Տասնամյակներ առաջ մեր գյուղերից մեկում «Դեկամերոնը» այրեցին
25-ամյա Տաթեւիկ Կարապետյանը ոչինչ չասաց, միայն գիրք ուզեց կարդալ եւ արժանացավ ներկաների զարմանքին: «Ասացի՝ ես այս «Դեկամերոնը» ուզում եմ կարդալ: Լսել էի գրքի անունը, ուզեցի կարդալ: Բայց զգացի, որ այստեղ մի բան այն չէ: Մայրս է ժպտալով ականջիս շշնջաց՝ հո դու խայտառակ չե՞ս»,- պատմում է Տաթեւիկը եւ խոստովանում, որ մարդկանց արձագանքը ավելի մեծացրեց գրքի բովանդակության նկատմամբ հետաքրքրությունը: «Կարդացի իտալական Վերածնունդը նախանշող Ջովաննի Բոկաչոյի ստեղծագործությունը՝ բաց տեսարաններով: Հասկացա՝ սարսափած ինձ նայեցին հենց այդ պատճառով: Հետո էլ մայրիկիցս իմացա, որ իրենք այս գիրքը թաքուն են կարդացել, գրականության ցանկերում չկար եւ համարվում էր ամոթալի եւ գռեհիկ գործ»: Տաթեւիկը «Դեկամերոնը» հավանեց:
51-ամյա Նաիրա Առաքելյանի մայրն էլ տասնամյակներ առաջ արժանացավ որդիների տարակուսած հայացքներին ու ամուսնու հանդիմանանքին, երբ տուն բերեց նույն «Դեկամերոնը»՝ չիմանալով էլ, որ կան նաեւ արգելված գրքեր: «Գյուղապետարանում էր մնացել, ասի բերեմ տուն»,- ասաց մայրս: Հայրս էլ բարկացավ, ասելով՝ չե՞ս հասկանում ինչ ես բերել, դու չե՞ս լսել էս գրքի մասին: Համոզված եմ, հայրս չէր էլ կարդացել ստեղծագործությունը, միայն լսել էր: Վառեցին գիրքը, բայց ես աշխատեցի մտապահել անունը»,- ասում է տիկին Առաքելյանը: Նա հետո իհարկե կարդում է ստեղծագործությունը, որը համաշխարհային գրականության լավագույն նմուշ է:
Վերադառնանք Տաթեւիկին, ով ավարտել է ռոմանագերմանական ֆակուլտետը, նրա համար արդեն սովորական է դարձել իր կարդացած գրքերի շուրջ առաջացող տարակուսանքը: «Ես զարմանում եմ. հիմա, երբ ամեն ինչ ազատ է, ամեն ինչ բաց է, մարդիկ դեռ այլ աչքով են նայում քեզ, երբ ձեռքիդ տեսնում են Պաուլո Կոելյոյի «Տասնմեկ րոպեն», երբ խոսում ես Կուպրինի «Փոսի» արժեքի մասին: Նախորդ սերնդի վերաբերմունքը ինչ-որ տեղ հասկանալի է, իրենց ժամանակ ուրիշ էր, բայց իմ հասակակիցները, ովքեր ամեն օր, ամեն քայլի բաց տեսարանների են ականատես լինում, ինչո՞ւ են խորշում դրա գեղարվեստական արտահայտությունը տեսնելուց»,- ասում է Տաթեւիկը:
Մասնագիտությամբ գրականագետ Ամալյա Վարդանյանը ուրախ է, որ այսօր շատ արժեքավոր գործեր դարձել են բուհերի լսարաններում քննարկման արժանի գեղարվեստական ստեղծագործություններ: «Դրանց մեջ կան սիրային բաց տեսարաններ եւ դա ոչ մի դեպքում չպետք է դառնա պատճառ՝ գրականության ցանկ չմտնելու: Հիմա խորհրդային տարիները չեն, երբ սեքս «չկար» (ծիծաղում է): Այդ ստեղծագործություններն իրական մեր կյանքն են պատկերում, մեր զգացմունքները, մեզ՝ մեր կրքերով եւ մեր թուլություններով»,- ասում է տիկին Վարդանյանը: