Մարտի 25-ը եւ 26-ը բառիս բուն իմաստով տոնական են լինելու հայ ֆուտբոլասերների համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության համատեղ ջանքերով նախ մարտի 25-ին, ժամը 15.00-ին «Միկա» ստադիոնում կհանդիպեն երկու երկրների վետերան ֆուտբոլիստները, իսկ պաշտոնական խաղի օրը՝ ժամը 13.00-ին «Փյունիկ» ստադիոնում իրենց հարաբերությունները կորոշեն հավաքականների երկրպագուներից կազմված հավաքական թիմերը:
Ավագ տարիքի ֆուտբոլասերները, ըստ նախնական տվյալների, վետերանների հանդիպման ժամանակ կարող են մեկ անգամ եւս վայելել նախկինում ճանաչված ֆուտբոլիստների խաղը: Ռուսաստանի թիմի կազմում հանդես կգան Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսեյ Պրուդնիկովը, Դմիտրի Անանկոն, Յուրի Կովտունը, Ախրիկ Ցվեյբան, Վագիզ Խիդիատուլինը, Գեորգի Յարցեւը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլշանսկին, Ալեքսանդր Տուկմանովը: Իսկ Հայաստանից խաղադաշտ կմտնեն մեր լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանը, Էդուարդ Մարգարովը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լեւոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը եւ ուրիշներ:
Կարծում ենք՝ պակաս հետաքրքիր չի անցնի նաեւ երկրպագուների մրցապայքարը: Հուսանք, որ կանաչ խոտածածկը կմեղմի հատկապես իրենց ագրեսիվ պահվածքով հայտնի ռուս երկրպագուների կրքերը: