Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐՑԻՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԻՑ

Մարտ 19,2011 00:00

\"\"Գյուղացիներն ասում են, որ գյուղում ոռոգման ջուրը չի բավականացնում,  ջրագծի խողովակները գողացվել են: Գյուղապետը չի հերքում գողության փաստը, բայց պնդում է, որ գյուղը պահանջվածից էլ շատ ջուր ունի:

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղը մոտ 2500 բնակիչ ունի, բայց թիվը գնալով նվազում է՝ մարդիկ հեռանում են գյուղից: Դեռ չհեռացածները ասում են, որ արտագաղթի պատճառը գյուղի ջուրն է, ավելի ճիշտ՝ ջրի բացակայությունը:
1828 թվականին հիմնված գյուղը միշտ ոռոգվել է Աստծու հույսին: «Թե անձրեւ եկավ՝ կոռոգվի, թե չէ՝ այդ տարվա բերքից ձեռքներս լվանում ենք»,- նկատեց մի գյուղացի: Կարճաղբյուրցի Սամվել Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում բողոքեց. «Մարդիկ ուզում են հողագործությամբ զբաղվել, չեն կարող, բաղնիք են կառուցել, ջուր չկա, որ օգտագործեն: Եթե ոռոգման ջուր լինի, երիտասարդությունը կզբաղվի հողագործությամբ եւ չի գնա արտագնա աշխատանքի: Գյուղին խողովակաշար հատկացրել էին, այն մեր գյուղի հարստությունն էր, մեր գույքը, մենք կարող էինք դրանով ջուր բերել եւ ոռուգել մեր հողերը: Բայց ոմանք կերան այդ խողովակներն ու մարսեցին»: Գագիկ Սարգսյանն էլ ասում է. «Գյուղապետարանը չի թողնում, որ ժողովուրդը օգտվի ջրից, նորմալ ապրի եւ ոռոգման ու խմելու ջուր ունենա»: «Միլիոններ է մտնում գյուղապետարան, ինքը տանում եւ իր համար ծախսում է, մի բան չի անում, միայն իր անձնական հարցերն է լուծում: 15 տարի ինքն իրեն ընտրում է, ինքն իր հարցերը լուծում: Պիտի ջուր ու տեխնիկա ունենաս, ճանապարհ ունենաս, որ հողագործություն անես: Մենք անգամ գերեզմանոց գնացող ճանապարհ չունենք»,- դժգոհում է Մարատ Ոսկանյանը:
Կարճաղբյուրի գյուղապետ, հանրապետական Տարոն Քոչարյանը իսկապես այս պաշտոնին է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման առաջին օրվանից՝ 1996 թվականի հոկտեմբերից: Հինգ անգամ գյուղապետ է ընտրվել: Մեզ հետ զրույցում նա համոզված հայտարարում էր, որ «գյուղը քառակի ավելի է ապահովված խմելու եւ ոռոգման ջրով, այդ ջրով կարելի է մի քանի գյուղ էլ պահել: Կոնկրետ ո՞վ ա ասում, որ ջուր չկա: Բոլոր հողերը ոռոգվում են եւ ընդհանրապես խնդիր չկա: Մենք միլիոնների ներդրումներ ենք արել եւ ջրի հարցը լուծված է»:
Գյուղում կան թաղամասեր, օրինակ՝ Անդրանիկի թաղամասը, որտեղ մարդիկ տներ են կառուցել ու հեռացել գյուղից՝ ջուր չլինելու պատճառով: Տպավորությունն այն է, թե Կարճաղբյուրի գյուղապետն ու կարճաղբյուրցիները խոսում էին տարբեր գյուղերի մասին:
Գյուղացիների պնդումները, թե խողովակները գողացել են, գյուղապետը չհերքեց, սակայն ասաց, որ դա իր խնդիրը չի, ինքն իրավասու չէ խառնվել այդ գործին, քանի որ խողովակաշարերը «Ռեյգալ» ՍՊԸ-ի սեփականությունն են: Բայց չէ՞ որ այդ խողովակները նշված ՍՊԸ-ին հատկացվել են հենց Կարճաղբյուրը ոռոգման ջրով ապահովելու նպատակով, հակադարձում են գյուղացիները:
Նրանք պատմում են նաեւ, որ իրենց համագյուղացի Ավետիք Ղազարյանը տասը տարուց ավելի է, ինչ խոստանում է փոքր ՀԷԿ կառուցել, ինչը կլուծի նաեւ գյուղը ջրով ապահովելու հարցը: Բայց մինչ օրս ոչինչ չի արվում: Ոմանք համոզված են, որ Ավետիքին խաբել ու «քցել» են: Ինքը՝ Ավետիք Ղազարյանը «Առավոտին» պատմեց հետեւյալը. 1998-2003 թթ. աշխատել է բիզնես ծրագրի վրա՝ Կարճաղբյուր գյուղում ՀԷԿ կառուցելու նպատակով: Դրա արդյունքում Մակենիս գետի ակունքից 20 կմ խողովակաշարով ջուրն անկորուստ կհասներ գյուղ: Դիմել է համապատասխան ատյաններին եւ ստացել գյուղապետարանի, մարզպետարանի գրավոր համաձայնությունները: Ապա մարզպետն է խնդրանքով դիմել ՀՀ էներգետիկայի նախարարությանը՝ ՀԷԿ-ի կառուցմանը ընդառաջելու խնդրանքով: Ծրագրի հիմքում ընկած էր գյուղի տարածքով անցնող եւ «ՀայՌուսգազարդին» պատկանող խողովակաշարի օգտագործումը: «ՀայՌուսգազարդի» այն ժամանակվա ղեկավար Կարեն Կարապետյանն իմանալով, որ խողովակներն անհրաժեշտ են գյուղը ջրով ապահովելու համար, ընդառաջում է եւ 530 սմ տրամաչափի խողովակները շատ մատչելի գնով վաճառում: Նաեւ միջնորդում է «Ռեյգալ» ՍՊԸ-ին, որի եւ Ավետիք Ղազարյանի միջեւ կնքվում է պայմանագիր, համաձայն որի՝ Ավետիքն իր ծրագրի իրականացումը հանձնում է «Ռեյգալին»: Վերջինս պարտավորվում է 5 տարվա ընթացքում իր հաշվին կառուցել եւ շահագործման հանձնել ՀԷԿ-ը: Պայմանագրում նշվում է նաեւ, որ եթե «Ռեյգալը» մտափոխվի եւ գործի կեսից հետ կանգնի կամ մտացածին խնդիրներ ստեղծի՝ պարտավոր կլինի Ավետիք Ղազարյանին 30 հազար ԱՄՆ դոլար վճարել՝ ծրագիրը խափանելու համար:
Պայմանագիրը, սակայն, նոտարական վավերացում չի ստանում: «Որոշ ժամանակ անց «Ռեյգալի» ներկայացուցիչ Հայկ Միքայելյանն ինձ առաջարկում է 200 հազար ԱՄՆ դոլար վճարել այդ խողովակաշարի դիմաց, քանի որ ինքը չի կարողանում վարկ վերցնել եւ աշխատանքներ սկսել: Մերժում ստանալուց հետո ասում է, որ խողովակներն իրենն են եւ ինքն ինչ ուզի՝ կանի: Եվ սկսվեցին մեր տարաձայնությունները: Եկավ պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2008 թվականը, ՀԷԿ-ն այդպես էլ չկառուցվեց: Կարճաղբյուրցին չունեցավ իր երազած ջուրը: Իսկ խողովակաշարերը ապամոնտաժվեցին, մի մասը տարան անհայտ ուղղությամբ: Ես հազիվ կարողացա փրկել դրանց մի մասը եւ այսօր էլ հետեւում եմ, որ մնացածն էլ չտանեն: Այնուհետեւ սկսվեցին ինձ համար ամենացավալի ու զարմանալի ժամանակները, երբ ես դիմեցի դատական ատյաններին՝ պայմանագիրը չկատարած «Ռեյգալ» ՍՊԸ-ին պատասխանատվության ենթարկելու համար: Եվ համոզվեցի, որ մեր դատական համակարգում արդարություն գտնելն անիմաստ է, քանի որ ողջ համակարգը կոռումպացված է:
«Ռեյգալ» ՍՊԸ-ի տնօրենի անունից հանդես եկող Հրայր Միքայելյանը դատարանում ասաց, թե ինքն ինձ հետ ոչ մի պայմանագիր չի ստորագրել, չի կնքել, իրենց կնիքը գողացված է եղել, ստորագրությունը՝ կեղծված, խողովակներն էլ գողացել են: Իսկ ավելի ուշ, դատախազության քննչական բաժնում, Հրայրի եղբայրը՝ Հայկը, որը հանդես է եկել որպես ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, ասել է, որ իրենց կնիքը չի գողացվել, ստորագրություն չի կեղծվել, խողովակաշարը ոչ թե գողացել են, այլ իրենք են ապամոնտաժել, որ մոտեցնեն ջրի հունին: Դատական ատյանները ընդունում են «Ռեյգալի» բոլոր անհեթեթ պատճառաբանությունները եւ մերժում իմ հայցը: Բայց ես պատրաստվում եմ այս հարցը հասցնել մինչեւ Եվրոպական դատարան: Ես դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, Վերահսկիչ պալատի նախագահին: Խնդրել եմ, որ հանձնաժողով ուղարկեն եւ այս փաստի առիթով ուսումնասիրություններ կատարեն: Շատ գյուղերում բարեգործները մեծ ներդրումներ են կատարում, պետական միջոցներով ու տարբեր հիմնադրամներով խողովակաշարեր են անցկացնում գյուղերը, որպեսզի մարդիկ չլքեն գուղը, այն չդարարկվի: Կարճաղբյուրի պարագայում հարցը շատ հեշտ էր, ընդամենը պետք էր հետեւողական լինել: Բայց մեր ձայնը վերեւ չի հասնում: Դիմել եմ նաեւ Հանրային խորհրդին: Եթե այսպես շարունակվի, ես պատրաստ եմ միանալ իմ համագյուղացիներին եւ բողոքի ակցիա կազմակերպել նախագահի նստավայրի առջեւ»,- ասաց Ավետիք Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել