Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԵՅԲՈՐԴԻՆԳԸ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՍՊՈՐՏԸ

Մարտ 19,2011 00:00

\"\"«Դա կյանք է»,- համոզված է Հայկ Հովհաննիսյանը

21-ամյա Հայկ Հովհաննիսյանը զբաղվում է փողոցային սկեյբորդինգով ադեն չորս տարի: «15 տարեկան էի, երբ մի ֆիլմ տեսա սկեյբորդինգով զբաղվող մի տղայի կյանքի մասին, եւ դա ինձ շատ գրավեց: Սկսեցի հետաքրքրվել այդ մարզաձեւով: Ցանկացած մանրուք՝ կապված այս սպորտի հետ, ես հանում էի ինտերնետից ու մանրամասն ուսումնասիրում»,-ասում է Հայկը:
Հայկը սկզբում սկսել է մարզվել իր հորեղբոր դատարկ լողավազանում, բայց հետագայում, իր իսկ խոսքերով, սահմանափակ տարածությունը սկսել է նեղել իրեն եւ նա իր պարապմունքները տեղափոխել է փողոց: «Լողավազանում տարածությունը շատ քիչ էր եւ, բացի այդ, սկեյբորդինգի այդ տարբերակը՝ համեմատած փողոցային սահքի հետ, բավական դժվար է: Արդեն չորս տարի է, ինչ զբաղվում եմ այս մարզաձեւով: Այնքան էլ մեծ հաջողությունների չեմ հասել, բայց բավականին հնարքներ կան, որոնց փայլուն տիրապետում եմ»,- ասում է Հայկը:
Հայկը, այս մարզաձեւով զբաղվելու չորս տարիների ընթացքում, բավականին շատ վնասվածքներ է ստացել: «Մեծամասամբ վնասվածքներ ստացել եմ այն ժամանակ, երբ պարապում էի լողավազանում: Մի դեպք հիշեցի, երբ լողավազանում պարապելիս պտույտի ժամանակ ընկա  ու ուշագնաց եղա, այդ վիճակում ես մնացի մոտավորապես տասնհինգ րոպե»,- պատմում է Հայկը:
Քիչ չեն եղել նաեւ զավեշտալի դեպքեր: Օրինակ այն, որ Հայկի մայրը սկզբնական շրջանում լողավազանի փոխարեն բոլորին ասում էր, որ տղան գնացել է լոգարան՝ սկեյբորդինգ պարապելու: Հայկը սկեյբորդինգի տախտակի վրա կարողանում է պահպանել հավասարակշռությունը, ինչը չի վերաբերում այն դեպքերին, երբ նա գեղեցիկ աղջիկ է տեսնում: «Դե հնարավոր չի տեսնել սիրուն աղջկա ու կարողանալ կանգնել սկեյբորդինգի տախտակի վրա: Օրինակ՝ անցած տարի՝ մարտի 8-ին, ձեռքիս վարդերի փունջը ոչ թե սիրածս աղջկա ձեռքին, այլ ոտքերի առաջ հայտնվեց: Նրան տեսնելով՝ չկարողացա պահել հավասարակշռությունս, ընկա ու ջարդեցի քիթս»,- պատմում է Հայկը:
Հայկը այս մարզաձեւը համարում է տաքարյուն, ասպետական սպորտ: «Սկեյբորդինգը ինձ համար ավելին է, քան սպորտը. դա կյանք է: Ազատ, անկախ, այլընտրանքային կյանք՝ իր երաժշտությամբ, հագուստի ոճով ու խոսելաձեւով»,- ասում է Հայկը:
Սկեյբորդինգ մարզաձեւը ստեղծվել է 1940-1950-ական թվականների սահմանագծին՝  Կալիֆոռնիայում, երբ սերֆինգի սիրահարները սերֆինգի տախտակին ավելացրեցին անիվներ եւ սկսեցին սահել հարթ տարածության վրա: Սկեյբորդինգը համարվում է էքստրեմալ ոճի մարզաձեւ, որը ունի սահելու մի քանի տարբերակներ՝ պտույտ, փողոցային սահք, սահք լողավազանում եւ այլն: Սահքի յուրաքանչյուր տարբերակ ունի իր տեխնիկան եւ իր հնարքները:
Այս մարզաձեւը զարգացավ հատկապես 1970-ականներին եւ սկսեց իր երթը ամբողջ աշխարհով: Յուրաքանչյուր քաղաքում կար սկեյբորդինգի հրապարակ: Այդ տարիներին առաջ եկավ սկեյբորդինգի նոր տախտակ, որի ոչ միայն պոչն էր ծալված, այլ նաեւ քիթը:
1981 թվականը շատ ծանր ժամանակաշրջան էր սկեյբորդինգի համար. համաշխարհային սոցիալ-տնտեսական ճգնաժամը ստիպեց, որպեսզի փակվեն սկեյբորդինգի բոլոր հրապարակները, դրա հետեւանքով էլ այս մարզաձեւով զբաղվողները սկսեցին մարզվել փողոցի հարթ վայրերում: Այսօր սկեյբորդինգի ամենատարածված սահքի տեսակը փողոցայինն է, որի իմաստն այն է, որ սկեյբորդիստները տարբեր հնարքների միջոցով հաղթահարեն փողոցում հանդիպող արգելքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել