Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՆԵՐՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԶԻՋՈՒՄ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ

Մարտ 19,2011 00:00

\"\"Սա է պատճառը, որ նույնիսկ պետական այրերի մակարդակով հայտարարություններ են արվում, թե հույսը պետք է դնել աղջիկների վրա:

Հայ հասարակությունն ավանդաբար եղել եւ շարունակում է մնալ հայրիշխանական: Այս մասին կան բազում գիտական վերլուծություններ, աշխատություններ: Իր սոցիալական կարգավիճակով, պաշտոններ զբաղեցնելու մակարդակով հայ կինը միշտ զիջել է հայ տղամարդուն, քանի որ նրան միայն մեկ գործառույթ է վերապահված եղել. լինել ընտանիքի մայր եւ դաստիարակել երեխաներ: Մի շարք գործոնների ազդեցության ներքո անզեն աչքով էլ նկատելի է, որ հայ հասարակության նկարագիրը որոշ փոփոխություններ է կրում: Այս փոփոխությունների հիմքերը թերեւս բխում են կրթության ոլորտից, երբ դրվում է ապագա քաղաքացու կեցվածքի, բնույթի հիմքերը: Իսկ կրթության ոլորտի վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջադիմությամբ, ուսման նկատմամբ խանդավառվածությամբ աղջիկները բավականին առաջ են անցել տղաներից: Օրինակ, երբ վերջերս Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամփոփեց բարձր առաջադիմություն ունեցող 1-ին կուրսեցիների համար սահմանված կրթաթոշակի արդյունքները, պարզ դարձավ, որ բացարձակ գերազանց առաջադիմությամբ 23 երիտասարդներից ընդամենը մեկն էր արական սեռի ներկայացուցիչ: Իսկ հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանն ի լուր բոլորի հայտարարեց, թե հույսներս պետք է դնենք աղջիկների վրա: Սա արդեն վկայում է այն մասին, որ մեր հասարակությունում շատ բան է փոխվում, մանավանդ՝ երբ նման հայտարարություններ են արվում պետական պաշտոնյաների, այն էլ՝ արական սեռի ներկայացուցիչների, ավելին՝ երկրի վարչապետի կողմից: Դե, ինչպես ասում են, ձեզ տեսնենք, աղջիկներ:
«Առավոտի» հարցախույզը տարբեր բուհերի շրջանում եւս ցույց տվեց, որ տղաները ուսման բնագավառում ցուցաբերած առաջադիմությամբ զիջում են աղջիկներին: ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Որպես կանոն, աղջիկներն ավելի լավ են սովորում: Երբ հայացք ենք գցում մեր շրջանավարտների առաջադիմությանը, պարզ է դառնում, որ աղջիկներն առաջադիմությամբ բարձր հորիզոնականներում են: Իմ կարծիքով՝ այս խնդիրները գալիս են դպրոցից. առանց այն էլ այսօր մեր հանրակրթական ուսումնական հաստատությունների մեծամասնությունում մանկավարժները չեն կարողանում աշակերտների մեջ ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, նրանց կապել դպրոցին, սրան գումարվում է նաեւ այն, որ տղաները ի բնե ավելի անկարգ են, եւ այս գործոնների ազդեցության ներքո արդեն բուհում կանգնում ենք բարձրացված խնդրի առջեւ»:
Նույնն է իրավիճակը նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: «Առավոտի» այն հարցին՝ ուսման նկատմամբ առաջադիմությամբ առջեւում են տղանե՞րը, թե՞ աղջիկները, բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե՝ աղջիկները: Սակայն ցանկալի կլիներ, որ տղաները եւս առաջադիմությամբ աչքի ընկնեին: Կան նաեւ լավ սովորող տղաներ, բայց նրանց թիվը շատ քիչ է: Մի կողմից սրա պատճառն ավանդույթներն են. ավանդաբար այսպես է եղել, տղաները առաջադիմությամբ զիջել են աղջիկներին, իհարկե՝ ոչ այս աստիճան: Դրա պատճառներից է նաեւ այն, որ աղջիկներն ավելի նստակյաց են, սիրում են նստել, կարդալ, աշխատել իրենց վրա, այնինչ տղաներն ավելի շատ կապված են դրսի հետ, ավելի շատ ժամանակ են այնտեղ անցկացնում: Մյուս գործոնն այն է, որ տղաների թիվը կոնկրետ մեր համալսարանում զիջում է աղջիկների թվին, ինչը եւս տվյալ դեպքում ունի իր ազդեցությունը»:
Նշված իրավիճակն ունի նաեւ հոգեբանական ազդեցության կողմ: «Առավոտը» հոգեբանական գիտությունների թեկնածու, «Անանիա Շիրակացի» ճեմարանի հոգեբանական կենտրոնի ղեկավար Իրինա Խանամիրյանից փորձեց ճշտել հոգեբանական այն գործոնները, որոնց ազդեցության ներքո ունենք նշված իրավիճակը: Հոգեբանը նկատեց. «Այստեղ թերեւս իր լուրջ դերակատարությունն ունի գիտելիքի եւ գնահատականի արժեւորման խնդիրը: Տղաները չեն կենտրոնանում տվյալ պահին ավելի շատ գիտելիք ձեռք բերելու, ավելի բարձր ցուցանիշ գրանցելու վրա, այլ ավելի շատ մտածում են ապագայի մասին: Այնինչ, աղջիկներն ավելի մտահոգված են այսրոպեական խնդիրներով, քանի որ պարզ չէ, թե ապագայում նա ինչպիսի կարգավիճակ կունենա՝ կամուսնանա, երեխաներ կմեծացնի, ինչը, անշուշտ, խանգարելու է նրա կարիերայի կայացմանը: Ընտանիքի մայր լինելու հանգամանքը բազում սահմանափակումներ է դնում կնոջ առաջ, իսկ նմանատիպ խնդիր չունի տղամարդը: Տղաներին մեր հասարակության մեջ խանգարում է նաեւ այն, որ նրանց մեծամասնությունը մտածում է, թե բանակ է գնալու, երկու տարի անիմաստ կորցնի, վերադառնալուց հետո էլ չգիտի՝ իր մասնագիտությա՞մբ է աշխատելու, թե՞ ոչ, ուստի՝ էլ ինչին է պետք լավ սովորելը»: «Առավոտի» հարցին՝ արդյո՞ք արական սեռի հայ ներկայացուցիչները օգտվում են իրենց տրված առավելություններից, հոգեբանը պատասխանեց. «Մեր հասարակությունում լիովին ինչ-որ բանից օգտվել հնարավոր չէ, քանի որ կան բազում սահմանափակումներ: Օրինակ՝ շատերը մասնագիտություն ընտրում են ոչ այն պատճառով, որ ուզում են այդ մասնագետը դառնալ, այլ՝ որ ուզում են ստանալ դիպլոմ եւ մի տեղ աշխատանքի տեղավորվել: Շատ երիտասարդներ աշխատում են սպասարկման ոլորտում՝ ոչ իրենց մասնագիտությամբ: Լուծման ուղին թերեւս այն է, որ կրտսեր դպրոցից երեխաների մեջ պիտի ձեւավորվի գիտելիքի արժեւորումը, քանի որ մեր պոտենցիալը ինտելեկտն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել