Ադրբեջանը Վրաստանից պահանջում է երկու մասի բաժանել Վրաստանի պատմական Դավիթ Գարեջու տարածքը: Այս մասին տեղեկացնում է new.am-ը՝ վկայակոչելով վրացական Journalist.ge գործակալությունը: Աղբյուրը հիշեցնում է 4 տարի առաջ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կատարած հայտարարությունը, որտեղ նա ասել է. «Իմ եղբայր Իլհամի հետ զրուցեցի, եւ Վրաստանի պատմական տարածքի՝ Դավիթ Գարեջու սահմանը այնպես կանցնի, որ վրացական մշակութային կոթողները կհայտնվեն Վրաստանի տարածքում»: Ըստ գործակալության, անցել է 4 տարի, բայց հօգուտ Վրաստանի առաջխաղացում դեռ չկա:
Թբիլիսիի ավագանու անդամ, «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան նշել է, որ 2 շաբաթ առաջ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշբիլին Բաքու այցելության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն այդ հանդիպումը չի լուսաբանվել ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից: Ըստ այլ տեղեկությունների, նրանց հանդիպման թեման եղել է Դավիթ Գարեջու տարածքի խնդիրը, որի ժամանակ էլ Ալիեւը պահանջել է տարածքը կիսել: «Այժմ Վրաստանի ղեկավարությունը պարտավոր է ասել, թե արդյոք Վրաստանին սպառնո՞ւմ է Դավիթ Գարեջու տարածքի մասնատում, ինչպես նաեւ այնտեղ ադրբեջանցի հովիվների համար կետերի բացման վտանգ»,- հայտարարել է Թբիլիսիի ավագանու անդամը:
Նշենք, որ Դավիթ Գարեջու թեման մարտի 28-ին կքննարկվի Վրաստանի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա են գտնվելու ԱԳ նախարարության սահմանների սահմանազատման պատասխանատու անձինք եւ դատախազության ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Վրաստանի պատմական Դավիթ Գարեջու տարածքի մի մասը գտնվում է Վրաստանի, իսկ մյուս մասը՝ Ադրբեջանի տարածքում: