Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՃԱՐ ՍՈՒՐՃ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՂԸ

Մարտ 19,2011 00:00

\"\"Քանդակագործ Սամվել Ղազարյանին «դու»-ով դիմելու համար պետք է գումար վճարեք

Հրաչյա Քոչարի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Սամվել Ղազարյանի արվեստանոցն է: Սենյակի գրեթե մեջտեղում Մարտիրոս Սարյանի արձանն է, մի քիչ այն կողմ՝ Կոմիտասի կիսանդրին (այս գործի մի օրինակը Կանադայում է), դռան հենց կողքը քարե ցուլն է, սենյակի պատերին իր մի քանի գործերի լուսանկարներն են: Անկյուններից մեկում «Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն» քանդակն է: Սա միանգամից չնկատվող մոխրագույն բրոնզե ձուլվածք է, որն իրականում Արարատ լեռան հեռապատկերի վրա ներկայացնում է Նոյյան տապանը, հաշտության ծիածանը, ուրարտական, հելլենիստական շրջանները, լեռան հակառակ կողմում Հայկի թեման է պատկերված, Մասիսի գագաթին քրիստոնեության խորհրդանիշն է՝ եկեղեցին, ու պատմությունը գրառող Մովսես Խորենացու գլուխը:
Իր առավոտը պարոն Ղազարյանը սկսում է նկարիչ Սերգեյ Նազարյանին «ձրի սուրճ» հյուրասիրելով, ու թեեւ նրանց միջեւ 21 տարվա տարբերություն կա՝ մեծը Սամվել Ղազարյանն է, դա չի խանգարում լավ ընկերներ լինելուն: «Միայն էդ «դուք»-ն ա մնացել»,- ասում է քանդակագործը: «Դա էլ փողի հարց է, Սամվելն  ասաց՝ եթե փող տաս, կարող ես ինձ հետ «դու» -ով խոսել, դե ես էլ ընկած՝ էդ փողն եմ հավաքում»,- կատակում է Սերգեյ Նազարյանը:
Օրվա մեծ մասը քանդակագործն անցկացնում է իր արվեստանոցում: «Սովորաբար առավոտվա նվազագույն հոգսերն եմ հոգում ու գալիս եմ այստեղ: Ինչքան որ հնարավոր է՝ մնում եմ, մի ժամանակ ավելի երկար էի մնում՝ մինչեւ 11-ը, 12-ը, բայց հետո հասկացա, որ այդ դեպքում տունը քեզնից խռովում է»,- ասում է Սամվել Ղազարյանը: Ըստ նրա՝ քանդակագործության նպատակը բարձր ու կարեւոր հոգեւոր խնդիրներ շոշափելն է: «Արվեստ կոչվածը միայն երկրային լինելու դեպքում վերածվում է զարդարարության, եթե ինքը չունի ուրիշ ասելիք՝ դառնում է դիզայնի նման մի բան»: Մարդկանց քանդակելիս արվեստագետը փորձում է նրանց ավելի խորը հասկանալ ու ընկալել: «Կարծում եմ, որ կյանքում զենք չբռնած մարդը չպետք է Անդրանիկ քանդակի, կամ ցածր կուլտուրայի տեր մարդը իրավունք չունի Բայրոն քանդակելու»,- ասում է Սամվել Ղազարյանը:
Քանդակագործությունից բացի, վեց տարի նա սպորտային մարմնամարզությամբ է զբաղվել, նաեւ լուսանկարչություն է սիրում: Մեր հարցազրույցի օրը թոռնիկին էր լուսանկարել: Արդեն հինգ ամիս է՝ ինչ պապիկ է դարձել: «Պապիկի կարգավիճակում ստանում եմ երեխայի պարգեւած բոլոր հաճույքները, առանց այն անքուն գիշերների, որ ծնողն է անցկացնում երեխայի կողքին»:
Ըստ Սերգեյ Նազարյանի՝ Սամվել Ղազարյանը որոշ առումով իր համար ծնողի դեր է կատարում: «Շատ առավելություններ ունի, օրինակ՝ խմելուց հետո կռիվ չի անում, պարտքով վերցրած գումարը անպայման վերադարձնում է, միայն անճաշակ ֆիլմեր ա դիտում, շատ ա սիրում «Հրաշալի յոթնյակը», իսկ եթե ավելի լուրջ, նա ազնիվ, յուրահատուկ ու այսօր հազվադեպ հանդիպող մարդկանցից ա»,- ասում է Սերգեյը: Հետո նա ցավով նշեց, որ այսօր Սամվել Ղազարյան քանդակագործի աշխատանքները չկան մեր քաղաքում, իսկ նա ունի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք կարող էին զարդարել Երեւանը;

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել