Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 19,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երրորդ

ՇԱՐԺԱՆԿԱՐ ԵՎ ԿՅԱՆՔ

Եվ ընկեր Սեպուհն աչքերը ճպճպացնելով Գուգոյին հարցրեց՝ «այնուամենայնիվ, ինչո՞ւ բերդ կըսեք, այլ ոչ թե՝ բանտ», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էդ բերդ բառը թիֆլիսահայությունից ա գալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «մի ժամանակ Թիֆլիսի բանտը Մետեխի բերդում էր գտնվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Կամոն էլ ա էդ բերդում նստել», եւ ես ժպտալով ասացի՝ «Պեպոն էլ», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ինձ ասաց՝ «խելքդ լրիվ կինոյին ես տվել», եւ ընկեր Սեպուհն իր մանրիկ աչքերը ճպճպացնելով ինձ հարցրեց՝ «ի՞նչ կարծիքի եք հայ-թուրքական փաստաթղթի վերաբերյալ», եւ Գուգոն ժամացույցին նայելով ասաց՝ «մինչեւ մեր համագումարն էդ փաստաթղթի վերաբերյալ որոշում չընդունի, Արմենն իրա կարծիքը չի ասի», եւ ընկեր Սեպուհը զարմացած նախ ինձ նայեց, հետո աչքերը ճպճպացնելով Գուգոյին հարցրեց՝ «պարոն Արմենն ա՞լ հնչակյան է», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դիմում գրել ա, բայց վերջնական որոշում չենք կայացրել», եւ ընկեր Սեպուհը զարմացած հարցրեց՝ «ինչո՞ւ», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմենն իգդիրցի ա. իրա պապերը դաշնակցական են էղել», եւ ընկեր Սեպուհը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ պապն ալ ժամանակին դաշնակցության անդամ եղած է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մինչեւ անգամ դաշնակցության բյուրոյի անդամ եղած է» եւ մի քիչ էլ մտածեց եւ արդարանալով ավելացրեց՝ «մորակա՛ն պապս», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու ժպտալով ընկեր Սեպուհին ասաց՝ «փաստորեն, ձեր մոտ ցեղական ա», եւ Սեպուհը զարմացած աչքերը ճպճպացնելով հարցրեց՝ «ի՞նչն է ցեղական», եւ Գուգոն ծիծաղելով ասաց՝ «էսօր էլ քեզ բյուրոյի անդամ ընտրեցինք», եւ էդ պահին մեզ մոտեցավ Շիրխանյանն ու ժամացույցին նայելով ասաց՝ «ժողովուրդ, արդեն տասներկուսն անց ա», եւ Գուգոն Շիրխանյանին հարցրեց՝ «ի՞նչ խորհուրդ ես տալիս», եւ Շիրխանյանն ասաց՝ «գնանք՝ վերջացնենք», եւ Գուգոն ժպտալով ասաց՝ «ինձ թվում էր՝ արդեն վերջացրել ենք», եւ ընկեր Սեպուհն ասաց՝ «ընկեր Վահանն ու ընկեր Թալինն ալ պիտի ելույթ ունենան», եւ Շիրխանյանը ժպտալով ինձ հարցրեց՝ «ո՞նց ես», եւ Գուգոն ժպտալով Շիրխանյանին ասաց՝ «Արմենն էլ ա ուզում հնչակ դառնա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մի ժամ ա իրան բացատրում ենք, որ պիտի փորձաշրջան անցնի», եւ Շիրխանյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Արմենը վաղուց ա փորձաշրջանն անցել», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն մարդ պիտի իրա գործով զբաղվի», եւ Գուգոն ծիծաղելով ինձ ասաց՝ «ուրիշների պատմածները վերապատմելը գործ ե՞ս համարում», եւ Շիրխանյանը ժպտալով ինձ ասաց՝ «երկու տարի առաջ եթե ինձ ասեին, որ հնչակ եմ դառնալու, կմտածեի՝ ձեռ են առնում», եւ Գուգոն ծիծաղելով ասաց՝ «հիմի էլ՝ որ ինձ հնչակ են ասում, մտածում եմ՝ ձեռ են առնում», եւ ես ասացի՝ «ժամանակին Թումանյանն էլ ա հնչակ էղել», եւ ընկեր Սեպուհը հիացմունքով ինձ նայելով ասաց՝ «կերեւի՝ պարոն Արմենը մեր կուսակցության պատմությանը քաջատեղյակ է», եւ Շիրխանյանը ժպտալով ասաց՝ «էնպես որ, ոչ մի փորձաշրջան էլ պետք չի», եւ Գուգոն ծիծաղելով ասաց՝ «Արմենն ահագին վախտ Թումանյանի թանգարանի տնօրենն էր, դրա համար էլ գիտի, որ Թումանյանը հնչակ ա էղել», եւ Շիրխանյանը Գուգոյին ասաց՝ «գնանք. գնանք վերջացնենք» եւ ժպտալով ինձ հարցրեց՝ «չես ուզո՞ւմ մեր համագումարին մասնակցես», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուշ ա», եւ Գուգոն ժպտալով ինձ ասաց՝ «որ բանեկտին մասնակցես, էլի գոհ կըլնենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «բանկետը ե՞րբ ա», եւ Գուգոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «իշխանափոխությունից հետո», եւ երբ իրենք գնացին, տասներկուսն ահագին անց էր, բայց արձակագիր Աբազյան Աշխենը մեր հարկի միջանցքում նստած էր, եւ ես Աշխենին տեսնելով հարցրի՝ «կինոն տեսա՞ր», եւ Աշխենը հարցրեց՝ «ի՞նչ կինո», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Հարսնացուն հյուսիսիցը», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «էդ ֆիլմը հազար անգամ տեսել եմ», եւ ես ասացի՝ «էդ ֆիլմը ոչ մի անգամ սկզբից մինչեւ վերջ չէի տեսել», եւ Աշխենը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «հազար տարի ա՝ էդ կինոն կա», եւ ես ասացի՝ «էսօր նորացված ու թվայնացված տարբերակով ցույց տվին», եւ Աշխենը հարցրեց՝ «ո՞ր ալիքով», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Մերուժի», եւ Աշխենը հարցրեց՝ «Տեր-Գուլանյա՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Աշխենը հարցրեց՝ «Մերուժանինը «Ար»-ն ա, չէ՞», եւ ես ասացի՝ «հիմա ինքը «Արարատ» ալիքի տնօրենն ա», եւ Աշխենը հարցրեց՝ «էդ մշակութային ալիք ա, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա» եւ ավելացրի՝ «ափսոս՝ էդ կինոն չես տեսել», եւ Աշխենը հարցրեց՝ «ո՞ր կինոն», եւ ես ասացի՝ «Հարսնացուն հյուսիսիցը», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «էդ կինոն հազար անգամ տեսել եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճիշտ ա, քո ասած էդ թվայնացված տարբերակով չեմ տեսել, բայց էդ կինոն ծերից ծեր անգիր գիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ափսոս, էդ թվայնացված տարբերակը չես տեսել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «թողում ե՞ս, որ մարդ կինո նայի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց չեմ թողում», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «էդ հատորներիցդ չեմ կարում կտրվեմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «ահագին գրելու բան ունեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ինձ գործից կտրեցիր», եւ ես ասացի՝ «դիալոգները շատ ուժեղ են», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «դիալոգներին չեմ հասել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հասել եմ էնտեղ, որ գնացքով բանակ եք գնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես Ժորայի դիալոգների մասին եմ ասում», եւ Աշխենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Ժորա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էնտեղ Ժորա չկա», եւ ես ասացի՝ «էդ ֆիլմի սցենարը Ժորա Հարությունյանն ա գրել», եւ Աշխենը զարմացած ինձ նայեց, մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ես քո դիալոգների մասին եմ խոսում, դու՝ Ժորա Հարությունյանի», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ դիալոգներին դեռ չես հասել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հասել եմ էնտեղ, որ գնացքով բանակ եք գնում, ու Ազատանցի Վալոդը կլարնետը քոքում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ անմիջական ոճ ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «շատ անկեղծ ես գրում», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ոչինչ չասացի, եւ Աշխենն ասաց՝ «բանաստեղծություններդ էլ էին անկեղծ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «արձակդ կիսատպռատ էի կարդացել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ էդ կինոն էի կիսատպռատ նայել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ խոսում, դու հանաքի ես տալի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ լրիվ լուրջ խոսում», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «խոսածիցդ բան չեմ հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշները պարզ խոսում են, բայց բարդ են գրում, իսկ քո մոտ լրիվ հակառակն ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց ա հակառակը», եւ Աշխենը ծիծաղելով ասաց՝ «դու շատ պարզ ես գրում, բայց շատ բարդ ես խոսում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ բարդ բան եմ ասել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես քո վեպից եմ խոսում, դու՝ ինչ-որ հյուսիային հարսնացուից», եւ ես արդարանալով ասացի՝ «էդ ֆիլմն առաջին անգամ սկզբից մինչեւ վերջ նայեցի, դրա համար էլ էսքան տպավորված եմ», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էս վեպդ սկզբից մինչեւ վերջ չեմ կարդացել, բայց ես էլ եմ շատ ուժեղ տպավորված», եւ ես ժպտալով ասացի՝ «որ լրիվ կարդաս՝ կխոսանք», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ պարտադիր չի, որ բոլոր չորս հատորները կարդամ ու նոր կարծիքս հայտնեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «չորս հատոր չի», եւ Աշխենը զարմացած հարցրեց՝ «բա քանի՞ հատոր ա», եւ ես ժպտալով ասացի՝ «տասնմեկերորդն արդեն վերջացրել եմ», եւ Աշխենն ապշահար հարցրեց՝ «տասնմեկ հատոր գրել ե՞ս, տնաշեն», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն տասներկուերորդն եմ սկսել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ինչի՞ ես ինձ ընդամենը չորս հատը տվել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ գրքով ընդամենը չորս հատն եմ տպել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա մնացածնե՞րը», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մնացածները թերթով են կարդում», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «համոզվա՞ծ ես, որ թերթով կարդում են», եւ ես ժպտալով ասացի՝ «անձամբ եմ ճանաչում», եւ Աշխենը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ես անձամբ ճանաչում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «թերթով կարդացողներին», եւ Աշխենը զարմացած հարցրեց՝ «բոլորի՞ն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «համարյա», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մեջներն անծանոթներ չկա՞ն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կան» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «կամաց-կամաց ի հայտ են գալիս», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանում եմ, որ որոշ մարդիկ էս վեպդ չեն հավանում», եւ ես հարցրի՝ «ո՞վ չի հավանում», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշ մարդիկ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ որոշ գրողներ», եւ ես ասացի՝ «որովհետեւ չեն կարդում», եւ Աշխենը հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չեն կարդում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ չեն հավանում, ո՞նց էդքանը կկարդան», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեն կարդում, բայց լավ էլ քննադատում են», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ են ասում», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում են՝ շատ երկար ես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, ճիշտ են ասում», եւ Աշխենը մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մեկ էլ, ասում են, որ փողոցային լեզվով ես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ էլ են ճիշտ ասում», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց հեղինակային հատվածները լավ էլ գրականով ես գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «վախից եմ գրականով գրում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ չվախենայի, էդ հեղինակային հատվածներն էլ խոսակցականով կգրեի», եւ Աշխենը զարմացած հարցրեց՝ «ումի՞ց ես վախենում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «գրողներից ու գրագետներից», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու լրջանալով հարցրեց՝ «գրագետ մարդ մնացել ա՞, որ վախենաս կամ չվախենաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «շան տեղ մի դիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էսօր քննադատում են, վաղը կգովեն», եւ ես ժպտալով ասացի՝ «որ շան տեղ դնեի, տասնմեկ հատոր չէի գրի», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «նույն ոգով էլ կշարունակես», եւ ես ժպտալով հարցրի՝ «մինչեւ ե՞րբ», եւ Աշխենը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մինչեւ վերջ», եւ ես ժպտալով ասացի՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ճիշտն ասած՝ ինձ ամենից շատ էդ վեպիդ լեզուն ա դուր գալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շատ անմիջական լեզու ունես», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց էդ ֆիլմի դիալոգները շատ լավն են», եւ Աշխենը թարս նայեց ինձ ու ասաց՝ «մի անգամ ասեցիր՝ հասկացանք» եւ մի քիչ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «կեղծ համեստություն ե՞ս անում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ կեղծ համեստություն», եւ Աշխենը նեղսրտելով ասաց՝ «ես քո վեպն եմ գովում, դու մի գլուխ խոսակցությունն էդ վեպի կողմն ես շեղում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ եմ ափսոսում», եւ Աշխենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ես ափսոսում», եւ ես ասացի՝ «ափսոսում եմ, որ Ժորայի կենդանության օրոք էդ ֆիլմը սկզբից մինչեւ վերջ չեմ նայել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն նայել ես», եւ ես ասացի՝ «էսօր բախտս բերեց՝ սկզբից մինչեւ վերջ տեսա», եւ Աշխենը հարցրեց՝ «բա էլ խի՞ ես ափսոսում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Ժորայի կենդանության օրոք որ տեսած ըլնեի, իրան կասեի, որ չտեսնված ֆիլմ ա ստեղծել», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ իրան ասեիր, դրանից ի՞նչ էր փոխվելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ մի բան» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մարդ արարածը նույնիսկ ամենաանկարեւոր մարդկանց գովեստներից ա ոգեւորվում», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն ուշ ա», եւ ես միջանցքի ժամացույցին նայելով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «Ժորայի իմաստով եմ ասում, որ ուշ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն արդեն մահացել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էլ չես կարա քո գովեստներով իրան ոգեւորես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սաղս էլ ուշ թե շուտ մեռնելու ենք», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քանի սաղ ենք, պիտի իրար ոգեւորենք», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ առաջ դու ինձ ոգեւորեցիր», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «հեչ չի զգացվում, որ ոգեւորված ես», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ ոգեւորված եմ», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, շատ ճիշտ ես ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ ճիշտ ասում», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «էդ որ ասում ես՝ մարդ արարածը նույնիսկ ամենաաննշան մարդկանց գովեստներից ա ոգեւորվում», եւ ես ժպտալով Աշխենին ասացի՝ «դու որ նշանավոր էիր՝ մենք ո՜ւր էինք» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «պատմվածքներդ «Պիոներ» ամսագրում միշտ կարդում էի», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց ոչ մի անգամ չես ոգեւորել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «այսինքն, չես գովել», եւ ես ժպտալով ասացի՝ «էն ժամանակ քեզ անձամբ չէի ճանաչում, որ գովեի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «էն ժամանակ նույնիսկ մտքովս էլ չէր անցնի, որ կարող ա մի օր քեզ անձամբ ճանաչելու բախտն ունենամ», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, դու էլ ի՛նձ գովեցիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էս կյանքում ամեն ինչ փոխադարձ ա», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ես լրիվ անկեղծ էի վեպիդ մասին խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ էլ կասկածում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «դու էլ իմ անկեղծությանը չպիտի կասկածես», եւ Աշխենը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էս վեպդ կարդացողը քեզ ամեն հարցում կարա կասկածի, բայց անկեղծության հարցում հաստատ չի կասկածի», եւ Աշխենի խոսքի վրա հեռախոսի զնգզնգոց լսվեց, ու բավական ժամանակ զնգզնգոցը շարունակվում էր, եւ ուշադրությունս ու լսողությունս լարելով՝ շուտով հասկացա, որ զնգզնգոցներն իմ սենյակից է գալիս, եւ Աշխենին ասացի՝ «երեւի մերոնք են զանգում», եւ Աշխենը ժպտալով ասաց՝ «գնա, բարի գիշեր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս առաջին հատորդ որ վերջացնեմ, ավելի մանրամասն կխոսենք», եւ ես ժպտալով ասացի՝ «բարի գիշեր» ու երբ սենյակ մտա, տեսա, որ հեռուստացույցը միացած եմ թողել, ու հեռախոսիս զնգզնգոցն էլ շարունակվում էր, եւ երբ լսափողը վերցրի ու որեւէ ձայն չլսեցի, հեռուստացույցին նայելով՝ անմիջապես հասկացա, որ զնգզնգոցը Նազենիի հեռախոսինն է, եւ Նազենին տեղաշորից գիշերանոցով վեր կենալով՝ մոտեցավ, լսափողը վերցրեց, բայց, ըստ երեւույթին, զանգողը լռում էր, եւ Նազենին լսափողը դնելով՝ վերստին անկողին վերադարձավ, բայց քիչ անց վերստին հեռախոսը զնգզնգաց, եւ Նազենին աչքերը ճմլելով վերստին տեղաշորից վեր կացավ, նորից մոտեցավ հեռախոսին, ծուլորեն նորից լսափողը վերցրեց ու պահեց ականջին, եւ, ըստ ամենայնի, զանգողը վերստին լռում էր, եւ Նազենին նորից վերադարձավ անկողին, ու էդպես մի քանի անգամ, ու մինչ օպերատորը Ռոբին ցույց կտար, ես արդեն գլխի էի ընկել, որ զանգողը Ռոբն է, որովհետեւ սովորաբար սիրահարվածներն ավելի հաճախ են զանգում ու լռում, քան՝ հեռախոսով գժվացնողները, իսկ որ Նազենիի ու Ռոբի սերը շուտ թե ուշ սկսվելու էր, ես ոչ միայն Ռեմարկի վեպի մոտիվներով նկարահանված էս «Երեք ընկեր» ֆիլմի գովազդային հոլովակներից էի գլխի ընկել, այլեւ երեկվա տեսածս երկրորդ սերիայի վերջին հատվածից, ուր տեղի ունեցավ այն՝ ինչը կինոներում ավելի հաճախ է տեղի ունենում, քան՝ կյանքում, կարճ ասած՝ սեր առաջին հայացքից, եւ չնայած առաջին երկու սերիաները բավական ուշադիր էի նայել, էս երրորդի հենց սկզբից սենյակիցս դուրս եկա՝ ոչ թե էն պատճառով, որ շարժանկարային էս առաջին հայացքից սիրո կեղծ, անձնական ու անիրական լինելը չտեսնեմ, այլ էն պատճառով, որ «Հարսնացուն հյուսիսիցի» չափազանց ուշացած ու չափազանց հաճելի տպավորությունս չկորցնեմ, եւ սենյակիցս դուրս թռչելով՝ ուզում էի էդ չափազանց ուշացած տպավորությունս որեւէ մեկին հայտնել, բայց թարսի պես հնչակներն իրենց համագումարով էին տարված, իսկ Աբազյան Աշխենը՝ իմ վեպով, եւ ահա՝ Նազենիի հեռախոսը շարունակում է զնգզնգալ, եւ Նազենին եւս մի անգամ հեռախոսին մոտենալով, լսափողը վերցնելով ու վերստին որեւէ ձայն չլսելով՝ վերստին ներողամտորեն ժպտում է, որովհետեւ, ըստ ամենայնի, Նազենին էս ֆիլմի սցենարը նախապես կարդացել է եւ, ի տարբերություն ինձ, ոչ թե ենթադրում է, որ զանգողն ու լռողը Ռոբն է, այլ հաստատ գիտի, որ զանգողն ու լռողն անձամբ Ռոբն է, բայց էս ասածս ընդամենը ենթադրություն է, որովհետեւ հավասարապես հնարավոր է, որ ինձ պես Նազենին էլ էս ֆիլմի սցենարը նախապես կարդացած չլինի, ու էս ասածս արդեն ոչ թե ենթադրություններիս ոլորտից է, այլ՝ իմ իսկ կյանքի փորձից, որովհետեւ տարիներ առաջ, երբ Նազենիի հետ «Հեքիաթն է կանչում» հաղորդումն էինք անում, ինքն ամեն անգամ ոչ միայն տեսագրությունից էր ուշանում, այլեւ միանգամայն անպատրաստ էր ներկայանում էդ տեսագրություններին, եւ ինքը ոչ միայն նախապես իմ էդ հեքիաթների սցենարները չէր կարդում, այլեւ տեսագրությունից առաջ՝ ստուդիայում էլ չէր կարդում, ու իրեն մեղադրելու էլ չէր, որովհետեւ Նազենին առավոտվա իր հեղինակային հաղորդումն ավարտելով՝ շնչակտուր էր մեր էդ տեսագրությանը հասնում, ավելի ճիշտ՝ ամենաքիչը կես ժամ ուշանում էր, ու էդ կես ժամվա ընթացքում մեր նկարահանող խմբի անդամները Նազենիի հասցեին ինչ ասես ասում էին, եւ միայն ձեր խոնարհ ծառան էր փիլիսոփայորեն ու ըմբռնումով լռում, որովհետեւ ձեր խոնարհ ծառան հասկանում էր, որ մեր էդ հաղորդումը Նազենիի շնորհիվ մի օր բացվել ու Նազենիի պատճառով էլ օրերից մի օր փակվելու է, եւ երբ ամեն անգամ Նազենին ամենաքիչը կես ժամ ուշացումով հայտնվում էր, մեկից ռեժիսորի ու բոլորի փուշը թողնում էր, որովհետեւ Նազենին հանկարծակի հայտնվելով՝ հեռվանց ու մեկից բոլորիս ներգրավում էր իր աննկարագրելի ու պայծառ ժպիտի մեջ եւ ցինիկաբար ու հարազատաբար հեռվանց ճչում էր՝ «ի՞նչ եք պարապ ցցվել» եւ իր աննկարագրելի ժպիտը շարունակելով՝ ավելացնում էր՝ «անցնում ենք գործի» եւ երգելով նստելով վաղուց պատրաստ իր թախտին՝ երգելով ռեժիսորին, օպերատորին, Բոբոշին, Գուգուշին ու բոլորիս ժպտալով ասում էր՝ «ո՞ւմ եք սպասում», եւ ամեն անգամ հասկանում էի, որ ես Նազենիի համար ոչ թե հեքիաթների սցենարներ պիտի գրեի, այլ՝ երգերի տեքստեր ու կինոսցենարներ, բայց հատուկ Նազենիի համար էդ հաղորդումը բստրողներն, ըստ ամենայնի, ոչ թե Նազենիի տաղանդն էին տեսել ու գնահատել, այլ ընդամենը՝ գեղեցկությունը, եւ երբ տաղանդն էլ տեսան ու գնահատեցին, մեր էդ հաղորդումն ինչպես հանկարծակի բացվել էր՝ էդպես հանկարծակի էլ փակվեց, եւ Նազենիի շնորհիվ շուտով Նարդ-Դոսին ու Նար-Դոսի սպանած աղավնուն էլ հիշեցին, ու հիմա էլ, ահա, Ռեմարկին ու երեք ընկերներին են հիշել, եւ ահա Նազենիի հեռախոսը շարունակում է զնգզնգալ, եւ Նազենին գիշերանոցով ու աչքերը ճմլելով նորից հեռախոսին մոտենում ու լսափողը վերցնում է, ու վերստին լռություն է, եւ Նազենին վերստին ներողամտորեն ու ըմբռնումով ժպտում է, եւ ահա Նազենիի էդ ներողամիտ ժպիտով հերթական սերիան ավարտվեց, ավելի ճիշտ՝ շուտով կավարտվի, որովհետեւ եզրափակիչ երգն ու եզրափակիչ տիտրերը վերստին չափազանց երկար են, ու ես վերստին Ծաղկաձորում եմ, ու էդ նշանակում է, որ ոչ միայն էս վեպս եմ էսպես ինտենսիվ շարունակելու, այլեւ առաջիկա տասնհինգ օրերին եւս շարունակելու եմ նայել չտեսածս ֆիլմերը՝ Ռեմարկի ու Նազենիի էս «Երեք ընկերն» էլ ներառյալ, եւ իմ բախտից՝ ինձ շտապեցնող չկա, ու մեր ստեղծագործական տան տնօրեն Մովսեսն էլ դեմ չի, որ եւս մի տասնհինգ օր մնամ ու էսպես ստեղծագործեմ, ու Աբրահամյան Արամն էլ դեմ չի, որովհետեւ ինձ պես ինքն էլ հույս ունի, որ Ծաղկաձորում, հնարավոր է, էս վեպս մի քիչ հետաքրքրանա, եւ, ամենակարեւորը, մեր տնեցիք էլ մի տասնհինգ օր ինձնից հանգստանալուն դեմ չեն, ու երեւի իմ ու ձեր բախտից էր, որ Հարությունյան Ժորայի էդ ֆիլմի մասին էս ուշացած հիացմունքս չհաջողացրի որեւէ մեկին հայտնել, եւ հիմա, երբ երգն ու տիտրերն արդեն ավարտվել են, վերջապես կարող եմ Ժորայի էդ ֆիլմի առիթով ձեզ հետ մի քիչ անկեղծանալ եւ անկեղծորեն հիացմունքս հայտնել, ու ձեզ մոտավորապես էն պիտի ասեմ, ինչը որ պիտի ասեի անձամբ Ժորա Հարությունյանին յոթանասունհինգ թվականին Կինոյի տանն էդ ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո, եթե, իհարկե, Ֆիլյան Ռուբոյի ու իմ ընկեր Վարդանյան Սերգեյի հետ մինչեւ վերջ նստեինք ու էդ ֆիլմը մինչեւ վերջ նայեինք, բայց մենք ընդամենը կես ժամից մի քիչ ավել դիմացանք, ընդ որում՝ ոչ միայն լուրջ չէինք նայում, այլեւ ուրիշներին էլ էինք խանգարում նայել, եւ, հիշում եմ, երբ խանգարելու համար հետեւի կարգից մեզ երկրորդ անգամ Մկրտչյան Աբոն դիտողություն արեց, Ֆիլյան Ռուբոն շշնջալով ինձ ու Սերգեյին ասաց՝ «վեր կացեք գնանք՝ քանի խայտառակ չենք էղել»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել