Մոնտե Կարլոյում ընթացող շախմատի «Amber Chess Tournament» գերմրցաշարի հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը, պարզապես, հիացրեց իր երկրպագուներին: Հայաստանցի գրոսմայստերը թե «կույր», թե «արագ» շախմատում ջախջախեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովին՝ մրցաշարային երեք աղյուսակներում ստանձնելով միանձնյա առաջատարի դերը: Դրա փոխարեն օրն ընդհանուր առմամբ անհաջող ավարտվեց աղյուսակների վերին հորիզոնականներն զբաղեցնող մյուս գրոսմայստերների համար: Մասնավորապես, չորրորդ տուրից հետո Արոնյանի հետ հավասար՝ 6,0, միավոր վաստակած Մագնուս Կարլսենը երկու անգամ անզոր եղավ դիմադրել վերջին տեղում ընթացող Ուկրաինայի լավագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկին, երրորդ հորիզոնականում ընթացող աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որն ընդամենը կես միավոր էր ետ մնում նրանցից, Սերգեյ Կարյակինի հետ պայքարում անչափ կարեւոր մեկ միավոր կորցրեց, Վեսելին Տոպալովը «չոր» հաղթանակ տարավ իրենից ավելի բարվոք վիճակում գտնվող Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ Բորիս Գելֆանդ-Վլադիմիր Կրամնիկ մրցավեճում՝ հօգուտ իսրայելցու:
Գրանցված հաշիվների արդյունքում մրցաշարային աղյուսակներում էական տեղափոխություններ կատարվեցին: Եվ այստեղ հայերիս համար ուրախալին այն է, որ Լեւոն Արոնյանը բոլոր առումներով բացահայտ առաջատար դարձավ: Չորսական միավորով նա առաջինն է եւ «կույր», եւ «արագ» շախմատում, իսկ գումարային՝ ընդհանուր աղյուսակում մոտակա մրցակցին գերազանցում է 1,5 միավորով:
1. Լեւոն Արոնյան, Հայաստան, 8,0:
2. Վիշվանաթան Անանդ, Հնդկաստան, 6,5:
3. Մագնուս Կարլսեն, Նորվեգիա, 6,0:
4. Ալեքսանդր Գրիշչուկ, Ռուսաստան, 5,5:
5. Սերգեյ Կարյակին, Ռուսաստան, 5,0:
6. Վեսելին Տոպալով, Բուլղարիա, 5,0:
7. Հիկարու Նակամուրա, ԱՄՆ, 4,5:
8. Բորիս Գելֆանդ, Իսրայել, 4,5:
9. Վասիլի Իվանչուկ, Ուկրաինա, 4,0:
10. Վուղար Հաշիմով, Ադրբեջան, 4,0:
11. Վլադիմիր Կրամնիկ, Ռուսաստան, 3,5:
12. Անիշ Գիրի, Հոլանդիա, 3,5:
Երեկ՝ վեցերորդ տուրի զույգերն էին՝ Գրիշչուկ-Արոնյան, Գելֆանդ-Նակամուրա, Անանդ-Իվանչուկ, Տոպալով-Հաշիմով, Կրամնիկ-Գիրի, Կարյակին-Կարլսեն: