Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԳՈՒՄԱՐ՝ ԼՈՒՐՋ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Մարտ 19,2011 00:00

Նախագահի երիտասարդական մրցանակը՝ $5000-ը կիսվում է

ՀՀ նախագահի 2005թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով հիմնվեց դասական երաժշտության բնագավառում հանրապետության նախագահի երիտասարդական ամենամյա մրցանակ՝ «Երգեցողություն» եւ «Գործիքային կատարում» անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգում սահմանվեց մեկական մրցանակ՝ վկայագրի, շքանշանի եւ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւի ձեւով: Երեք տարի առաջ «Երգեցողություն» անվանակարգում առանձնացվեցին կին եւ տղամարդ կատարողները, այսպիսով նպաստելով այն բանին, որ կարեւորվեն վոկալ առանձնահատկությունները: Ողջունելի այս քայլը, սակայն, իր հետ բերեց մի մտահոգություն. դրամական ֆոնդը ոչ թե կրկնապատկվեց, ինչը կլիներ տրամաբանական, այլ ճիշտ հակառակը՝ հիշյալ անվանակարգի համար նախատեսված գումարը տրոհվեց երկու մասի, այսպիսով ձեւավորելով անհամաչափություն մյուս անվանակարգերի համեմատությամբ:
Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կայացավ «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի 2010թ. երիտասարդական մրցանակի հավակնորդների երկրորդ՝ եզրափակիչ փուլը: «Առավոտը» ներկա էր նաեւ առաջին փուլին, որտեղ հայտ ներկայացրած 19 երգիչներից կատարումներով հանդես եկան 17-ը, եզրափակիչ փուլ անցան 6-ը՝ Թերեզա Գեւորգյան, Գրիգոր Աբրահամյան, Մերի Մովսիսյան, Հայկ Տիգրանյան, Հովսեփ Նշանյան եւ Նինա Մինասյան: Ժյուրին գլխավորում է դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանը, որը, ինչպես եւ սպասվում էր, չպատասխանեց մեր հարցերին, միայն նշեց, որ հայկական վոկալ դպրոցի համբավը «սավառնում» է աշխարհում եւ հետեւաբար ժյուրիին բաժին է ընկել աննկարագրելի դժվարություն՝ ընտրել լավագույններից լավագույնին: Նշենք, որ եզրափակիչ անցած 6 երգիչների թվում կան ուսանողներ, նույնիսկ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ եւ Լոնդոնի թագավորական ակադեմիայի ուսանող:
«Առավոտը» մշտապես հետեւել է եւ տեղեկացրել նախկինում տարբեր բնագավառներում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար մրցույթի ընթացքին եւ արդյունքներին: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Երգեցողություն» անվանակարգում ժյուրին՝ անվանի երգիչ Բարսեղ Թումանյանի գլխավորությամբ, այդպես էլ չկարողացավ ընտրել կին վոկալիստ:
Քանի որ Յու. Դավթյանը խուսափեց «Առավոտից», որոշեցինք «քվեարկություն» անցկացնել դահլիճում՝ ներկաների եւ մասնագետների շրջանում: Բնականաբար, մասնագետները համաձայնեցին կարծիք հայտնել միայն այն դեպքում, եթե իրենց անունը գաղտնի մնա, վախենալով վիրավորել կոլեգաներին, որովհետեւ «փոքր երկիր ենք, ու ցանկացած անցուդարձ, հատկապես մշակույթում, ի վերջո, բացահայտվում է»: Ըստ մեր «քվեարկության» արդյունքների, դժվարությունները կին վոկալիստների ընտրության հարցում էր: Շրջանառվեցին Թերեզա Գեւորգյանի եւ Մերի Մովսիսյանի անունները: Առաջինը անցյալ տարի Երեւանի կոնսերվատորիան, պրոֆեսոր Ռ. Հակոբյանցի դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Լոնդոնի թագավորական ակադեմիայում, ճանաչված մանկավարժ Դայանա Ֆորլանոյի ղեկավարությամբ, իսկ Մ. Մովսիսյանը դեռեւս ուսանում է Երեւանի կոնսերվատորիայում, ճանաչված մանկավարժ Աննա Սարաջեւայի դասարանում:
Տղամարդ վոկալիստի ընտրությունը անհամեմատ հեշտ էր, քանի որ միաձայն նշվում էր մեկ անուն՝ Հայկ Տիգրանյան: Նա ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, պրոֆեսոր Ս. Դանիելյանի դասարանը, այժմ կատարելագործվում է անվանի երգիչ Գեղամ Գրիգորյանի ղեկավարությամբ, Ազգային օպերային թատրոնի մեներգիչ է եւ ընդգրկված է թատրոնի մի շարք ներկայացումներում:

Հ. Գ. Նախագահի մրցանակի հաղթողների անունները հայտնի կդառնան ապրիլի վերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել