Ծեծի կանոնները՝ իսլամական աշխարհում եւ Հայաստանում
Իսլամական երկրներում լույս են տեսնում բազմաթիվ գրքեր, որոնցում հստակ նշվում է, թե ինչպես պետք է ծեծել կնոջը, մարմնի որ մասերին պետք է հարվածել եւ՝ ինչով: Ջորջ Բուսկեն իր «Սեքսուալ կյանքի էթիկան իսլամում» գրքում նշում է. «Կնոջը, իհարկե, արժե ծեծել, բայց պետք է հիշել, որ գոյություն ունեն ծեծի տարբեր ձեւեր՝ կախված կնոջ մարմնական կազմվածքից. եթե կինը հաղթանդամ է, ապա նրան պետք է ծեծել բռունցքով, իսկ եթե թմբլիկ՝ պետք է հարվածել բաց ափով»: Բժիշկ Գազի Ալ-Շիմարին՝ ընտանեկան հարաբերությունների փորձագետը, իր գրքերում նշում է. «Չի կարելի հարվածել կնոջ զգայուն մասերին, ինչպիսիք են դեմքը, գլուխը, կուրծքը, փորը եւ այլն: Պետք է հարվածել հիմնականում ոտքերին եւ ձեռքերին, հարվածելուց առաջ կնոջը պետք է զգուշացնել, թե քանի հարված է նրան հասցվելու»: Գրքերից բացի՝ կնոջը ծեծելու արվեստը տարածվում է նաեւ հեռուստատեսությամբ. տղամարդիկ նստում են էկրանների առջեւ եւ սովորում, այսպես ասած, «ծեծի կանոնները». ԱԼ-Ջազիրա հեռուստաալիքով «Շարիաթը եւ կյանքը» հեռուստահաղորդման ժամանակ նշվել է. «Կնոջը ծեծող ամուսինը պարզապես փորձում է հասկացնել նրան, որ չափն անցել է: Չի թույլատրվում հարվածել կնոջ դեմքին, քանի որ կապտուկները փչացնում են վերջինիս գեղեցկությունը»:
Մինչդեռ, ի հակադրություն մահմեդական տղամարդկանց, երեւանաբնակ 34-ամյա Սամվել Ասատրյանը այլ կերպ է մտածում, որ կապտուկները իր կնոջը շատ են «սազում»: Ի վերջո, ինչո՞ւ էր ծեծում Սամվելն իր կնոջը, եւ ի՞նչը կարող է ծեծի պատճառ դառնալ: Սամվելը հատակագծային ինժեներ է, ով, ինչպես կինը՝ Աննան է հեգնանքով ասում. «Հատակագծային ինժեներ է, որը կյանքս հիմնահատակ քանդեց»: Սամվելը, անտեղյակ իսլամական վարք ու բարքին, մշակել էր իր կանոնները, որոնք հումորային կարգով առիթների ժամանակ ներկայացնում էր ընկերներին. «Կինդ հակաճառո՞ւմ ա, մի ափսե ճաշ ես լցնում ու մռութը մեջը մտցնում», «Իր ձեռքերով իրեն ապտակ ես հասցնում», «Եղունգները երկար ես տեսնում, մի լավ քոքից կտրում ես, որ մղկտա, վայ, Եվայի ցեղ, քոքդ կտրվի»:
Ընկերները կատակով էին ընդունում եւ ծիծաղում նրա «դաժան» հումորների վրա՝ չպատկերացնելով, որ Սամվելը իրականում դրանք կիրառում է: Կինը պատմում է. «Երբ հանդիպեցի Սամվելին, ընկերուհուց 5 ամիս էր՝ ինչ բաժանվել էր, շատ ծանր հոգեկան վիճակում էր գտնվում: Մեր ընդհանուր ընկերների միջոցով ենք ծանոթացել, ինքը պոլիտեխնիկում էր սովորում, ես՝ բանասիրականում: Նա ինձ հենց սկզբից էլ հետաքրքրեց, նկատեցի նրա գեղեցկությունն ու խելքը, բայց նա անտարբեր էր բոլոր աղջիկների հանդեպ, բացի իր նախկին ընկերուհուց՝ Նառայից, շարունակ նրա մասին էր խոսում, հույս ուներ, որ կմիանան: Որոշեցի համարձակություն հավաքել եւ նրան ընկերության առաջարկություն անել, քանի որ շարունակ նրա մասին էի մտածում, երազում նրա մասին»:
Ինչպես ասում են, երազանքներ պահելիս էլ պետք է զգույշ լինել, քանի որ դրանք կարող են իրականանալ. Աննան իր նպատակին հասավ, բայց երբ հասավ, մի պահ հապաղեց՝ արդյո՞ք իրեն Սամվելն էր պետք: Սիրահարի աչքերը բացվեցին, եւ Աննան բացահայտեց իր համար մեկ այլ մարդու, որին չէր ճանաչում: «Սամվելը ընդունեց իմ առաջարկությունը, երկու տարի ընկերություն էինք անում, սակայն Սամվելը շարունակում էր հիշել ու ինձ իր ու Նառայի հարաբերություններից պատմել, ինձ չնեղացնելու համար ասում էր, որ ես իրեն շատ եմ օգնում, որ ժամանակի ընթացքում նա կմոռանա իր նախկինին: Երբ Սամվելը իմացավ, որ Նառան նշանվել է, ամեն կերպ փորձում էր խանգարել, աղջկա անունը վարկաբեկելու համար զանազան պատմություններ էր հնարում եւ Նառայի նշանածին հանդիպում: Հուսահատված գալիս էր ինձ մոտ, ես խանդում էի, եւ չէի ցանկանում վիճել նրա հետ, մխիթարում էի իրեն, միայն թե կողքիս լինի: Նառան ամուսնացավ եւ մեկնեց Մոսկվա, ես երջանիկ էի, որ նա այլեւս մեզ չի խանգարի, մեկ տարի հետո էլ մենք ամուսնացանք: Վեց տարի էր, ինչ ամուսնացած էինք, մեր փոքրիկը արդեն 5 տարեկան էր, մեր կյանքը բնականոն հունով ընթանում էր, ես գիտեի, որ նա ինձ երբեք էլ չի սիրել եւ չի սիրում, անտարբեր էր, բայց մխիթարվում էի նրանով, որ Նառային այլեւս չի հիշում»,- պատմում է Աննան:
Բայց Նառան մի օր որպես ուրվական հայտնվեց Սամվելի ճանապարհին, եւ այդ մի պատահարը վերափոխեց Սամվելին՝ ճակատագրական դառնալով թե իր, թե Աննայի համար: «Մի օր տուն եկավ, ներս մտնելուն պես ապտակեց ինձ առանց որեւէ պատճառի, հետո սկսեց որքան ուժ ուներ հարվածել փորիս, կոկորդիցս բռնած խեղդում էր, մի պահ թվաց, թե կսպանի: Նրա մեջ կարծես մի գազան էր արթնացել, առաջ երբեք նման դեպք չէր պատահել, նա երբեք ինձ վրա ձեռք չէր բարձրացրել: Այդ ամբողջ ծեծի ընթացքում շարունակ կրկնում էր՝ բոլորդ էլ դավաճաններ եք, անիծված Եվայի ցեղ, դուք սիրո արժանի չեք: Այս խոսքերից հետո փակվեց սենյակում եւ բարձրաձայն, երեխայի նման լաց էր լինում: Ես հատակին ընկած՝ մոռացած ցավերս, խղճում էի իրեն եւ լալիս ոչ թե ցավից, այլ չսիրված լինելուց. ես արդեն կռահել էի, որ նա տեսել է Նառային: Այդ դեպքից հետո սկսեց խմել, այդպես շուրջ կես տարի, երբ ընկերները գալիս էին, հաճախ սենյակից դուրս չէի գալիս, որ երեսիս կապտուկները չտեսնեին: Սամվելը 180 աստիճան փոխվել էր, խիղճը մեռել էր նրա մեջ, երբեմն չարախինդ հայացքով նայում էր եւ ասում՝ քեզ կապտուկներ շատ են սազում: Ընկերները նկատում էին, որ սկսել է շատ խմել, բայց իհարկե չէին պատկերացնի, որ կարող է իր կնոջ վրա ձեռք բարձրացնել: Մի օր հարբած եկավ տուն, նստեց կողքիս եւ պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել այն օրը. փողոցում պատահմամբ հանդիպել էր Նառային՝ իր ամուսնու եւ փոքրիկի հետ, Նառան փոքրիկին անվանել էր Մառլեն, որը Սամվելի հոր անունն է, եւ իրենք այդ անունը շատ են սիրել եւ երազել իրենց երեխային այդպես կոչել, Սամվելը այդ օրը պատմեց նաեւ, որ Նառան սովորություն ուներ ձեռքի ոչ թե ափով, այլ հակառակ կողմով շոյել իր դեմքը, նա երդվել էր, որ ուրիշ ոչ մեկին այդպես չի շոյի, բացի Սամվելից, բայց այդ օրը Սամվելի համար հակառակն էր պարզվել, Նառան մոռացել էր երդման մասին եւ այդպես շոյել էր ամուսնու այտը: Նառան նրան չէր նկատել: Դրանից հետո Սամվելը փոխվեց, հարբած գալիս էր եւ ծեծում, գիշերները քնի մեջ Նառա էր կանչում: Նառան ամենուր էր արդեն՝ եւ իր մտքում, եւ իմ, ով մեզ հանգիստ չէր տալու: Մի օր աշխատանքից եկավ, Միլենաս երեւի շատ լսելով այդ անունը մեր տանը, տիկնիկի անունը Նառա էր դրել, ես դա չգիտեի, հորն ասաց. «պապ, կարաս ասես, թե ի՞նչ ա կուկուի անունը», հայրը տարբեր անուններ տվեց, բայց երբ երեխան ասաց՝ «Նառա», երեխային ուժեղ ապտակեց: Այդ օրվանից գնացի հորս տուն, ասացի, որ բաժանվում եմ, նա հեշտ ու հանգիստ թղթաբանության հետ կապված հարցերը լուծեց, ասաց, որ ճիշտ եմ որոշել՝ իրեն կին պետք չէ, կինը չարիք է եւ որ ինքը, ուղղակի, ատում է բոլոր կանանց: Համբուրեց աղջկան եւ գնաց, մի քանի օր հետո իմացա, որ մեկնել է Ռուսաստան, այդ օրվանից անցել է 1,5 տարի, Սամվելից ոչ մի լուր չունեմ»,- պատմում է Աննան: