Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը երջանիկ լինելու իրավունք ունեն

Մարտ 19,2011 00:00

\"\"Ծանոթության կենտրոններ դիմում են հիմնականում կանայք

Այսօր թերթերում, համացանցում հաճախ կարելի է հանդիպել ամուր եւ երջանիկ ընտանիք կազմել ցանկացողների հայտարարություններ: Եվ չնայած ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթությունը գուցե չունի պատահական հանդիպման գրավչությունը եւ շատ հաճախ քննադատվում է, սակայն հատկապես ոչ երիտասարդ մարդկանց համար, ովքեր ունեն ծանոթության սահմանափակ շրջանակ, նմանատիպ կենտրոնները շփվելու եւ կյանքի ընկեր գտնելու լայն հնարավորություն են տալիս:
«Հանդիպում» ծանոթության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը նշում է, որ իրենց դիմում են տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ. «Սկզբնական շրջանում, երբ նոր էինք բացում կենտրոնը, մտածում էի, որ կգան այն մարդիկ, ովքեր սրտնեղած կլինեն, լքված ու անտեսված, սակայն այսօր մեր կենտրոնում գրանցված են արդեն իսկ կայացած, հավասարակշռված մարդիկ՝ զինվորականներ, սպորտսմեններ, գյուտարարներ, բժիշկներ, իրավաբաններ»:
Այսօր կենտրոնում գրանցված է մոտ 4000 մարդ, գրանցվածների մեծամասնությունը կանայք են: Կենտրոն այցելողները վճարում են 10500 դրամ, լրացնում են դիմում եւ թողնում իրենց լուսանկարները, իսկ կենտրոնը պարտավորվում է յուրաքանչյուրի համար աշխատել այնքան ժամանակ, մինչեւ դիմողը գտնի իր երկրորդ կեսին:
«Երեք ամսվա կտրվածքով մենք ունենում ենք մոտավորապես 20-22 զույգ: Եթե նույնիսկ մարդիկ այստեղ չեն գտնում իրենց երկրորդ կեսին, ապա գոնե ընկերներ են ձեռք բերում եւ իրենց շփման շրջանակը մեծանում է»,- պատմում է Նարեն:
Հոգեբան Մամիկոն Թոսունյանը նշում է, որ հատկապես մեծ տարիքում մարդիկ ունենում են իրենց ձեւավորված առօրյան եւ ծանոթների նեղ շրջանակը, որից դուրս նրանք դժվարանում են շփվել կամ նոր ծանոթություններ հաստատել, ինչն էլ մի շարք բարդույթներ է առաջացնում: «Երբ մարդիկ միայնակ են լինում, նրանք շատ խնդիրներ են ունենում զուտ իրենց պիտանելիության ու կյանքի իմաստի համար: Մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա ցանկանում է ընտանիք կազմել, ունենալ իր տեղը հասարակության եւ իր ընտանիքի մեջ ու երբ դրանից զրկված է լինում, նրա մեջ ներքին դժգոհություն եւ անբավարարվածություն է առաջանում, ինչը տարբեր կերպ է արտահայտվում»,- ասում է հոգեբանը:
 Շատ հաճախ ամուսնական գործակալություն դիմողները թաքցնում են այդ հանգամանքը նույնիսկ ամենամոտ հարազատներից: 51-ամյա Աննան պատմում է, որ հինգ տարի առաջ ամուսնալուծվել է եւ հիմա, շնորհիվ ծանոթության կենտրոնի, գտել է իր կյանքի կեսին, սակայն այդ մասին չի համարձակվում ասել հարազատներին: «Ընդամենը մի քանի անգամ եմ հանդիպել այդ տղամարդուն, բայց նա ինձ վրա շատ խորը տպավորություն է թողել: Կարծում եմ՝ հարազատներս էլ կուրախանան իմ երջանկությամբ: Ճիշտն ասած՝ անհանգստանալով ու զգուշանալով եմ դիմել այս քայլին, որովհետեւ հայերիս համար սա չափազանց համարձակ քայլ է: Չնայած իմ տարիքն այնպիսին է, որ հարազատներս երեւի նորմալ կընդունեն»,- պատմում է Աննան եւ ավելացնում, որ բոլորն էլ երջանիկ լինելու իրավունք ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել