Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մշակույթի տունը շարքից դուրս է գալիս անմխիթար տանիքի պատճառով:
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը՝ 4300 բնակիչ, իսկ միջնակարգ դպրոցը 408 աշակերտ ունի: 2009-ի դեկտեմբերի 2-ին «Մաշտոցի դրած հիմքը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 2010-ին գյուղի դպրոցը դառնում է 150 տարեկան: 1998 թվականին կառուցվել է դպրոցի նոր մասնաշենքը, 2000 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ հոլանդական կառավարության ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է դպրոցի հիմնական մասնաշենքը: Դպրոցը գազիֆիկացված է, ունի լոկալ ջեռուցման ցանց: Գործում են ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաներ, ժամանակակից չափանիշներին համապատասխան համակարգչային կենտրոն, ռազմագիտության, աշխարհագրության եւ կենսաբանության կաբինետներ: Կան նաեւ խնդիրներ՝ արհեստանոցում աշխատանքի ուսուցման դասերն անցնում են ԽՍՀՄ ժամանակվա հաստոցների առջեւ, հաստոցների մի մասն արդեն շարքից դուրս է եկել, որոշներն էլ՝ կիսափչացած են:
Իսկ այսօր դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը նշում է, որ դպրոցը դժվար պահպանվող շինություն է, աշակերտներն անփույթ են վերաբերվում, անընդհատ հետեւելու ու նորոգելու կարիք է զգացվում: Տնօրենը հիշում է խորհրդային տարիները, երբ ամեն տարի նորոգվում-վերացվում էին ուսումնական անցած տարվա վնասները: «Հիմա 5 տարին մեկ հազիվ ենք հասցնում նորոգել, դրա համար միանգամից հիմնանորոգման հարց է առաջանում, ավելի մեծ գումարներ են պահանջվում»,- ասում է Աշոտ Անտինյանը: Այսօր վերանորոգման կարիք ունի 150-ամյա դպրոցի տարրական հոսքի մասնաշենքը եւ մարզադահլիճի հատակը:
Ինչքան էլ որ խնդիրները շատ լինեն գյուղում, ժամանց կազմակերպելու հնարավորություններ կան՝ գրադարան, երկրագիտական թանգարան ու կրթամարզամշակութային համալիր:
Մարգահովիտի մշակույթի տունը մոտ 50 տարի առաջ է կառուցվել եւ երբեւէ չի նորոգվել: Հիմնանորոգման համար անհրաժեշտ է 300 միլիոն դրամ: Հրատապ է տանիքի նորոգումը: «Որ տանիքը նորոգվի, հնարավոր կլինի փրկել շենքը, ձյունն ու անձրեւաջրերը հոսելով հասնում են պատերին ու հիմքին»,- ասում է համայնքի ղեկավար Սամվել Անանյանը:
Փետրվարի 3-ին ՀՀ կառավարությունը 10,12 միլիարդ դրամ տրամադրեց մարզերին՝ դպրոցներ, մշակույթի տներ, մարզպետարանների շենքեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ եւ վերելակներ վերանորոգելու համար: Այս 10,12 միլիարդից Լոռին կստանա 1,3 միլիարդ: Մարգահովիտում ցավով նշում են, որ իրենց մշակույթի տունը նորոգվող շինությունների ցուցակի մեջ չի ընդգրկվել: