Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ՝ բուհում

Մարտ 19,2011 00:00

Ռուսական համալսարանն ու հայկական սերիալները

«Այսօր մշակութային հաստատությունները ծառայեցվում են տնտեսական նպատակների: Հայկական սերիալների պատճառով տուժում է մեր մշակույթը, գաղափարախոսությունը, ի հայտ են գալիս ապազգային տարրեր»,- երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում «Հայկական սերիալներ» թեմայով բանավեճի մասնակիցները նման կարծիք հայտնեցին: Սլավոնական համալսարանը նման բանավեճերի շարք է սկսել, որի միջոցով ուսանողները խնդիրների մասին բարձրաձայնելով՝ հույս ունեն համապատասխան արձագանքի արժանանալ: Այս բանավեճում մերօրյա սերիալներին դեմ հանդես էին գալիս բուհի քաղաքագետների խումբը, իսկ կողմ՝ իրավաբանները: Նշենք, որ չնայած հաղորդավարի՝ «Մաքսիմալ փորձելու ենք խոսել հայերեն» հայտարարությանը, ելույթները, բացառությամբ մեկի, ռուսերեն էին:
«Քննադատության արժանի են մասնավորապես տեղական արտադրության սերիալները, որոնք ագրեսիա, բռնություն են քարոզում: Հայկական հեռուստաալիքներում չկա մի սերիալ, որտեղ հերոսների միջեւ վեճը լուծվի խաղաղ ճանապարհով, պարտադիր է, որ մեկը մեկին սպանի, հերոսին անպայման գողանան եւ այլն: Նայում ես մի քանի սերիա եւ միանգամից կռահում, թե ինչ զարգացում պետք է լինի: Ստացվում է՝ 1, 2 ամիս կամ տարիներ նայում ենք սերիալ, որը մեզ ոչինչ չի տալիս»,- գտնում էին սերիալներին դեմ արտահայտվողները: Կողմ արտահայտվող թիմը անընդունելի է համարում մասսայականություն ձեռք բերած սերիալների նկատմամբ անխնա քննադատությունը: Ապագա իրավաբանները կարծում են, որ հայկական սերիալների առավելություններն ավելին են, քան բացասական գծերը. «Հայկական սերիալներն ունեն տնտեսական, սոցիալական եւ բարոյական նշանակություն: Հայաստանի ներկա պայմաններում, երբ անհրաժեշտ են բավականաչափ աշխատատեղեր, հայկական ցանկացած սերիալ հնարավորություն է ստեղծում դերասաններին ու թատերական բուհերի ուսանողներին՝ աշխատել: Քանի որ չունենք բավականաչափ գեղարվեստական ֆիլմեր, ստեղծվում են սերիալներ, որոնք փորձում են զարգացնել կինեմատոգրաֆը, մեծացնել մրցակցությունը եւ սերիալների որակը բարձրացնել»: Ըստ սերիալներին կողմ արտահայտվողների, հայկական սերիալների կերպարները վերցված են մեր իրականությունից, դրա համար էլ ավելի հոգեհարազատ են հասարակությանը: Մյուս կողմից էլ, ըստ նրանց, շատերը, հնարավորություն չունենալով գնալ թատրոն, իրենց առօրյան ավելի հետաքրքիր են դարձնում սերիալ դիտելով:
Քաղաքագետներն անտանելի են համարում նաեւ սերիալներն անընդհատ ընդհատող գովազդները, ինչը բանավեճի մյուս կողմի մասնակիցները բնական են համարում: «Կրիմինալ սերիալում ներկայացվում է արդարության մասին պատկերացումը: Չնայած որոշներում ունենք գլխավոր հերոսներ, որոնք երբեմն գործում են օրենքին հակառակ, սակայն հետագա քայլերը ցույց են տալիս, որ այդ կերպ նրանք կանխարգելում են ավելի մեծ չափերի հասնող չարիքը»,- գտնում են իրավաբանները: Սրան ի պատասխան՝ քաղաքագետները արձագանքեցին. «Ասում եք, որ կրիմինալ սերիալներում երբեմն չար մեթոդներով հասնում են արդարության, ստացվում է, որ նպատակն արդարացնում է միջոցները, սովորեցնում, որ չսիրենք օրենքը»:
«Աննա» սերիալի պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը համաձայն է՝ բռնություն, թմրամոլություն քարոզող ֆիլմերը պետք չէ, որ երեխաները նայեն, մյուս կողմից էլ՝ «Եթե այդպես է, մի՛ նայեք արտասահմանյան ֆիլմեր, որտեղ բոլորը թմրանյութ են ընդունում, նո՛ր համբուրվում, հետո գիշերն էլ պարզվում է, որ չեն քնում»:
Ռեժիսոր, սերիալներում նկարահանվող դերասան Աբել Աբելյանն էլ գտնում է, որ սերիալները հետագայում լուրջ ֆիլմեր նկարահանելու հիմքն են. «Սերիալները ոնց որ «տրենաժոր» լինեն մասնագետների եւ դերասանների համար»: Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք չի գտնում, որ հայկական սերիալների սցենարները կենցաղային են, պրիմիտիվ, թմրեցնող ու լացացնող, Ա. Աբելյանը արձագանքեց. «Կան սցենարներ, որ լավն են, կան այնպիսիք, որ սկզբում վատն են, հետո զարգանում են: Ընդհանուր «պլանկա» ստեղծել, թե սերիալը վատն է, ճիշտ չէ: Եթե մարդիկ ընդունում են, ուրեմն իրենց դուր է գալիս լացել… Հայերս անընդհատ փնովում ենք, փոխարենը հույս տանք, որ մի բան ծնվի»: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք հեռուստատեսությունը միշտ պետք է հետեւի պահանջարկին, նա պատասխանեց. «Ա՛յ, որ էդքանը իմանայի, մի հատ հեռուստատեսություն էլ ես կունենայի»: Մեր հարցին՝ հատկապես ո՞ր հայկական սերիալն է հավանում, Ա. Աբելյանն այսպես պատասխանեց. «Ցավոք, միայն մեր սերիալն եմ նայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել