Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Մարտ 19,2011 00:00

\"\"Լիբիային օդային հարվածներ կարող են հասցվել արդեն մոտակա ժամերին: Մարտի 18-ին այդ մասին հաղորդեց BBC-ն: Բրիտանիան հայտարարել է, որ տարածաշրջանում իր ռազմական հենակետեր է ուղարկում հավելյալ ինքնաթիռներ: Մեծ Բրիտանիան միացել է Լիբիայի նկատմամբ կիրառվելիք ռազմական գործողություններին: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Ֆրանսիան եւ եվրոպական եւս մի քանի երկրներ՝ ներառյալ Նորվեգիան եւ Դանիան, հայտարարել են արդեն մոտակա ժամերին հնարավոր ավիահարվածների մասին, իսկ Ռուսաստանը հրաժարվել է դրանց մասնակցել: Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուրբաթ օրը շարունակում էին քննարկել իրենց հետագա գործողությունները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 10 կողմ, 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ նախօրեին հավանություն է տվել թիվ 1973 բանաձեւին, որով նախատեսվում է Լիբիայում սահմանել թռիչքազերծ գոտի եւ գնդապետ Մուամար Քադդաֆիին զրկել օդուժի միջոցով ընդդիմադիր ապստամբներին ու խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու հնարավորությունից: Ձեռնպահ են մնացել Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Գերմանիան եւ Հնդկաստանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ձեռնպահ մնացած հինգ երկրները, դատապարտելով Լիբիայում խաղաղ բնակչության դեմ գնդապետի ռեժիմի սանձազերծած բռնությունները, նշել են, որ թռիչքազերծ գոտու սահմանումը իրավական եւ տեխնիկական պարզաբանումների կարիք ունի:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարք Լայալ Գրանթն ասել է, որ բանաձեւի նպատակն է վերջ տալ բռնությանը, պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ Լիբիայի ժողովրդին ընձեռել Քադդաֆիի բռնապետական ռեժիմից ձերբազատվելու հնարավորություն: 1973 բանաձեւը ենթադրում է ոչ միայն թռիչքազերծ գոտու սահմանում, այլեւ Լիբիային զենք մատակարարելու էմբարգո, Լիբիայի սեփականություն հանդիսացող կամ Լիբիայի կողմից վարձակալված օդանավերի միջազգային չվերթների արգելք: Բացի այդ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսի փոխանցմամբ, բանաձեւով ընդարձակվում է սառեցված հաշվեհամարների ցանկը, որում ընդգրկված են լիբիացիները կամ լիբիական պետական կառույցները:
Բենգազիում ապստամբները ողջունում են 1973 բանաձեւի ընդունումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը ցնծությամբ են ընդունել Լիբիայի ընդդիմության պաշարված կենտրոն Բենգազիում: Իսկ Լիբիայի կառավարությունը, BBC-ի մատուցմամբ, կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները երկրում եւ ապստամբների հետ բանակցություններ սկսել: Այդ հայտարարությունն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է վերոհիշյալ 1973 բանաձեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել