Լրահոս
Օրվա լրահոսը

1095 սիրո խոստովանություն

Մարտ 19,2011 00:00

«Ամեն հաջորդող օրս՝ սեպտեմբերի 1 է»

\"\"

Դժվար թե գտնվեն սիրահար զույգեր, ամուսիններ, որոնք չհիշեն իրենց հանդիպման ամիս-ամսաթիվը: 25-ամյա Արմանը, ով իր երկրորդ կեսին հանդիպել է սեպտեմբերի 1-ին, ժամը 13:30-ին, կատակում է`ասելով, որ այդ օրը եւ ժամը «սկլերոզի» դեպքում էլ կհիշի, նույնիսկ եթե դառնա 99 տարեկան: Սեպտեմբերի 1-ը «սիրո օր» հռչակող տղան ամենեւին դեմ չէ, որ դա լինի նաեւ Գիտելիքների օր, քանի որ պետհամալսարանն ավարտել է բարձր գնահատականներով:
«Ընդհանրապես շուտ սիրահարվող կերպար եմ, քամին էլ «հպվի»՝ սիրահարվում եմ: Դեռ մանկապարտեզում մի աղջկա էի սիրում, ամեն օր տնից կոնֆետ էի տանում նրա համար, մի անգամ էլ նույնիսկ մորս ոսկե թանկարժեք թեւնոցն եմ գաղտնի նվիրել: Իհարկե, մեծ հիասթափություն ապրեցի իմ այդ փոքր հասակում, երբ Լենոչկայի մայրը եկավ եւ վերադարձրեց թեւնոցը: Բնականաբար, մայրս էլ ինձնից էր խորապես «հիասթափվել»: Հետո հորս հետ շատ էին ծիծաղել այդ դիպվածի վրա, բայց ես նեղացել էի, ասում էի, թե Լենոչկան ինձ էլ չի սիրի: Դպրոցում էլ՝ 9-րդ դասարանում, սիրահարվել էի անգլերենի երիտասարդ ուսուցչուհուս, ստիպված եղա ծնողներիս խնդրել, որ այլ դպրոց տեղափոխեն, քանի որ ամեն օր տեսնում էի ուսուցչուհուն եւ վերջ՝ չէի կենտրոնանում, դաս չէի սովորում, որոշեցի, որ պետք է վերջ տալ՝ լավագույն միջոցը հեռու գտնվելն է: Որքան էլ դժվար էր ընկերներիցս բաժանվելը, տեղափոխվեցի ուրիշ դպրոց, իհարկե՝ ընկերներիս հետ կապը պաշտպանում էի: Ամեն բան անցավ, պարապում էի ընդունելության քննությունների համար, ընդունվեցի Պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը»,- պատմում է Արմանը:
Բայց ահա այդ օրը՝ սեպտեմբերի 1-ին, սիրային քամիները փչեցին, լսարանի դուռը բացեցին եւ ներս մտավ նա: «Լսարանում հավաքվել էին բոլոր առաջին կուրսեցիները, դասախոսը ներկա-բացակա էր անում եւ հանկարծ բավականին ուշացած ներս մտավ մի աղջիկ եւ դասախոսի այն հարցին, թե ինչու է ուշանում, պատասխանեց. «Վարսավիրանոցում էի, ինչպես բոլոր աղջիկները՝ սիրունանում էի այս օրվա կապակցությամբ»,- պատմում է Արմանը:
Աղջկա անմիջականությունից կամ էլ գեղեցիկ հարդարված մազերից Արմանը զգաց, որ իր հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում՝ թեթեւ գլխապտույտ առաջացավ, սիրտը սկսեց արագ բաբախել, ոտքերը թուլացան: Բժշկի գնալու կարիք չկար՝ հիմարն էլ կհասկանար`«սիրահարության նշաններ» են:
«Անբացատրելի մի բան կատարվեց, նույնիսկ`վախեցա, լսարանից դուրս եկա, սիրտս շարունակում էր շատ արագ զարկել, ջուր խմեցի, բայց չէր հանդարտվում, ու այդ աղջկա դեմքն էր աչքերիս առջեւ, լսարան չվերադարձա, տուն գնացի, մինչեւ կանգառ հասնելը այն տպավորությունն էր, որ չեմ քայլում, ոտքերս գետնին չէի զգում, վախենում էի ընկնել, տաքսի նստեցի»,- պատմում է սիրահարը:
Բնականաբար, ինչպես բոլոր սիրահարվածները, Արմանը նույնպես այդ գիշեր չքնեց, «Կտոր մը երկինք» ֆիլմի հերոսի՝ Թորիկի նման, մի փոքր տարբերությամբ, մտքում կրկնում էր. «Կգժվեմ Աստված, հրեշտակ ա էդ աղջիկը» եւ ինքն իրեն խոստովանեց. «Սիրում եմ»: Բայց աղջկան խոստովանել չկարողացավ:
«Սոնան շատ ապահովված ընտանիքից էր, մեքենայով էր դասի գալիս, շատ ինքնավստահ էր, ես էլ շատ սովորական տղա էի, վախենում էի մոտենալ, ասել զգացմունքներիս մասին, մտածում էի`հաստատ կմերժի: Բայց ամեն օր իր մեքենայի վրա թուղթ էի թողնում՝ վրան գրված. «Ես քեզ սիրում եմ», տողի տակ էլ`«սեպտեմբերի 1», քանի որ այդ օրն էի նրան գտել»:
Օրերն անցնում էին, ամիսները՝ նույնպես, բայց տղայի համար ամեն հաջորդող օրը, միեւնույն է՝ սեպտեմբերի 1-ն էր: Աղջիկը հոգնեց սպասել խորհրդավոր երկրպագուի ի հայտ գալուն եւ սկսեց ընկերություն անել Արմանի ամենամտերիմ ընկերոջ հետ, բայց նրանց հարաբերությունները կարճ տեւեցին:
«Ես վախկոտ էի դարձել, բոլոր սիրահարվածների պես՝ հիմարացել: Նա մի տեսակ յուրահատուկ աղջիկ էր, բոլորից տարբերվում էր՝ միշտ ասում էր այն, ինչ մտածում էր, նույնիսկ եթե կոպիտ հնչեր, դասախոսների հետ հաճախ վիճում էր, երբ իրեն ինչ-որ բան դուր չէր գալիս, շատ համարձակ էր: Կուրսի աղջիկներն իրեն չէին սիրում, տղաները հիանում, միեւնույն ժամանակ վախենում էին: 3-րդ սեպտեմբերի 1-ին, առավոտյան աչքերս բացեցի եւ որոշեցի՝ կամ այսօր, կամ երբեք, պետք է ասեմ: Գնացի նստեցի կողքին, ասացի. «ձեռքդ կտա՞ս», ասաց՝ «ինչի՞ համար», ասացի. «բախտդ նայեմ»: Ծիծաղելով ձեռքը տվեց, իրեն խնդրեցի չնայել, ձեռքի ափի մեջ գրեցի. «Սեպտեմբերի 1» եւ ափը համբուրեցի: Ձեռքը արագ քաշեց, տեսավ գրվածը, միանգամից հասկացավ, ասաց. «Այսքան ժամանակ դո՞ւ էիր, հա», իրեն ոչ հատուկ`շատ մեղմ ժպտաց, ասաց, թե ինչու այսքան ժամանակ գաղտնի եմ պահել, 3 տարի, 1095 օր, հետո կատակով ասաց. «Ինչ իմանամ ում է ուղղված խոստովանությունը` ի՞նձ, թե՞ մեքենայիս»,- պատմում է Արմանը:
Տղան աղջկան ամեն բան պատմում է, թե ինչու սեպտեմբերի 1, ինչպես: Անկեղծ եւ համարձակ աղջիկը գրկում է տղային, այտը համբուրում: Մեկ տարի ընկերություն անելուց հետո նրանք ամուսնանում են, ամուսնությունից հետո էլ, ինչպես Արմանը ասում է` ոչինչ չի փոխվել, առաջվա պես սիրում է, իհարկե, հիմա ամեն օր նամակներ չի գրում, բայց սեպտեմբերի 1-ը պարտադիր նշում են: Սոնան էլ չի փոխվել՝ նույն «չար» աղջիկն է: Նրանց փոքրիկը 2 տարեկան է, եւ շատերի այն հարցին՝ թե ում է էսպես չար քաշել, Արմանը ծիծաղով պատասխանում է. «Չար մայրիկին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել