Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգելիս՝ խոսեք

Մարտ 19,2011 00:00

Մի «ծնգացրեք»՝ խորհուրդ է տալիս հեռախոսը

Ծնվածս օրից բախտս քիչ բերեց: Կարծես՝ ճակատիս պետք է գրված լիներ, որ մարդկանց խոսքերը պետք է տանեմ-բերեմ: Ծնվելիս բոլորն էլ շատ փոքր են լինում, բայց իմը հակառակն էր. սկզբում ծնվեցի բավականին մեծ, իսկ հետո աստիճանաբար փոքրացա ու կատարելագործվեցի: Փոքրացա այնքան, որ այժմ, երբ տարիքով արդեն մեկ դարից էլ մեծ եմ, կարողանում եմ տեղավորվել նույնիսկ նորածին երեխայի ափի մեջ: Իսկ դա ինչպե՞ս կատարվեց: Ֆիզիկոս-գիտնականները մտածեցին, որ ընդամենը լուրեր տանող-բերողի համար այդքան մեծ մարմինը շատ է եւ սկսեցին ինձ պլաստիկ վիրահատության ենթարկել: Սկզբում հեռացրին մարմինս եւ թողեցին ականջս ու լեզուս, հետո վիրահատեցին ձայնալարերս: Դրա շնորհիվ հիմա ես կարող եմ երգել ու նվագել աշխարհահռչակ երաժիշտ-երգիչների նման, ցավոք, մեկ-մեկ էլ կլկլացնում եմ, եթե տերս անճաշակ է: Կներե՛ք, բայց «մեկ-մեկ»-ը սուտ ասացի, քանի որ Հայաստանում կլկլացնելը այսօր իմ կոչումն է դարձել: Անցած օրը տիրոջս ընկերը ոգեւորված պատմում էր, որ մի հատ «թույն» երգ ունի, տերս էլ ուրախ-ուրախ քաշեց երգը: Bluetooth-իս խորքում հավատում էի, որ այս անգամ կլկլոց չեմ լսի, բայց… «Աղաչում եմ, մի ճար արե\’ք, բուժե\’ք այս իմ ցավերը…»: Բա իմ ցավերն ո՞վ բուժի: Լա\’վ, վատը թողնենք, ինչ խոսք, լավ տերեր էլ եմ ունենում, ովքեր ինձ աչքի լույսի պես են պահում: Հա, մոռացա պատմեմ, որ անցած տարի մի երկու ամսով բարձրախոսս փչացել էր, ու մարդկանց խոսքերը լավ չէի փոխանցում միմյանց, բայց ամենասարսափելին դա չի, այլ այն, որ այդ երկու ամսվա ընթացքում այնքան վիրավորանքներ ու հայհոյանքներ լսեցի, որ իմ ողջ գոյության ընթացքում չէի լսել: Ճիշտ է, ես այժմ ուրախ եմ, որ կարող եմ բոլորին ծառայել, սակայն մեկ-մեկ էլ շատ եմ տխրում, երբ ստիպված եմ վատ լուրեր փոխանցել, որովհետեւ ոչ թե վատ լուր ասողին են հայհոյում, այլ ինձ, ով ընդամենը նրա խոսքը փոխանցողն է:
Աշխատանքիս մեջ շատ ազնիվ եմ ու պարտաճանաչ, երբեք պատվիրված լուրը չեմ ձեւափոխում: Աշխատանքիս ընթացքում հաճախ է լինում, որ բամբասում եմ կամ ստախոսում, բայց դա էլ երբեք չեմ ձեւափոխում: Առաջ, երբ զեղչեր չկային եւ րոպեներս շատ թանկ էին, այդ բամբասանքները կարճ էին տեւում, իսկ հիմա, ինչպես հաճախ ինձ ասում են՝ սկսել եմ ջրով աշխատել, այդ բամբասանքները տեւում են մի քանի ժամ, ու դրանից հետո մոտ երկու ժամ պետք է, որ ես ուշքի գամ ու սկսեմ նորմալ աշխատել: Մի բան էլ ասեմ՝ աշխարհում ես գուցե այն միակն եմ, որ աշխատում եմ գիշեր ու ցերեկ, չկարգավորված գրաֆիկով: Տերերս ինձ արթնացնում են, երբ ցանկանում են ու ինձ հետ վարվում են՝ ինչպես ուզում են, իսկ ես, նվիրված իմ վեհ կոչմանը, միշտ պարտաճանաչ իրականացնում եմ տարբեր լուրերը տանող-բերողի պարտականությունս:
Վերջում մի խնդրանքով ուզում եմ դիմել բոլորին՝ խնդրում եմ մի՛ զանգեք-անջատեք կամ, կոպիտ ասած, մի՛ ծնգացրեք, դա ինձ համար անպատվաբեր գործ է, ժլատի անուն եմ ձեռք բերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել