկանների վարքագծի մասին իր այդ գեղեցիկ ճառը եւ մեր այսօրվա իրականությունը հակառակ են միմյանց: Եվ ուզում եմ հասկանալ՝ եթե գործող նախագահն այդպիսի հանձնարարականներ է տալիս, բայց իրականությունն այս է՝ ինքը չի՞ ամաչում ասված բառերի համար՝ է՛լ անբարոյական ասաց, է՛լ ինչ ասես: Ինքը չի՞ մտահոգվում, թե ժողովուրդն ինչ է մտածում իր մասին, երբ ելույթում հանձնարարականներ է տալիս, եւ դրանք ուղղակի չեն կատարվում: Ինչքա՞ն պետք է հանդուրժենք այս երկակի խաղերը, խոսքի ու գործի այս աստիճան տարբերությունը: Ամեն անգամ, երբ կարդում ես ՀՀ նախագահի նոր ելույթը, մտածում ես՝ կարո՞ղ է հանկարծ ինչ-որ բան փոխվի: Բայց դեռ թանա՛քը չէր չորացել այդ ելույթի, ու տեսանք ճիշտ հակառակը»:

Հ. Գ. Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, ըստ «Ժառանգության» հաղորդագրության՝ Ազատության հրապարակը համարելով «իշխանությունն ու ձայնի իրավունքը ժողովրդին վերադարձնելու կարեւոր ասպարեզ եւ ժողովրդական հրապարակ տեղափոխելով իրենց անմիջական գործառույթներից մեկը»՝ «Ժառանգության» պատգամավորներն իրենց հայտարարությունները կհնչեցնեն ուղղակի հրապարակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել