Կանանց տոն՝ նվիրված տղամարդկանց
43-ամյա Արաքսյա Սիմոնյանի համար լավագույն մարտիության նվերն իր դուստր Արմինեն է: Հիշում է՝ տասնինը տարի առաջ պայմանավորվեցին հավաքվել բարեկամներով եւ նշել մարտի ութի տոնը, նրա ամուսինը՝ Վարդանն էլ անակնկալ էր պատրաստել: Բայց հենց ինքը՝ Արաքսյան, բոլորին անակնկալի բերեց: Մարտի յոթին սկսվեցին նրա երկունքի ցավերը եւ բոլորը խառնվեցին իրար: Մարտի լույս ութի ժամը երեքն էր, երբ լսվեց փոքրիկի ճիչը: Առավոտյան էլ այն բարեկամական կազմը, որ պետք է հավաքվեր տոնին, հիվանդանոցում էր: Շնորհավորում էին կանանց, նաեւ Վարդանին՝ դուստր ունենալու առթիվ: «Իմ գործն էլ միանգամից հեշտացավ,- կատակում է Վարդանը,- մի նվերով երկու առիթն էլ շնորհավորեցի»: Նա ոսկյա ապարանջան էր գնել կնոջը, որն էլ մարտի 8-ին նվիրեց՝ տոների առթիվ: Այ, իսկ Արաքսյայի 19-ամյա դուստր Արմինեն այնքան էլ գոհ չէ իր ծննդյան օրից: «Լավ է, էլի, միանգամից եւ ծնունդիս նվերն են տալիս, եւ մարտի 8-ի, անարդար է: Ուրիշները կրկնակի են նվեր ստանում, օրինակ քույրս՝ Կարինեն: Իմ ծննդյան օրը մեր տանը բոլոր կանայք նվեր են ստանում»,- դժգոհում է Արմինեն, ավելացնելով՝ «Կատակ եմ անում: Շատ էլ լավ օր եմ ծնվել»:
50-ամյա Արշակ Մարտիրոսյանը կարծում է՝ մարտի 8-ը ոչ այնքան կանանց է վերաբերում, որքան տղամարդկանց: «Այդ մեկ օրով (ես ապրիլի 7-ին դեռ չեմ ընտելացել), մենք՝ տղամարդիկ, քավում ենք մեր բոլոր օրերի մեղքերը,- ժպտում է,- երբ կնոջս համար այդ օրը անակնկալ եմ պատրաստում, ավելի մեծ բավականություն եմ ստանում, առավել եւս, երբ նկատում եմ, որ անակնկալը ստացված է՝ շատ եմ ուրախանում»: Անակնկալներից մեկը, որը, իր կարծիքով, ամենաստացվածներիցն էր, կնոջը կինոթատրոն հրավիրելն էր: «Երկու տարի առաջ էր, մենք էլ արդեն ոչ այդքան երիտասարդ: Գիտեի, որ ասեմ, գնում ենք կինո՝ չէր գա: Զանգեցի, ասացի՝ պատրաստվիր, տաքսի կգա քո հետեւից: Երբ դուրս եկավ մեքենայից, ես կինոթատրոնի առաջ կանգնած էի: Հաճելի հանդիմանական հայացք ուղղվեց իմ կողմ»,- հիշում է Արշակը: Չի կարողանում հիշել ինչ ֆիլմ էր ցուցադրվում, ինչի մասին էր, միայն մի բան է հիշում. «Այնքան ուրախ ու հպարտ էի արածովս, որ ոչ մի բան մտքովս չէր անցնում: Կինս էլ շատ ուրախ էր, ֆիլմից ոչինչ չխոսեցինք, դուրս եկանք կինոթատրոնից եւ ոտքով երկար շրջեցինք քաղաքում»:
Վահե Ավետիսյանի համար մարտի 8-ը շատ հաղթական օր է: Այս օրը նա ստացավ իր երկար տարիների սիրո պատասխանը: Արդեն մոտ կես տարի է՝ ամուսնացած է: Իսկ մինչ այդ սիրո համար մղվող պայքարի զինվոր էր՝ ամենօրյա պարտություններով: «Ինչ ասես, չէի անում, ինչ խենթությունների ասես, որ պատրաստ չէի հանուն նրա, բայց իմ սերը միշտ անպատասխան էր մնում»,- հիշում է Վահեն: Անթիվ-անհամար եւ բազմաբնույթ նվերները նորից հետ էին դառնում նվիրողին, սիրո խոսքերը հանդիպում էին հանդիմանանքների ու ատելության պոռթկումների: «Ինչքան ինձ վանում էր, այնքան շատ էի սիրում»,- ասում է Վահեն: Անցած տարի էլ՝ մարտի 7-ի երեկոյան արդեն շատ լավ գիտակցելով, որ հերթական պարտությունն է կրելու, որոշում է այնուամենայնիվ վերջին անգամ էլ փորձի: Վերցնում է մի փունջ ծաղիկ եւ գնում նստում Անժելայի տան դռան առջեւ: Այնտեղ է ողջ գիշերը անցկացնում: «Քնել էի, մեկ էլ աչքերս բացեմ՝ տեսնեմ գլխավերեւումս մոտ տասը մարդ կա: Նրանց մեջ միայն Անժելային ճանաչեցի»: Վահեին հրավիրում են տուն: Նա իր տեսքից ամաչելով եւ նոր հասկանալով իր արարքի խելահեղությունը, խոսելու կարողությունը կորցնում է: Անժելայի հայրն էլ շատ մտերմաբար ասում է. «Վայ, էս կանայք: Մի բաժակ բան բերեք խմենք»: Մի երկու բաժակ խմում են, Վահեն էլ վերջապես հիշում է նվերը մատուցելու մասին, նվիրում է ծաղիկը Անժելային եւ պատրաստվում հեռանալ, Անժելան էլ ժպտալով ասում է. «Որ հասնես տուն՝ կզանգես»: Վերջ: Այդ օրվանից սկսվում է սիրահար զույգերի երջանիկ կյանքը: Անժելան էլ խոստովանում է. «Վահեն արդեն չորս տարի էր՝ անպատասխան ինձ էր սիրում: Ես նրանից միշտ էլ բոլոր առիթներին նվերներ ստացել եմ, բայց ինձ համար ամենակարեւոր նվերը հենց ինքն էր՝ իր անսահման մեծ սիրով»: