Լրահոս
Օրվա լրահոսը

50-ԱՄՅԱԿԸ՝ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ

Մարտ 19,2011 00:00

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) 2012 թվականին նշելու է իր գործունեության 50 տարին: Ստեղծված լինելով 1962-ին, նվագախումբը պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացավ միայն 1966-ին: Նվագախմբի հիմնադրման, կայացման եւ թռիչքաձեւ զարգացման գործում անգնահատելի է նրա առաջին ղեկավարի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը: Նրա անձի եւ անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձեւավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում եւ արտերկրի համերգասրահներում: Ստեղծված կայուն ավանդույթները յուրովի զարգացրին եւ հարստացրին նվագախմբի հաջորդ շրջանների ղեկավարները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանդին Բաղդասարյանը (1975-ից), ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանը (1982-ից) եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը (1997-ից): Վառ անհատականության եւ արտիստական խառնվածքի տեր այդ երաժիշտներն իրենց նվիրված գործունեությամբ բնորոշեցին նվագախմբի անկրկնելի դեմքը:
Նվագախմբի անցած ուղին այսօր ներկայանում է որպես տաղանդավոր կոլեկտիվի ծանրակշիռ ներդրում՝ Հայաստանում կամերային կուլտուրայի տարածման եւ արմատավորման գործում: Փայլուն արձագանք են ստացել նվագախմբի հյուրախաղերը աշխարհի տասնյակ երկրների հեղինակավոր բեմերում, նրա մասնակցությունը միջազգային բարձրանուն փառատոներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել