Այս անգամ պատճառը դպրոցահասակների հաշվառումն է
2005թ. հուլիսի 14-ի «ՀՀ-ում կառավարության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» որոշումը մեծ տհաճություն ու ավելորդ գլխացավանք է պատճառել նաեւ գյումրեցի ծնողներին: Բանն այն է, որ վերջիններս բան ու գործ թողած՝ ստիպված են իրենց երեխաների մասին տեղեկատվություն ներկայացնելու համար հերթ կանգնել Գյումրու ոստիկանության անձնագրային բաժնի նեղ միջանցքում: Ի դեպ, այսպիսի հերթերի ժամանակ Գյումրու ոստիկանության դիմաց միշտ կարելի է տեսնել շտապօգնության մեքենա: Թե ո՞րն է կառավարության որոշումն այսքան ուշացումով կատարելու նպատակը, ծնողներն այդպես էլ չեն հասկանում, դպրոցներում նրանց այս մասին ոչ մի պարզաբանում չի տրվել: Ընդմիջման ժամին հերթ պահած տասը հոգուց ոչ մեկը չգիտեր իրական նպատակը, նրանք տարբեր ենթադրություններ էին անում: Ծնողներից մեկի կարծիքով՝ սա կապված է առաջիկա ընտրությունների հետ, ճշտում են բնակչության իրական թիվը: Ըստ նրա, թեեւ Գյումրիում կան երեխաներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, սակայն անձնագրային բաժնի աշխատակիցները ձեռքի հետ ճշտում են նաեւ ծնողների տվյալները. հանրապետությունո՞ւմ են, թե՞ դրսում: Հնչեցին նաեւ ենթադրություններ այն մասին, որ սա դպրոցի տնօրենների խարդախությունները բացահայտելու ձեւ է, թե Գյումրիում եւ թե հանրապետության մյուս քաղաքներում քիչ չեն այն դեպքերը, երբ տնօրենը, այսպես ասած, չեղած աշակերտի համար պետությունից փող է շորթում: Ծնողներից մեկն էլ համոզված էր, որ սա արտերկրից վարկ մուրալու միջոց է, հարկավոր է «դրսերին» ապացուցել, որ Հայաստանը հուսալի երկիր է, ունի այնքան ջահելություն, որ կկարողանա հետագայում փակել վերցրած վարկերը: «Մի մասից պահանջում են, մյուսներից՝ ոչ, ինչի՞ համար է: Հայրը տվյալ պահին տեղում չէ, ո՞նց ներկայացնեմ անձնագիրը, սա ավելորդ քաշքշոց է ժողովրդի համար, չե՞ն մտածում, որ առանց այն էլ հոգսերն էնքան շատ են: Չես հասկանում նպատակը, թե չէ տարօրինակ ոչ մի բան չկա, եթե նպատակը իրականում հաշվառելն է: Մեզ դպրոցում ասել են, պետք է ներկայացնեք դիմում անձնագրային բաժին եւ բերեք համապատասխան տեղեկանք, որ դուք հաշվառված եք տվյալ հասցեում, դպրոցում էլ երեւի չգիտեն ինչն ինչոց է, իրենցից պահանջում են, իրենք էլ մեզանից են պահանջում»,- ասաց ծնողներից մեկը:
Որ դպրոցի տնօրենները չգիտեն իրական նպատակը, համոզվեցինք՝ զրուցելով Գյումրու թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանի հետ: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են երեխաների ծնողներին ոստիկանություն ուղարկում, վերջինս պատասխանեց. «Թե որն է նպատակը՝ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում՝ տեղյակ եմ, ինչի՞ համար է՝ չգիտեմ: Սա ազգաբնակչության պետական ռեգիստրի հաշվառում է, այդպիսի հաշվառման մեջ մինչեւ այսօր կանգնած են 6 տարեկանից սկսած մինչեւ անձնագիր դեռեւս չստացած բոլոր քաղաքացիները: Թե դպրոցները, թե նախակրթարանները օգնողի կարգավիճակում են, մեր դերը հիմնականում հետեւյալն է. համապատասխան դիմումի ձեւ ենք ստացել, բաժանում ենք ծնողներին, բացատրում ենք՝ ինչ պետք է լրացնեն այդ դիմումի մեջ ու ինչպես տանեն անձնագրային»:
Ի դեպ, որպես վերջնաժամկետ սահմանված է մայիսի 31-ը, սակայն, եթե նկատի ունենանք, որ Գյումրիում մոտ 14 000 աշակերտություն կա, կարելի է ենթադրել, որ այս ժամկետն էլ ոստիկաններին չի բավարարելու:
Հ. Գ. Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ԶԼՄ-ներին պարզաբանել էին հաշվառման նպատակը: ՀՀ բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ.-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր՝ արտերկիր մեկնելու համար, ուստի մինչեւ 2006թ.-ն տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում, անկախ նրանից՝ անձնագիր ունե՞ն, թե՝ ոչ: Բացի այդ, ըստ որոշ ուսումնասիրությունների պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր, դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որեւէ տեղ հաշվառված չեն: Ամեն ինչ նորմալ է, այլ հարց է, որ գործընթացն ուղեկցվում է զզվելի հերթերով ու քաշքշուկներով, չհաշված ժամանակի կորուստը: