Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենը նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ պատասխանել թուրք վարչապետի հնչեցրած մեղադրանքներին: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը՝ վկայակոչելով թուրքական մամուլը: Նամակում նշվում է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցը հավասարակշիռ է: «Հավասարակշիռ մարդիկ են նաեւ զեկույցը պատրաստողները: Խնդրում եմ՝ զեկույցն ու Եվրախորհրդարանը նախընտրական քարոզարշավի նյութ մի դարձրեք: Իսկ զեկույցի նպատակը ոչ թե քննադատությունն է, այլ անդրադարձը ԵՄ անդամակցության ճանապարհին իրականացվող բարեփոխումներին»,- ասվում է եվրախորհրդարանականի՝ Էրդողանին ուղղված նամակում:
«Սեպտեմբերին կայանալիք հանրաքվեից առաջ թուրքական ընդդիմությունն ինձ մեղադրում էր իշխանություններից նվերներ ստանալու համար: Հիմա էլ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե զեկույցը գրել ենք ընդդիմության պահանջով»,- նշել է Ռիա Օոմեն-Ռյույտենը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոշտ քննադատության էր ենթարկել Եվրախորհրդարանին՝ օրեր առաջ Թուրքիայի վերաբերյալ ընդունած զեկույցի համար: «Այդ զեկույցից երեւում է, որ այն պատրաստել են Թուրքիան ընդհանրապես չճանաչող մարդիկ: Դա պատվերով պատրաստված զեկույց է»,– հայտարարել էր Էրդողանը:
Հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հերթական զեկույցը ընդունվել էր մարտի 9-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որում կոշտ քննադատություններ են հնչում Թուրքիայի հասցեին: